Մատչելիության հղումներ

logo-print

Չավուշօղլուն առաջարկել է ԻՀԿ-ի շրջանակներում ձևավորել «ԼՂ հարցով կոնտակտային խումբ»


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ:

Մևլյութ Չավուշօղլուի առաջարկին իր աջակցությունն է հայտնել նրա ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Ստամբուլում մեկնարկած «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների 13-րդ գագաթաժողովի նախապատրաստական նիստի ժամանակ օրակարգային մի շարք հարցերի թվում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

Թուրքական «Հաբերլեր»-ի հաղորդմամբ, Չավուշօղլուն ընդգծել է․ - «Քանի դեռ Ղարաբաղը մնում է հայկական օկուպացիայի տակ, բախումների ռիսկը շարունակելու է»:

Թուրք նախարարը նշել է, որ խնդիրը պետք է անհապաղ լուծում ստանա ՄԱԿ-ի ընդունած համապատասխան որոշումների և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

«Խնդրի լուծման հարցում անհրաժեշտ է, որպեսզի ԻՀԿ-ն նախաձեռնողականություն ցուցաբերի: Այս առումով շատ կարևոր քայլ կլինի Լեռնային Ղարաբաղի հարցով կոնտակտային խմբի ձևավորումը», - հայտարարել է Չավուշօղլուն` խմբին միանալ ցանկացողներին առաջարկելով մասնակցության հայտ ներկայացնել:

Մևլյութ Չավուշօղլուի առաջարկին իր աջակցությունն է հայտնել նրա ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մամեդյարովը գագաթաժողովի նախապատրաստական նիստին հայտարարել է, թե «հայկական կողմը շարունակում է խախտել զինադադարի ռեժիմը` այդպիսով ուշադրություն շեղելով խնդրի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ հարցերից»: Նա միջազգային հանրության կոչ է արել «Հայաստանից պահանջել դադարեցնել ադրբեջանական հողերի անօրինական օկուպացիան, դուրս բերել զորքերը գրավյալ տարածքներից և կառուցողական մոտեցում ցուցաբերել կարգավորման գործընթացում` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների և միջազգային իրավունքի սկզբունքների»:

Նշենք, որ Ադրբեջանը «Իսլամական համագործակցություն» կազմակերպության ամբիոնը մշտապես օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հարցում իր պահանջների բարձրաձայնելու համար:

XS
SM
MD
LG