Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ


Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, մասնավորապես ասված է. - «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ։ [...] Մեծ գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները միշտ աչքի են ընկել ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ և հարգանքով: Մենք բարձր ենք գնահատում այն զգալի աջակցությունը, որ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարաբնույթ բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը: Հիմնվելով տարիների արդյունավետ փոխգործակցության ավանդույթների և մեր հարաբերություններում առկա պատկառելի ներուժի վրա` Հայաստանը պատրաստակամ է անել հնարավորը հայ-ամերիկյան բարեկամության ու սերտ գործընկերության առավել խորացման ու զարգացման ուղղությամբ»:

Նախագահը կարևորել է ԱՄՆ-ի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

«Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին հետևած դիվանագիտական ակտիվությունը մեկ անգամ ևս ընդգծեց այն կարևորագույն դերը, որը Միացյալ Նահանգները խաղում է այդ գործընթացում: Ինչպես համանախագահ երկրները, մենք ևս խորապես համոզված ենք, որ 1994-1995 թվականների զինադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանումն ու բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերը ամուր հիմք կհանդիսանան բացառապես խաղաղ միջոցներով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման համար», - ասել է նախագահը՝ նշելով. - «Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները մյուս համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG