Մատչելիության հղումներ

Ռոմիկ Դանիալ․ «Նախագահի և որոշ անդամների գերագույն նպատակն էր՝ խանգարել դիտորդի աշխատանքը»


Ռոմիկ Դանիալ
Ռոմիկ Դանիալ

Չորս տարի առաջ Հայաստան տեղափոխված իրանահայ Ռոմիկ Դանիալը մեկն է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներից, ում աշխատանքը խոչընդոտել են հանրաքվեի օրը, բռնություն գործադրել, անգամ տեսախցիկը ուժով ձեռքից խլել ու փորձել հեռացնել ընտրատեղամասից։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվել է. 31-ամյա երիտասարդը տուժող է ճանաչվել։ Այսօր կրկին հարցաքննության են կանչել, սակայն դեռ մեղավորների մասին լուր չունի։ Դժվարանում է կռահել՝ իրավապահ մարմիններն ինչ որոշում կընդունեն դեկտեմբերի 6-ին Երևանի թիվ 4/1 ընտրատեղամասում կատարվածի վերաբերյալ։ Ինքը քվեարկությունից հետո վերլուծել է այդ օրվա անցուդարձը, համադրել իր ու գործընկեր դիտորդների հրապարակումներն ու եզրակացրել. բոլոր ընտրատեղամասերում դիտորդների աշխատանքը խոչընդոտելու միտում է եղել միևնույն ձեռագրով։

«Առաջին վայրկյանից, որ մտել եմ ընտրատեղամաս, նախագահը ինձ չէր ճանաչում, առաջին անգամն է ինձ տեսնում, բայց հենց սկզբից, որ ներս էր գալիս՝ բարևի փոխարեն փորձում է խոսքերով, ինչ-որ հեգնանքով անընդհատ հետ պահել, անընդհատ խանգարել իմ աշխատանքը։ Նախագահի և որոշ անդամների գերագույն նպատակն էր՝ խանգարել դիտորդի աշխատանքը», - պատմում է նա:

Սահմանափակումների ու արգելքների երկրից եկած երիտասարդը, սակայն, անակնկալի չի եկել։ Ասում է՝ ավելի վատին էր պատրաստ․ - «Սա ինձ համար ավելի թեթև իրավիճակ էր, բայց իրոք ճնշվում է այդ դիտորդը, անձնավորությունը, որ 12 ժամ այդ ճնշման տակ է։ Կոնկրետ նախագահի մոտ ահավոր զայրույթ կար, ոնց որ ինքը անընդհատ ինչ-որ բան էր փնտրում, ոնց որ ժամանակն անցնում է, ու ինքը ոնց որ դեռ չի հասցրել ոչինչ անել»:

Չնայած խլված տեսախցիկը մի քանի ժամ անց են միայն հետ վերադարձրել՝ առանց հիշողության քարտի, բայց կարողացել է վերահսկել քվեարկության ընթացքն ու համոզված է՝ դրա հաշվին են կանխվել հնարավոր խախտումները։ Արդյունքում՝ տեղամասում «ոչ»-ը մոտ 200 ձայնի առավելություն է ունեցել «այո»-ի նկատմամբ։

«Սկզբում ինձ անընդհատ ճնշում էին, որ՝ դու «ոչ»-ի կողմից ես և իրենց շահերն ես պաշտպանում, բայց ես միշտ ասել եմ, որ ինձ համար «ոչ»-ն ու «այո»-ն կարևոր չեն։ Ինձ համար կարևորն այն էր, որ կեղծիքներ չլինեն, թեկուզև «այո»-ն հաղթեր», - ասում է նա:

Ռոմիկ Դանիալը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 1000 անդամներից մեկն էր, որ օգտվել էր ընտրատեղամասում լինելու և քվեարկությունը վերահսկելու իր իրավունքից։ Ասում է՝ դա նաև իր պարտականությունն է համարել՝ ցանկանալով փոխել իրավիճակը երկրում:

«Ճիշտ է՝ ակնկալիքից բարձր էր դիտորդների թիվը, բայց ինչո՞ւ շատ մարդիկ չէին գրանցվել։ Ես՝ որպես քաղաքացի, իրավունք եմ ունեցել դիտորդ լինելու՝ տեսնելու ինչ է կատարվում, և գնացել, իմ իրավունքից օգտվել եմ։ Եվ եթե ցանկացած քաղաքացի այդ քայլին գնար, մենք 800-ի, 900-ի փոխարեն կունենանք 7000, 9000 դիտորդ։ Այդ ժամանակ մենք կարող ենք բոլոր տեղամասերում դիտորդ ունենալ և ես համոզված եմ՝ այդ ժամանակ ավելի դժվար կլինի իշխանության գործը», - ասում է նա:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ կազմակերպությունները հանրաքվեից օրեր անց վերլուծում ու համեմատում են արդյունքները։ Նախաձեռնությունը հաղթանակել է, համոզված է «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։ Դիտորդների կողմից վերահսկված ու աչքից հեռու մնացած ընտրատեղամասերի միջև տարբերությունն ակնհայտ է․ - «Ես տարակույս չունեի, որ որակյալ և համապարփակ հսկողության արդյունքում կարելի է լրջորեն նվազեցնել խախտումների և կեղծիքների ծավալը։ Բազմաթիվ մարդիկ կան, ովքեր հոռետես են, ասում են՝ մեկ է իրենք իրենցն անելու են: Մեր թիմը այդ տեսակետին չի եղել և չէ։ Իսկ սա մեզ հուշում է, որ այս հաջողությունը հարկավոր է զարգացնել նաև հետագա ընտրություններին այն հաշվով, որ հուսանք՝ կունենանք բոլոր տեղամասերը հսկող համարձակ քաղաքացիներ»:

Բարսեղյանը շեշտում է. մոտ 1000 դիտորդներից շատերին թե՛ քվեարկությունից առաջ, և թե՛ հենց քվեարկության օրը կաշառք են առաջարկել, սպառնացել, ճնշում գործադրել ու հետ պահելու փորձեր արել․ - «Սպառնալիք, ահաբեկում․․․ հայհոյանքներ՝ ամենադաժան ձևով, որպեսզի հոգեբանորեն ազդեն՝ աղջիկը թողնի գնա»:

Նախաձեռնությունը քվեարկության օրն արձանագրել և հրապարակել է մոտ 900 խախտում։ Ընդ որում, ըստ Լևոն Բարսեղյանի, դրանց կեսը քրեական գործերի հարուցման համար բավարար հիմք են պարունակել։ Դեռևս հայտնի չէ՝ ինչ ընթացք կստանան դրանք։ Դատախազությունը հայտարարում է, որ ուսումնասիրել է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հրապարակումներն ու 432 դեպքում հանցագործության հատկանիշներ գտել, սակայն դեռևս միայն 41 դեպքով է քրեական գործ հարուցվել։

XS
SM
MD
LG