Մատչելիության հղումներ

logo-print

Վաղը քննարկվելու է Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամ ազատման դիմումը


Վոլոդյա Ավետիսյան, արխիվ

Վոլոդյա Ավետիսյան, արխիվ

Նրա զինակիցները, սակայն, հանձնաժողովից որևէ ակնկալիք չունեն

Ազատամարտիկների սոցիալական իրավունքների համար պայքարող, մեկ տարի առաջ խարդախության մեղադրանքով 6.5 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամ ազատման դիմումը, ամենայն հավանականությամբ, վաղը քննարկման կդրվի համապատասխան հանձնաժողովում:

Այս մասին «Ազատությանը» հայտնեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության համակարգող Գագիկ Սարուխանյանը: Ավետիսյանը բանտից ընկերներին տեղեկացել է, որ անկախ հանձնաժողովի մի քանի անդամներ 8 օր առաջ այցելել են իրեն, հարցեր ուղղել և հայտնել, որ հոկտեմբերի 25-ին դատական նիստ է հրավիրվելու՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով:

«Հանձնաժողովի անդամներից տեղյակ չենք, գործառույթ ա, թող կատարեն: Մեզ համար ակնհայտ ա, որ էդ հանձնաժողովը բուտաֆորային մի մարմին ա, որտեղ կամ պետք ա փողը մուծես՝ ազատ արձակեն, կամ էլ՝ վերևից ազատելու հրահանգ լինի»,- ասաց Սարուխանյանը:

Երեք ամիս առաջ այդ նույն հանձնաժողովը առանց որևէ պատճառաբանության մերժել էր նույն պահանջով հայցը: Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանն էլ այն ժամանակ լրագրողներին հայտնել էր, որ չի հավատում հանձնաժողովի անկախությանը: Ավետիսյանի ընկերներն էլ այլևս հույսեր չեն կապում հանձնաժողովի հետ:

«Հույս կարելի ա ունենալ, երբ մարդը կարողանում ա տրամաբանի՝ սրանից հետո՝ սա, սրանից հետո՝ սա, իսկ եթե ոչ մի բանը ենթակա չի տրամաբանությանը, ի՞նչ հույսերի մասին ա խոսքը: Այսինքն՝ երբ մենք խոսում ենք էսօրվա դատական համակարգի փտածության մասին, մենք խոսում ենք միայն վիզուալ, երևացող մասի մասին՝ դատարան, քննչական մարմին, բայց մենք հաշվի չենք առնում, որ այդ փտած համակարգի ներսում նաև այս հանձնաժողովն է»,- շարունակեց Սարուխանյանը:

Նրա պնդմամբ, իր ընկերոջ նկատմամբ պետական բարձր մակարդակով հաշվեհարդար է իրականացվում: Ենթադրում է, որ այսօր իշխանությունները սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ֆոնին գուցե որոշակի քայլեր ձեռնարկեն, սակայն, ավելի քան վստահ է, որ Ավետիսյանին ազատ արձակելու հարցում դրական ազդեցություն կարող է ունենալ միայն Եվրադատարան դիմելը:

Վաղը Ավետիսյանի ընկերներն ու զինակիցները հավաքվելու են քրեակատարողական հիմնարկի մոտ: Անկախ հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը, Սարուխանյանը վստահեցնում է ՝ «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնությունը չի դադարեցնելու պայքարը «հանուն արդարության»:

«Մեր երկրում դեռ շատ Վոլոդյա Ավետիսյաններ կան, և նրանց էլ ա պետք պաշտպանել»:

XS
SM
MD
LG