Մատչելիության հղումներ

Զաքարյան. «Իմ վրա որևէ մեկը ճնշում չի գործադրել գանգատը ՄԻԵԴ չներկայացնելու համար»


Արա Զաքարյան, արխիվ
Արա Զաքարյան, արխիվ

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը պարզաբանում է ներկայացրել գանգատը ՄԻԵԴ չուղարկելու պատճառների վերաբերյալ։

Փաստաբան Արա Զաքարյանն այսօր պարզաբանում է ներկայացրել ազատամարտիկների բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված ու վեց տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) չուղարկելու պատճառների վերաբերյալ։

Ավետիսյանի հարազատները, հիշեցնենք, ավելի վաղ պնդել էին, թե իշխանությունների ճնշման հետևանքով է, որ փաստաբան Արա Զաքարյանը Ավետիսյանի գործով չի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

​Զաքարյանն այսօր հայտարարում է, որ իր վրա որևէ մեկը որևէ ճնշում չի գործադրել։ «Իմ վրա որևէ մեկը որևէ ճնշում չի գործադրել Վոլոդյա Ավետիսյանի գործով ՄԻԵԴ գանգատ չներկայացնելու համար: Առնվազն այն մարդիկ, որ ճանաչում են ինձ և ծանոթ են իմ մասնագիտական գործունեությանը, կբացառեն այդ տարբերակի հավանականությունը», - ասում է փաստաբանը՝ պարզաբանելով, որ գանգատը ՄԻԵԴ չի ուղարկվել դրա համար սահմանված վեցամսյա ժամկետը բաց թողնելու հետևանքով:

«Այն պնդումները, որ ես դիտավորյալ չեմ ուղարկել և/կամ ժամանակ ձգձգելու նպատակով մոլորեցրել եմ Վոլոդյա Ավետիսյանին, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Իրականությունն այն է, որ այլ գործերով ծանրաբեռնված լինելու պատճառով գանգատը կազմելու աշխատանքի վերջնական փուլը պլանավորել եմ կատարել դրա համար սահմանված վեցամսյա ժամկետի վերջին հատվածում: Սակայն կյանքի ցուցմամբ անհետաձգելի միջամտություն պահանջող ընտանեկան հանգամանքի պատճառով այդ ժամանակահատվածում չկարողացա հաղթահարել իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը և դրանից առաջացած գերհոգնածությունը, ինչի հետևանքով ի վիճակի չեղա ժամանակին ավարտել գանգատը կազմելու գործը: Անշուշտ, այս պատճառը չի արդարացնում իմ կոպիտ բացթողումը, ինչի համար ցավում եմ, զղջում և պատրաստ եմ կրելու դրա բարոյական և մասնագիտական-կարգապահական հետևանքները», - ասում է Զաքարյանը:

Փաստաբանը հայտնում է, որ սեփական նախաձեռնությամբ սկսել է անհրաժեշտ փաստաթղթեր կազմել՝ Նախարարների կոմիտե դիմելու նպատակով, որպեսզի գոնե Ավետիսյանի իրավասությանը համապատասխան ստացվելիք խորհրդատվական եզրակացության ուժով հնարավոր լինի պաշտպանել Վոլոդյա Ավետիսյանի իրավունքներն ու շահերը, սակայն վերջինս հրաժարվել է իր ծառայություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG