Մատչելիության հղումներ

2016 թվականին կառավարության կազմը կկրճատվի. վարչապետ


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան

Հովիկ Աբրահամյանն ասում է՝ ներկայիս իրողությունները թույլ չեն տալիս բարձր տնտեսական աճ գրանցել։

2016 թվականին կառավարության կազմը կկրճատվի, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ չմանրամասնելով, սակայն, թե որ նախարարություններում և ինչ փոփոխություններ են սպասվում:

«Դա շարունակական պրոցես է, միշտ հնարավոր են փոփոխություններ։ 2016 թվականին նոր մոտեցումներ են լինելու, նոր պահանջներ և նաև ավելորդ ծախսերի կրճատումներ, մենք պետք է բոլոր ֆինանսական միջոցներն ուղղենք արդյունավետ ծախսեր, ծրագրեր իրականացնելուն։ Եվ մենք լինելու ենք հետևողական։ Մենք քայլեր ենք անելու, որպեսզի նաև կրճատենք [կառավարության կազմը], օպտիմիզացիայի գնանք»,- ասաց Աբրահամյանը՝ չպատասխանելով հարցին, թե արդյոք արդեն որոշել է՝ որ նախարարները այլևս չեն աշխատի։

Տնտեսական աճը նախատեսվածից քիչ կլինի

Աբրահամյանը պնդեց՝ տարին կփակենք 3 տոկոսին մոտ տնտեսական աճով, մինչդեռ այս տարվա պետբյուջեն նախատեսում է ապահովել 4.1 տոկոս տնտեսական աճ՝ գրեթե մեկ երրորդով ավելի:

«Մենք 3 տոկոսին մոտ աճ ունենալու ենք, նույնիսկ երևի մի քիչ էլ ավելի, դա կհաշվարկվի, կներկայացվի, բայց դա չի փոխելու մեր ժողովրդին բարեկեցիկ կյանքով ապահովելու խնդիրը, որովհետև 4 կամ 5 տոկոսը... մենք պիտի կարողանանք հասնել երկնիշ տնտեսական աճի, որը մեր ձգտումն է։ Բայց այսօրվա իրողությունները դա թույլ չեն տալիս, չկա էդ հնարավորությունը։ Եթե որևէ մեկը լիներ կառավարության ղեկավար կամ փոխվեին բոլոր նախարարները, ոչինչ չէր փոխվելու մեծ հաշվով»,- ասաց վարչապետը։

Բյուջեով նախատեսված 4.1 տոկոսի փոխարեն 3 տոկոսի տնտեսական աճի պատճառը, ըստ վարչապետի, տարածաշրջանային ու միջազգային տնտեսական զարգացումներն են: Մինչդեռ, օգոստոսին վարչապետն անհամեմատ լավատես էր:

«Հունվար-հունիս ամիսներին մեր տնտեսական աճը 4․5 տոկոս է, բոլոր ոլորտներում ունենք աճ։ Հիշո՞ւմ եք, մի քանի անգամ ասել ենք, որ երկրորդ կիսամյակում ավելի ակտիվ է լինելու մեր տնտեսությունը: Ես համոզված եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք՝ մեր թիմով, կառավարությունով, նախագահի գլխավորությամբ, որ մինչև տարվա վերջ այդ տնտեսական աճը մենք ապահովենք: Քանի որ 2015 թվականի բյուջեում դրված է 4․1 տոկոս տնտեսական աճ»,- ասել էր Աբրահամյանը:

Այնուամենայնիվ, նախատեսվածից ցածր տնտեսական աճը վարչապետը առաջինը նշեց որպես այս տարվա խոշոր նվաճում՝ ձեռքբերումների ցանկում դասելով նաև սահմանադրական հանրաքվեն, հաջող ինտեգրացիան Եվրասիական տնտեսական միությունում և բանակցությունների մեկնարկը Եվրամիության հետ:

«Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, ակնհայտ է, որ տարվա մեկնարկին իշխանությունների նախանշած տնտեսական ծրագրերը չիրականացան ու գլխավոր ցուցիչը իրականություն չդարձած 4.1 տոկոս տնտեսական աճն է, անգամ չօգնեց անդամակցությունը ԵՏՄ-ին:

«Ակնհայտորեն այն ակնկալիքները, որ կային ԵՏՄ անդամակցությունից, չիրականացան, Հայաստանը չգրավեց այն 170 միլիոնանոց շուկան, որի մասին մոտ երկու տարի խոսում էին մեր իշխանությունները, ընդհակառակը՝ Հայաստանից դեպի ԵՏՄ երկրները արտահանումը նվազեց մեկ երրորդով»,- ասաց տնտեսական մեկնաբանը։

XS
SM
MD
LG