Մատչելիության հղումներ

Փոխարտգործնախարար․ Հույսը դնում ենք ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ մեզ վրա


Շավարշ Քոչարյան, արխիվ

Շավարշ Քոչարյան, արխիվ

Շավարշ Քոչարյանն, այդուհանդերձ, հավելում է՝ պետք է ձգտենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունները կատարեն պայմանագրային պարտավորությունները:

Պաշտպանության գործում Հայաստանը հույսն իր վրա է դնում, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Պարզ ասում եմ դա․․․, ասել եմ ու նորից եմ ասում: Կործանված է, ապագա չունի այն ժողովուրդը, այն երկիրը, որն իր անվտանգության հարցերում հույսը դնում է այլ ուժի վրա, ինչքան էլ իրեն բարեկամ լինի»,- ասաց փոխարտգործնախարարը:

Հարցին՝ ուրեմն անիմա՞ստ է ՀԱՊԿ-ին անդամակցելը, Քոչարյանն արձագանքեց․ - «Կառույցի շրջանակներում կատարվում են քայլեր, դրանք կապված են և՛ հակաօդային պաշտպանության հետ․․․, նաև ռազմատնտեսական որոշակի փոխհարաբերությունների հետ, որոնք շահեկան են Հայաստանի համար: Այսինքն՝ դա ոչ միայն այն իրավիճակն է, երբ ՀԱՊԿ-ը պետք է անմիջականորեն ներգրավվի․․․ բայց, մյուս կողմից, իհարկե՝ մենք դա չենք բացառում: Ավելին՝ մենք պետք է ձգտենք, որ հարկ եղած դեպքում, այնուամենայնիվ, պայմանագրային պարտավորությունները ՀԱՊԿ անդամ պետությունները կատարեն: Բայց, նորից եմ կրկնում՝ մեր հույսը դրա վրա չէ»:

Միակ հրապարակային աջակցությունը, որ նախորդ օրերի ռազմական գործողությունների ընթացքում ստացավ շուրջ քառորդ դար Ռուսաստանի նախաձեռնած ռազմական այդ դաշինքում ներգրավված Հայաստանը, արտահայտվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մամուլի խոսնակի մակարդակով: Վերջինս ապրիլի 2-ին, ռուսաստանյան Интерфакс լրատվական գործակալության հետ զրույցում, ընդամենն ասաց՝ ադրբեջանական կողմի գործողությունները սրում են իրավիճակը:

Ինքը՝ Բորդյուժան ավելի վաղ պաշտպանել էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական սպառազինության վաճառքը՝ այն բնորոշելով որպես բիզնես:

Արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը բողոքի նոտա չի հղում Ռուսաստանին՝ Ադրբեջանին սպառազինություն վաճառելու կապակցությամբ՝ Շավարշ Քոչարյանն ասաց․ - «Նախագահի հրապարակային հայտարարությունը շատ ավելի բարձր արժեք ունի, քան նոտան: Այդ տեսակետից, եթե ձեզ հետաքրքրում է՝ մենք արտահայտե՞լ ենք մեր դիրքորոշումը, այո՛․․․ և ոչ միայն հիմա, այլև մինչ այդ»:

Օրերս Մոսկվայում ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստին մասնակցած Հովիկ Աբրահամյանին ուղեկցում էր նաև Շավարշ Քոչարյանը: Հիշեցնենք՝ Երևանում նախատեսված այդ նիստը Մոսկվայում անցկացնելու որոշում ընդունվեց այն բանից հետո, երբ Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին Հայաստանի դաշնակիցները որոշեցին չեղարկել երևանյան նիստը: Դրան հետևել էր Հայաստանի նախագահի և վարչապետի սուր քննադատությունը, որում նույնիսկ ակնարկվել էր Հայաստանի դաշնակից համարվող երկրների կողմից Ադրբեջանին սատարելու ձգտումը: Սակայն, անգամ այդ քննադատություններից հետո, Հովիկ Աբրահամյանը մասնակցեց մոսկովյան հանդիպմանը:

Փոխարտգործնախարարն այս առնչությամբ նշեց՝ Հայաստանը չի կարող ընդունել «պաշարված ամրոցի» կեցվածք: «Պետք է թույլ չտալ, որ մենք հայտնվենք այդ իրավիճակում, որովհետև դա հենց մեր թշնամու՝ Ադրբեջանի նպատակն է: Այնտեղ ԵՏՄ անդամ մեր դաշնակիցներին ինչ որ անհրաժեշտ է՝ ասվել է և դեռ ասվելու է»,- ասաց Քոչարյանն ու նաև հավելեց՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրն այժմ համաձայնեցման փուլում է, և այդ համաձայնեցումը շատ երկար չի տևի:

Նշենք, որ Շավարշ Քոչարյանի հետ լրագրողները զրուցեցին կառավարության այսօրվա նիստից հետո, որի ժամանակ գործադիրը հավանություն տվեց մի որոշման նախագծի, ըստ որի, պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է հստակեցնել Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության անվանացանկը և Ռուսաստանի համապատասխան մարմինների, այդ թվում՝ Рособоронэкспорт-ի հետ կնքել մատակարարման պայմանագրեր:

XS
SM
MD
LG