Մատչելիության հղումներ

Խադիջան բանտում էլ շարունակում է իր պայքարը, ասում է լրագրողի մայրը


Էլմիրա Իսմայիլովա, արխիվ
Էլմիրա Իսմայիլովա, արխիվ

Ադրբեջանում 7.5 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Խադիջա Իսմայիլովան բանտում էլ շարունակում է իր գործը, բացի այդ՝ զբաղվում է թարգմանչությամբ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում պատմել է լրագրողի մայրը՝ Էլմիրա Իսմայիլովան:

Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորելով ադրբեջանի պայքարող կանանց՝ դստեր գլխավորությամբ, լրագրողի մայրը հայտարարել է, թե Խադիջան ճաղերի ետևում գտնվելով հանդերձ շարունակում է իր պայքարը և չի ընկճվում:

«Ես հպարտ եմ, որ իմ Խադիջան հենց այդպիսի մարդ է. բոլոր կանանց, մեր ժողովրդին մաղթում եմ անվախ պայքար ազատության համար, մեր երկրի զարգացման համար»,- ասել է Էլմիրա Իսմայիլովան:

«Ազատության» ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերին, իսկ 2015 թվականի սեպտեմբերին դատարանի կողմից մեղավոր ճանաչվելով մի շարք ֆինանսական հանցագործությունների մեջ՝ 7․5 տարվա ազատազրկման դատապարտվեց: Տարիներ շարունակ Ադրբեջանի իշխող ընտանիքի մութ գործարքները բացահայտած հետաքննող լրագրողը պնդում է, որ բանտ ուղարկելով՝ իշխանությունները փորձում են լռեցնել իրեն:

Հարցին, թե ի՞նչ կցանկանար փոխանցել Խադիջային, մայրը՝ Էլմիրա Իսմայիլովան պատասխանել է․ - «Խադիջան համարձակ է: Բանտում լինելով հանդերձ՝ նա շարունակում է իր գործը: Չի կոտրվում և չի ընկճվում: Բանտում գրքեր է թարգմանում, արդեն երկու գիրք է թարգմանել: Ես նրան առողջություն և տոկունություն եմ մաղթում, իսկ մնացյալը՝ ինքը գիտի և անում է»: Ապա բանտարկված լրագրողի մայրը հավելել է․ - «Չնայած ամեն անգամ ինքն է ինձ ասում՝ «մամա, ուժեղ եղիր», հանգստացնում է բոլորին և կոչ անում չվախենալ ու չդադարեցնել պայքարը»:

Կանանց տոնի առթիվ Խադիջային շնորհավորելու նպատակով, այսօր առավոտյան ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստների մի մեծ խումբ այցելել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում է լրագրողը: Ակտիվիստները ցանկանում էին ծաղիկներ և նվերներ հանձնել լրագրողին, սակայն բանտի ղեկավարությունը թույլ չի տվել: Ակտիվիստների և իրավապահների միջև մեկուկես ժամ տևած բանակցությունները արդյունք չեն տվել. բանտի ղեկավարությունը չի համաձայնել Իսմայիլովային փոխանցել նրա աջակիցների շնորհավորանքներն ու նվերները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG