Մատչելիության հղումներ

Շարմազանով. Միջնորդների հայտարարությունը համահունչ է նախագահի թեզիսներին


Էդուարդ Շարմազանով, արխիվ

Էդուարդ Շարմազանով, արխիվ

ՀՀԿ խոսնակն անդրադարձել է նաև վարչապետի և ՀԱԿ-ի երեկվա հայտարարություններին։

Հայաստանի նախագահի պաշտոնական դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վերաբերյալ, ինչպես հինգշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։

«Նախագահի աշխատակազմը դրա մասին հանրությանը տեղյակ կպահի։ Բայց ես շատ հստակ ասեցի մեր դիրքորոշումը՝ համանախագահների հայտարարության բառապաշարը, այնտեղ առկա գաղափարները հիմնականում համահունչ են հանրապետության նախագահի ապրիլյան թեզիսներին։ Նախագահը, հիշում եք, որ տվեց հստակ առաջարկներ, որ պետք է իրականացվի վստահության մեխանիզմների ամրապնդում, պետք է զինադադարի պահպանում լինի, և մենք տեսանք, որ այդ գաղափարները զետեղված էին Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ», - ասաց Շարմազանովը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հիշեցնենք, երեկ հայտարարել են, որ «վերջին բռնությունների ֆոնին ու շփման գծում լարվածությունը անհապաղ նվազեցնելու անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»: «Մեր արտաքին գործերի նախարարները պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը հաջորդ շաբաթ Վիեննայում: Նրանց հիմնական նպատակը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնություն ձեռք բերել վստահության կառուցման գործում, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա համապարփակ կարգավորման բանակցությունների վերսկսման համար», - շեշտել են միջնորդները:

Շարմազանովը անդրադարձավ նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը։ Կառավարության երեկվա նիստի մեկնարկին, հիշեցնենք, վարչապետն ասաց, որ պետք է ձևավորել առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ, պատկան գերատեսչություններին հանձնարարեց վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, կարևորեց նաև կոռուպցիայի դեմ պայքարը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) էլ հայտարարեց, որ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններն «արժեք չունեն»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենք «սպասում են կոնկրետ քայլերի»:

Հանրապետականի խոսնակը, արձագանքելով ՀԱԿ-ի հայտարարություններին, ասաց. - «Մենք պետք է պայքարենք կոռուպցիայի ախտի դեմ, հովանավորչության դեմ և բոլոր այն վատ երևույթների դեմ, որոնք որ կխոչընդոտեն Հայաստանի զարգացմանը՝ թե՛ ժողովրդավարության առումով, թե՛ մարդու իրավունքների պաշտպանության, թե՛ առհասարակ արդարության, այսպես ասած, զարգացման»։

Շարմազանովը վստահեցրեց, որ իրենք տեսնում են իրենց թերությունները։ «Մենք տեսնում ենք մեր թերությունները։ Նկատել ենք և աստիճանաբար լուծել ենք, բավարար է, թե բավարար չէ՝ դա այլ հարց է, ստացվել ենք, թե չենք ստացվել, հաջողել ենք, թե չենք հաջողել՝ դա ուրիշ հարց է, իսկ բոլոր գնահատականները մի տարի հետո կտա ժողովուրդը։ Եթե կգտնի, որ հաջողել ենք, ձայն կտա, եթե կգտնի, որ չենք հաջողել, ձայն կտա նրան, ում որ կհամարի, որ հաջողել է», - ասաց ՀՀԿ խոսնակը։

XS
SM
MD
LG