Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը դատապարտում է Ստամբուլի ահաբեկչությունը


Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը ահաբեկչական հարձակումից հետո, 28-ը հունիսի, 2016 թ․
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը ահաբեկչական հարձակումից հետո, 28-ը հունիսի, 2016 թ․

Վերլուծաբանների դիտարկմամբ, այս հարձակումը կապված է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ նկատվող վերջին միտումների, մասնավորապես՝ թուրք-իսրայելական և ռուս-թուրքական հաշտեցման հետ:

Երեկ ուշ երեկոյան Թուրքիայի ամենամեծ` Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններից հետո մի շարք նախարարների հետ դեպքի վայր ժամանած՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է` անվտանգության ուժերի հետաքննության նախնական տվյալները մատնանշում են, որ տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Վերջին տվյալների համաձայն, ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 41-ի, ևս 239 մարդ վիրավորվել է: Հարձակումից հետո աշխատանքները դադարեցրած Ստամբուլի օդանավակայանն այս պահին գործում է, սակայն, տասնյակ թռիչքներ հետաձգվել են:

Ստամբուլի ողբերգությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նշել է, թե այդ հարձակումը կարող էր պատահել աշխարհի ցանկացած քաղաքում, և մարդկությունը պետք է միասնաբար պայքարի ահաբեկչության դեմ: Միասնական պայքարի կոչեր են արել նաև ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և Ազգայնական կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին:

Միջազգային հանրությունը ևս դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը: Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Ադրբեջանի, Վրաստանի և մի շարք այլ երկրների առաջնորդներ, ինչպես նաև ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրախորհրդի ղեկավար ներկայացուցիչներն իրենց ցավակցությունն ու աջակցությունն են հայտնել Թուրքիային: ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակ Մարկ Թոները հայտարարել է, թե այդ դեպքի հետաքննության ընթացքում և ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ը կանգնած է լինելու ՆԱՏՕ-ում իր դաշնակից Թուրքիայի կողքին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ևս ցավակցություն է հայտնել: Ուշագրավ է, որ Ստամբուլի հարձակման նախօրեին ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը նախազգուշացրել էր իր քաղաքացիներին ահաբեկչության վտանգի մասին և զգոնության կոչ արել:

Այս տարվա ընթացքում սա արդեն չորրորդ ահաբեկչական գործողությունն է՝ իրականացված Ստամբուլում: Թուրքական «Միլիյեթ»-ը գրում է, որ Աթաթուրքի անվան օդանավակայանը երկու տարի է՝ ահաբեկիչների գլխավոր թիրախներից է: Վերլուծաբանների դիտարկմամբ, այս ահաբեկչությունը կապված է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ նկատվող վերջին միտումների, մասնավորապես՝ թուրք-իսրայելական և ռուս-թուրքական հաշտեցման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG