Մատչելիության հղումներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշեց 2.58 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Գալիք օգոստոսի 1-ից բնակիչները մեկ կՎտ/ժ-ի համար ցերեկը կվճարեն 46.2 դրամ, գիշերը՝ 36.2 դրամ:

Թեև սա առաջին դեպքն է, որ հանձնաժողովը որոշում կայացրեց էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վերաբերյալ, սակայն նախորդ տարվա համեմատ Հայաստանի քաղաքացիները, միևնույն է, թանկ են վճարելու․ անցած տարի հանձնաժողովը հոսանքի գինը բարձրացրել էր 6.93 դրամով, հետևաբար սպառողները նախորդ տարվա համեմատ 4․35 դրամով ավելի կվճարեն:

Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանի խոսքով, սակագնի նվազեցման համար հիմք է ծառայել այն, որ անցած մեկ տարվա ընթացքում ամբողջովին փոխհատուցվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կուտակած վնասը, գազն է էժանացել:

Փաստարկելով, թե ինչու հոսանքի սակագինը չեն իջեցնում առնվազն այնքան, որքան բարձրացրել էին անցած տարի՝ պաշտոնյան նշեց․ - «Ատոմակայանը անցած տարվա հաշվարկում 2.4 միլիարդ կիլովատտ/ժամ էր տալիս, հիմա տալիս ա 350 միլիոն կիլովատտ/ժամով ավելի ցածր, քանի որ կանգնելու է իրա տասը տարվա երկարաձգման աշխատանքներին այս սակագնային տարում․ երկու ամիս կկանգնի աշնանը, երկու ամիս էլ՝ գարնանը: Եվ այդ 350 միլիոնը պետք ա փոխարինվի այլ կայաններով, որոնք, չասեմ շատ ավելի, բայց իր [ատոմակայանի] տված էլեկտրաէներգիայի ինքնարժեքից ավելի բարձր են»:

Սակայն ատոմակայանի՝ պլանավորվածից ավելի երկարատև դադարը միակ պատճառը չէ, որ թույլ չի տալիս էլեկտրաէներգիայի սակագինը ավելի նվազեցնել: Պարզվել է, որ Հայաստան - Իրան և Հայաստան - Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը կառուցվում են քաղաքացիների հաշվին, թեև այդ գծերի շինարարության համար կառավարությունը վարկեր է վերցրել:

Բարձրավոլտ գծերի կառուցման ծախսը ներառված է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, ինչը, ըստ Բաղրամյանի, թույլ չի տվել ավելի իջեցնել հոսաքնի սակագինը․ - «Որովհետև Հայաստանի քաղաքացիները օգտվում են այդ ընկերության [«Հայաստանի էլեկտրական ցանցեր»] ծառայություններից, իսկ այդ ընկերությունը վարկը վերցրել է այդ ծառայությունները մատուցելու համար»:

Թե ինչպես է ստացվել, որ շահույթ ունեցող համակարգում խոշոր կառուցապատումների, վերանորոգումների ծախսերը հոգալու են քաղաքացիները՝ վճարելով թանկացած էլեկտրաէներգիայի դիմաց, հստակ չէ: Անգամ հաշվի առնելով հոսանքի գնի այսօրվա նվազեցումը՝ 2009 թվականից ի վեր էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը Հայաստանում աճել է 84.8 տոկոսով (25 դրամից դարձել է 46.2 դրամ), իսկ գիշերային սակագինը՝ 201.6 տոկոսով (12 դրամից՝ 36.2 դրամ):

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, իշխանությունները հոսանքի սակագինը պետք է իջեցնեին մոտ 10 դրամով․ - «Որովհետև այս ընթացքում ատոմակայանը շատ ավելի շատ է արտադրել, քան նախատեսված էր, ՀԷԿ-երը շատ ավելի շատ են արտադրել, քան նախատեսված էր, իսկ դրանք արտադրում են էժան էլեկտրաէներգիա: Իսկ ջերմաէլեկտրակայանները, որոնց արտադրանքը թանկ է, շատ ավելի քիչ են աշխատել, շատ ավելի քիչ հոսանք են մատակարարել սպառողներին: Դրանից բացի, նոր սեփականատիրոջը հաջողվել է նվազեցնել կորուստները»:

Ըստ Գևորգյանի, ակնհայտ է նաև, որ թանկ էլեկտրաէներգիան ձեռնտու է իշխանություններին, որովհետև այդ դեպքում ՀԷՑ-ը ավելի շատ հարկ է վճարում:

Ի դեպ, հստակ չէ՝ արդյոք ՀՀ կառավարությունն ու «Տաշիր» հիմնադրամը շարունակելո՞ւ են սուբսիդավորել հոսանքի ծախսը բնակչության համար: 2015 թվականի օգոստոսի 1-ից, հիշեցնենք, կառավարությունն ու հիմնադրամը հավասարության սկզբունքով փոխհատուցում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը ամսական մինչև 250 կՎտ/ժ սպառած ընտանիքների համար:

XS
SM
MD
LG