Մատչելիության հղումներ

Լավրովն ու Չավուշօղլուն կհանդիպեն Սոչիում


Վաղը Սոչիում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում կկայանա Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որի մասին երեկ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել էին երկու երկրների նախագահները:

Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը քննարկելու են տարածաշրջանային հարցեր, հիմնականում՝ սիրիական ճգնաժամը:

Լավրովը երեկ հայտարարել է․ - «Նախկինում մենք Սիրիայի հարցով սերտորեն համագործակցում էինք Թուրքիայի հետ: Հիմա, երբ Էրդողանը Պուտինից ներողություն է խնդրել, մենք պատրաստ ենք վերականգնել մեր համագործակցությունը Թուրքիայի հետ սիրիական ճգնաժամը հաղթահարելու հարցում: Հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիայից շատ բան է կախված»:

Մոսկվան Անկարայից կոնկրետ քայլեր է ակնկալում թուրք-սիրիական սահմանի հետ կապված:

Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ռուս-թուրքական հաշտեցման այս գործընթացում լուրջ դերակատարություն է ունեցել Նուրսուլթան Նազաբաևը: Ղազախստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու հարցում ունեցած ներդրման համար:

Երկուշաբթի օրը Պուտինի ուղղած նամակում Էրդողանը ափսոսանք էր հայտնել նոյեմբերին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և ներողություն էր խնդրել: Հիշեցնենք, թուրքական օդուժը թուրք-սիրիական սահմանին խոցել էր ռուսաստանյան ռազմական ինքնաթիռ, օդաչուն զոհվել էր:

Դրանից հետո երկու երկրների հարաբերություններում առաջացած ճգնաժամը ձգվում է արդեն յոթ ամիս:

Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո Պուտինը Ռուսաստանի կառավարության անդամներին հանձնարարել է սկսել աշխատանքները ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Նաև վերացվեց ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիա մեկնելու արգելքը:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր հայտարարել է, որ Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները հանվելու են փուլ առ փուլ, գործընթացի ժամանակ հաշվի են առնվելու ռուսաստանցի արտադրողների շահերը:

XS
SM
MD
LG