Մատչելիության հղումներ

logo-print

Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Գերմանիա - Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով ցույցը Բունդեսթագի շենքի դիմաց, Բեռլին, 2-ը հունիսի, 2016թ․

Գերմանիա - Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով ցույցը Բունդեսթագի շենքի դիմաց, Բեռլին, 2-ը հունիսի, 2016թ․

Գերմանիայի խորհրդարանի ընդունած բանաձևը վերնագրված է՝ «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին»:

Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ, արձանագրվեց մեկ դեմ և ձեռնպահ քվե:

Իշխող կոալիցիայի մաս կազմող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեա-սոցիալական միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունների ներկայացրած համատեղ բանաձևը վերնագրված է՝ «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին»:

Բանաձևի քննարկումների ընթացքում Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա էին կազմակերպել Բունդեսթագի շենքի՝ Ռայխսթագի առաջ և ծափողջյուններով, երգով ու պարով ընդունեցին բանաձևի ընդունման մասին լուրը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բանաձևի ընդունումից րոպեներ անց հանդես եկավ հայտարարությամբ՝ ողջունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի քայլը:

Քվեարկության նախօրեին պաշտոնական Անկարան ամենաբարձր՝ նախագահի ու վարչապետի մակարդակով նախազգուշացրել էր, որ փաստաթուղթի ընդունման դեպքում Թուրքիան կվերանայի Գերմանիայի հետ քաղաքական, ռազմական ու տնտեսական կապերը:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG