Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգումը մտավ ուժի մեջ


«Ռուսաստանում եկել է գոտիները ձգելու ժամանակը», քաղաքական ծաղրանկար։
«Ռուսաստանում եկել է գոտիները ձգելու ժամանակը», քաղաքական ծաղրանկար։

Եվրոպական խորհուրդը պատժամիջոցները երկարաձգեց մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը։

Եվրոպական խորհուրդը, ինչպես ենթադրվում էր, ընդունեց որոշում Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու մասին։

Այն սպառվելու էր գալիք տարվա հունվարի 31-ին, սակայն երեկ Եվրոպական միության բարձրագույն քաղաքական մարմինը` Եվրոպական խորհուրդը, որոշել է պատժամիջոցների ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը։

Պատճառը Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված մինսկյան համաձայնության կատարման հարցում առաջընթացի բացակայությունն է։ Բրյուսելում ընդգծում են, որ պատժամիջոցների չեղարկումը հնարավոր է միայն մինսկյան համաձայնության ամբողջական իրագործման դեպքում։

«Խորհուրդը շարունակում է հետևել Մինսկի համաձայնության կատարման ընթացքին», - ասվում է Բրյուսելի տարածած փաստաթղթում։

Դեռ օրեր առաջ ռուսաստանցի վերլուծաբաններից ոմանք հույս էին հայտնում, թե գուցե Եվրամիությունը կթուլացնի պատժամիջոցները։ Սակայն անցած շաբաթվա ընթացքում մի անանուն դիվանագետ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության թղթակցին հայտնել է, որ պատժամիջոցների փաթեթը կմնա նույնը։

Եվրոպացիները կշարունակեն պատժամիջոցների ենթարկել, մասնավորապես, Ռուսաստանի էներգետիկայի և ֆինանսների ոլորտները։

Բրյուսելում հարցի քննարկումն առաջարկել է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Պատժամիջոցների երկարաձգում այսօրվանից ուժի մեջ է։

Եվրոպական միությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները սահմանել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու և Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականներին աջակցելու համար։ Նմանօրինակ պատժամիջոցներ են սահմանել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ։

Պատժամիջոցների են ենթարկվել նաև մի քանի տասնյակ քաղաքական, պետական, զինվորական, հասարակական գործիչներ, գործարարներ և արդյունաբերական ընկերությունների ղեկավարներ։

Ռուսաստանը, իր հերթին, պատասխան պատժամիջոցներ է սահմանել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Ավստրալիայի, Եվրամիության, ինչպես նաև այդ կառույցի անդամ չհանդիսացող Նորվեգիայի նկատմամբ։ Ռուսական կողմը, մասնավորապես, արգելել է պարենի ներմուծումը նշված երկրներից։

Անցած կիրակի օրը «Ռոսիա» հեռուստակայանով հեռարձակված «Աշխարհակարգ» վավերագրական ֆիլմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե «Ռուսաստանը մտադիր չէ խռովել արևմտյան պատժամիջոցների պատճառով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG