Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԺ խոսնակը լիահույս է, որ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը իր ազդեցությունը կունենա նաև Ղարաբաղի համար:

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձի ընդունումը Գերմանիայի՝ ժողովրդավարական արժեհամակարգին հավատարիմ լինելու հանգամանքն է միայն ընդգծում, հինգշաբթի օրը «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը գալիս է ամբողջացնելու այն շարքը, որ եվրոպական առաջատար երկրները իրենց դիրքորոշումն են արտահայտում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում», - ընդգծեց նա:

«Տարօրինակ կլիներ, որ սեփական սխալները ընդունող պետությունը ուրիշ երկրների մեղքերի վրա աչք պետք է փակեր։ Այսպիսին էր իրողությունը բանաձևն ընդունելուց առաջ, և ես ուզում եմ միանշանակ ողջունել, որ մենք այսօր ունենք այդ հաջողությունը, սա պատմական արդարության հաղթանակ է», - ասաց Ղուլյանը։

Դատապարտելով Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը, ըստ Ղարաբաղի խորհրդարանի նախագահի, Գերմանիան և Գերմանիայի նման մյուս պետությունները շատ կարևոր արձանագրում են անում այսօրվա միջազգային հարաբերություններում։ «Անկախ նրանից՝ ո՞ւմ մոտ է դա մտահղացվում, ո՞վ է դա իրագործում, անկախ նրանից, թե ինչքան ժամանակ կարող է անցնել դրանից հետո, բոլոր այդ կարգի հանցագործությունները դատապարտելի են», - ընդգծեց Աշոտ Ղուլյանը։

Հաշվի առնելով փաստը, որ Գերմանիան նախագահում է ԵԱՀԿ-ում և որպես պետություն մեծ դերակատարություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը լիահույս է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը իր ազդեցությունը կունենա նաև Ղարաբաղի համար:

«Չեմ կարող հստակ ասել, թե այս բանաձևի ընդունումը ինչ հետևանք կարող է ունենալ Ղարաբաղի համար, բայց կարծում եմ՝ ճիշտ են նաև այն մեկնաբանությունները, որ գուցե թե այդպիսի պատմական իրադարձությունները ճիշտ չգնահատելու, դրանից անհրաժեշտ եզրակացություններ չանելու իրողության հետ է կապված, որ Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին նոր ագրեսիա ձեռնարկվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ», - նշեց Աշոտ Ղուլյանը՝ հավելելով․ - «Պետք է հուսալ, որ որպես ԵԱՀԿ-ը գլխավորող երկրի՝ Գերմանիայի կողմից այսօր Բունդեսթագում ընդունված բանաձևը անհետևանք չի կարող լինել»:

XS
SM
MD
LG