Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ եթե Անգլիայի և Ռուսաստանի երկրպագուների միջև նորից բախումներ լինեն, կպատժվեն երկու երկրների հավաքականները։

Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, երեկ հայտարարել է, որ եթե ռուսաստանցի և անգլիացի երկրպագուները շարունակեն իրենց անկարգությունները Եվրո-2016-ի շրջանակներում, չի բացառվում, որ Անգլիայի և Ռուսաստանի հավաքականները պարզապես դուրս մնան մրցաշարից։

Երեկ ավելի վաղ ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել ռուսաստանցի երկրպագուների դեմ՝ մասսայական անկարգություններ կազմակերպելու և ռասիզմի դրսևորումների համար։

Թեև անգլիացի երկրպագուների դեմ գործ չի բացվել, սակայն ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ եթե երկրպագուների միջև նորից բախումներ լինեն, կպատժվեն և՛ Ռուսաստանի, և՛ Անգլիայի հավաքականները։

Հիշեցնենք, հունիսի 11-ին Մարսելում Անգլիա-Ռուսաստան խաղից առաջ բախումների ժամանակ տուժել է շուրջ 30 մարդ։ Անգլիացի մի 50-ամյա երկրպագուի վիճակը բժիշկները գնահատում են չափազանց ծանր։

Խաղն ավարտվել էր ոչ ոքի՝ 1-1 հաշվով, սակայն Մոսկվայում ոչ-ոքին ներկայացնում են որպես մեծ հաղթանակ, քանի որ մասնագետները Ռուսաստանի թիմը թույլ են համարում։

Խաղից հետո ռուսաստանցի երկրպագուներն անցել էին անգլիացի երկրպագուների հատվածը և նոր անկարգություններ կազմակերպել։

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել էր, որ անկարգությունների հիմնական պատճառը անվտանգության համակարգի թերացումն էր մարզադաշտում. ռուսաստանցի երկրպագուները կարողացել են մարզադաշտ մտցնել ազդանշանային ատրճանակներ, որոնցով և կրակել են անգլիացի երկրպագուների ուղղությամբ։

XS
SM
MD
LG