Մատչելիության հղումներ

Գյուղապետն ասում է, որ շփման գծում քառօրյա գործողությունները ցույց տվեցին Նազարբաևի ով լինելը, իրենք էլ որոշել են, որ նա այլևս գյուղում «անելիք չունի»:

Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հակամարտության սրումից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դիրքորոշումից վրդովված հառիճեցիներն արդեն մի քանի օր է գյուղի գլխավոր փողոցից հանել են Նազարբաևի անունը կրող ցուցանակը:

Որոշել են՝ տասը տարի Նազարբաևի անունը կրող փողոցը վերանվանելու են, համայնքի ավագանին առաջիկա օրերին այդ մասին որոշում կընդունի:

Գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը ասում է՝ շփման գծում քառօրյա գործողությունները ցույց տվեցին Նազարբաևի ով լինելը, իրենք էլ որոշեցին, որ նա այլևս գյուղում «անելիք չունի»:

«Հառիճեցիների և մեր ավագանու որոշմամբ, Նազարբաև փողոցը Հառիճից հանեցինք, որովհետև ամբողջ հանրապետության մեջ միայն Հառիճում նրա անվան փողոց կար։ Նազարբաևը, ասում են մեր բարեկամ, բայց հայտարարում է՝ «հայ ազգը սպանում է մեր եղբայրներին»։ Ուրեմն՝ թուրքերն իրենց եղբա՞յրն են, իսկ հայերը պետք է լինեն իրենց թշնամի՞ն։ Դրա համար փողոցն այլևս գոյություն չունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նազարեթյանը։

Հիշեցնենք, Ղազախստանի առաջարկով ապրիլի 8-ին Երևանում նախատեսված ԵՏՄ վարչապետերի նիստը տեղափոխվեց Մոսկվա, օրերս էլ Նազարբաևը Թուրքիայում մասնակցում էր Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովին:

Իսլամական ազդեցիկ կազմակերպությունն իր ամփոփիչ փաստաթղթում ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների համար մեղադրեց Հայաստանին՝ դատապարտելով «հայկական զինված ուժերի շարունակական հարձակումները Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում», և իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին՝ պահանջելով «Հայաստանի զինված ուժերի անհապաղ, լիակատար և անվերապահ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից ու Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»։

Հառիճի համայնքային գրադարանում Ղազախստանի անկյուն կար, որը բացվել էր դեսպանատան աջակցությամբ, երկուշաբթի օրը այն, որպես բողոքի նշան, վերացվեց. Նազարբաևի մեծ նկարն առաջինը հանվեց պատից:

Նկարները, Ղազախստանի մշակույթի նմուշները, գրքերը՝ բոլորը արկղերում կտեղադրեն ու Ղազախստանի դեսպանատուն կուղարկեն, ասաց Ռոլանդ Նազարեթյանը: «Թող իրենց դեսպանատանը խփեն իրենց նկարը։ Կարելի է ասել, որպես բողոքի ցույց, որպես բողոք Ղազախստանին, թող այդ նկարն իրենց մնա», - ասաց գյուղապետը։

Հառիճի բնակիչները մշտապես դժգոհում էին, թե ինչու դեպի հայ հոգևոր կենտրոններից մեկը՝ Հառիճավանք տանող ճանապարհը պիտի կրի Նազարբաևի անունը, այժմ ասում են, որ վերջապես ուղղվեց սխալը:

«Վաղուց պետք է հանվեր այդ ցուցանակը, այն օրվանից, երբ որ Նազարբաևը հեռուստատեսությամբ ելույթ էր ունենում մեր օրհասական պահերին։ Տաճար տանող ճանապարհը միշտ էլ սուրբ պետք է լինի։ Կյանքը ցույց տվեց, որ պետք չէ, որ մենք եղբայր ձևանանք», - ասաց գյուղացիներից մեկը։

XS
SM
MD
LG