Մատչելիության հղումներ

«Ազատության» հետ զրույցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը պնդեց, թե էլեկտրաէներգիայի սակագինն առաջիկայում ոչ թե իջնելու, այլ բարձրանալու է:

«Բնակչության մի ստվար զանգվածի համար, որը․․․ 250 կիլովատտն էլ այն գումարը չի, որ․․․ հասարակության մեջ հաշվարկներ կա, որ 600 հազարից ավելի բնակիչ սպառում է նման քանակությամբ էլեկտրաէներգիա, և, բնականաբար, եթե օգոստոսի 1-ից սուբսիդիան վերացած, գումարում ենք, էս թվաբանության մեջ դա նվազեցում չի: Տոկոսային տարբերությունները երբ որ մենք դիտարկում ենք, բնականաբար դառնում է, որ ունենք մենք գնաճ», - պարզաբանեց նա:

Էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 7 դրամով բարձրացումից հետո անցած տարի Բաղրամյան պողոտայում սկիզբ առան բազմամարդ ցույցեր: «Էլեկտրիկ Երևան» անունը ստացած շարժման նպատակը թանկացումը չեղյալ հայտարարելն էր: 2015-ի սեպտեմբերին Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը ստանձնեց «Տաշիր Գրուպ»-ը և որոշեց հետագա 12 ամիսներին կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015-ի օգոստոսի 1-ից սակագնի բարձրացման տարբերությունը:

Հաջորդ շաբաթ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է քննարկել էլեկտրաէներգիայի սակագինը 2 դրամ 58 լումայով նվազեցնելու հարցը։ Սակայն տնտեսագետները համոզված են, որ մեկ կիլովատտի դիմաց 46 դրամ վճարելը կրկին թանկ է:

Վահագն Խաչատրյան․ - «Երբ որ նայում ենք էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորումը ինչպես է տեղի ունենում, այդ մեթոդիկան, որի մասին ես անընդհատ խոսում եմ, որևէ առնչություն չունի շուկայական տնտեսության հետ, և այդ մեթոդիկայի պայմաններում կարելի է սակագինը 50-60 դրամ էլ դարձնել՝ նայած թե ինչ եք ցանկանում անել: Եվ հակառակը․ այդ սակագնի հաշվարկման ժամանակ կարելի է 10-15 դրամ էլ իջեցնել, այդքան տեղ ունեն: Մարժան այսօրվա կազմում է 22-24 դրամ: Հիմա հաշվեք, դառնալու է 48 և 46, կրկնակի համարյա ինքը էդ հնարավորությունն ունի»:

«Փնթի տնտեսվարման հետևանքով առաջացած 24 մլրդ պարտքը բոլորս միասին փակեցինք», - ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ ընդգծելով, թե խնդիրը, սակայն, միայն բարձր սակագինը չէ. - «Էներգետիկական շուկան մեզանում, կարելի է ասել, հնացած մեթոդներով է կարգավորվում, հարկադրական պուլի [ընդհանուր շահույթի համամասնական բաշխումը] այս սկզբունքը, որ դրված է, նույնիսկ մեր ԱՊՀ-ի գործընկերները, եվրասիական գործընկերները վաղուց հրաժարվել են այս մոդելից»:

Ինչպե՞ս կանդրադառնա էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը սովորական սպառողի վրա։ Վահագն Խաչատրյանը հաշվարկել է՝ միջին սպառում ունեցող ընտանիքը խնայելու է ամսական 680-700 դրամ․ - «Մոտ 8 միլիարդ դրամի տնտեսում: Ամբողջ տնտեսության մասշտաբով 48 դրամի սահմաններում, երբ որ իջնում է 46: Ես սակագնային հաշվարկներ չեմ կատարել: Ընդամենը էֆեկտը դա է լինելու»:

Նա չբացառեց, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում՝ իջեցման նպատակով, կարող է լինել նաև դեկտեմբերին։ Պատճառն, ըստ նրա, գալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն։

XS
SM
MD
LG