Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանցի փորձագետ․ Մոսկվան ավելի ակտիվ կզբաղվի Հայաստանում ռազմաբազայով


Վլադիմիր Եվսեև, արխիվ

Վլադիմիր Եվսեև, արխիվ

Ռուսաստանը պետք է հնարավորինս չեզոքացնի Թուրքիայից եկող վտանգը, ընդգծում է Վլադիմիր Եվսեևը:

Ռուս-թուրքական լարվածությունը առնվազն երկու տարի կտևի, և դրա ֆոնին Մոսկվան ավելի ակտիվորեն կզբաղվի Հայաստանում ռազմական բազայով: «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի ռազմական հարցերով փորձագետ, ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը:

Անցած դեկտեմբերին, հիշեցնենք, Հայաստանում ռուսական ռազմաբազան համալրվեց տասնյակ նոր մարտական և տրանսպորտային ուղղաթիռներով, այս տարվա սկզբին էլ Ռուսաստանը հայտարարեց, որ 2016-ի երկրորդ կեսին ռազմակայանում ՄիԳ-29 արդիական կործանիչների նոր խմբաքանակ, ինչպես նաև ևս մեկ տրանսպորտային ուղղաթիռ է տեղակայելու:

«Ուղղաթիռներն առաջին քայլն է, կլինի և հակաօդային պաշտպանության նոր համակարգ, հուսով եմ՝ Ռուսաստանը Հայաստան կբերի նաև «Իսկանդեր»-ներ», - ասում է Եվսեևը:

Ամեն դեպքում, պարտականությունները Հայաստանի նկատմամբ կան, և Ռուսաստանը պետք է հնարավորինս չեզոքացնի Թուրքիայից եկող վտանգը, իսկ այդպիսի վտանգը բացառել պետք չէ: Ռազմական գործողությունների Թուրքիայի դեմ Ռուսաստանը չի գնա, համոզված է փորձագետը, սակայն նա չի բացառում, որ Անկարան դիմի նոր սադրանքների:

Ինչ վերաբերում է վերջին երկու ամիսներին հայաստանյան մամուլում ակտիվորեն քննարկվող այն թեմային, թե հնարավոր է, որ Ռուսաստանը վերանայի մոսկովյան պայմանագիրը (որի համաձայն, օրինակ, 1921 թվականին Արարատ լեռն անցել է Թուրքիային), նման բան, Եվսևի համոզմամբ, գրեթե բացառված է:

«Ռուսաստանը երբեք չի քանդի այն իրավա-պայմանագրային բազան, որ այսօր ունի Թուրքիայի հետ։ Ռուսաստանի համար այս համակարգի քանդումը խիստ անցանկալի է, քանի որ այսօր Ռուսաստանը, այսպես թե այնպես, ներքաշված է մի շարք հակամարտությունների մեջ։ Կարող եմ նույնիսկ ասել, որ Ռուսաստանը չի պատերազմի Թուրքիայի դեմ Թուրքիայի տարածքում, բայց կպատերազմի Թուրքիայի տարածքից դուրս։ Այս կտրվածքով, եթե օրինակ՝ թուրքական ռազմական օդանավերը հատեն հայկական սահմանը, Ռուսաստանը իրավունք ունի այդ օդանավերը խոցելու»,- շարունակեց փորձագետը։

Նա նաև քիչ հավանական է համարում, որ Ռուսաստանն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Նման օրինագիծ, հիշեցնենք, Պետդումա է ներկայացրել «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցությունը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ այստեղ, Եվսեևի խոսքով, իրավիճակն «ավելի բարդ է և անկանխատեսելի»: Փորձագետի տվյալներով՝ Անկարան ակտիվորեն օգնում է ադրբեջանցիներին, մասնավորապես՝ այսօր ադրբեջանական դիվերսիոն խմբերը պատրաստվում են հենց Թուրքիայում, և նոր դիվերսիաներ բացառել պետք չէ:

«Այսօր ականատես ենք, որ արդեն փորձում են թափանցել առաջին գիծ, իսկ դեկտեմբերի 9-ի գիշերը՝ 1994-ից ի վեր առաջին անգամ, ադրբեջանական կողմը տանկ է օգտագործել։ Այս պայմաններում Թուրքիան կարող է՛լ ավելի շատ զենք մատակարարել Ադրբեջանին, ավելի ակտիվ վերապատրաստել ադրբեջանցի զինվորականներին, կարող է նույնիսկ անմիջականորեն մասնակցել ռազմական գործողություններին, բայց՝ ոչ բացահայտ։

Եվ եթե Ղարաբաղում լուրջ հակամարտություն սկսվի, Ռուսաստանը, այսպես թե այնպես, ներքաշված է լինելու այդ պատերազմում։ Որովհետև՝ կա Ղարաբաղի սահմանը, կա հայ-ադրբեջանական սահման, Նախիջևան կա, և այնտեղ, որտեղ արդեն Հայաստանի տարածքն է սկսվում, Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել, այդ թվում՝ Հայաստանի օդային տարածքը»,- ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը:

XS
SM
MD
LG