Մատչելիության հղումներ

Ակտիվիստները պնդում են, թե իշխանությունը փորձում է լռեցնել իրենց


Ակտիվիստ Հակոբ Նազարի, արխիվ:
Ակտիվիստ Հակոբ Նազարի, արխիվ:

Բողոքի ցույցերի ակտիվ մասնակիցներ Վարդգես Գասպարին և Հակոբ Նազարին կարող են վկայից դառնալ մեղադրյալ՝ քվեարկության օրը «հանձնաժողովների աշխատանքները խոչընդոտելու համար»։

Սահմանադրական հանրաքվեի օրը մայրաքաղաքի տարբեր տեղամասերում քվեարկությունը վերահսկած այս ակտիվիստների դեմ հանձնաժողովների նախագահները բողոքներ են ներկայացրել իրավապահներին։ Հարուցվել են քրեական գործեր։

Ակտիվիստները պնդում են՝ իշխանությունները փորձում են լռեցնել իրենց։ Գետնին պառկելը որպես բողոքի ակցիայի յուրօրինակ ձև ընտրած Վարդգես Գասպարին համոզված է, որ իշխանությունն ամեն ինչ կանի իրեն բանտ նետելու համար։

Գասպարին հիշեցրեց, որ սա չորրորդ քրեական գործն է, որով իշխանությունները փորձում են ճնշել իրեն. - «Փորձում են ինչ-որ տեղ ահաբեկել, ինչ-որ տեղ կանգնեցնել: Ես արդեն մեղադրյալի աթոռին հայտնվել եմ մի քանի անգամ: Հիմա չեմ ժխտում․ ես ոստիկանությանը մեղադրում եմ, որ իմ համաքաղաքացիներին սպանել են: Եվ իշխանության ներկայացուցիչները հիմա ինձ համար լրացուցիչ քրեական գործ են հարուցում դրա համար, որ ես հրաժարվեմ դրանից: Բայց ես դրանից չեմ հրաժարվում»:

Գասպարին դեկտեմբերի 6-ին միանգամից երկու տեղամասերում փորձել է կանխել ընտրախախտումները: Հանձնաժողովների նախագահները դիմել են ոստիկանության օգնությանը՝ ահազանգելով, թե դիտորդը խանգարում է իրենց՝ հայհոյում է, աղմկում է։ Գասպարին, մինչդեռ, հպարտանում է, որ իր վերահսկած տեղամասում «ոչ»-ն է հաղթել:

Հպարտանում է նաև 67-ամյա Հակոբ Նազարին: Նրա վերահսկած տեղամասում ևս գերակշռել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը մերժողների թիվը: Եվ նա նույնպես հայտնվել է հարուցված քրեական գործի կիզակետում:

Անցած օգոստոսին ոստիկանի կողմից ապտակ ստացած Նազարիի դիտորդական գործունեությունը հանրաքվեի օրը կիսատ է մնացել․ երեկոյան ժամը 7-ին նրան տեղափոխել են ոստիկանություն։

4/1 տեղամասային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Ազոյանը իրավապահներին հայտնել է, թե տարեց ակտիվիստն իրեն հարվածել է ու խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքը։ Հակոբ Նազարին, մինչդեռ, պնդում է, որ ոչ թե ինքն է հարվածել, այլ իրեն են հարվածել, ինքն ամեն ինչ արել է՝ կանխելու հանձնաժողովի նախագահի «ապօրինի գործողությունները»․ - «Մինչև խցիկը ուղեկցում էր և այնտեղ ասում էր ինչ գրի, ոնց գրի «այո»։ Երբ որ ես իրեն զգուշացրեցի, որ՝ դու իրավունք չունես մտնես խցիկի հետև, ինքը ինձ ասեց՝ դո՞ւ պտի ինձ օրենքներն ասես, դու ո՞րդից ես էկել, էս ժողովուրդը բոլորը ինձ ա ճանաչում»:

Նազարին ևս բողոք է ներկայացրել իրավապահներին՝ իր գործունեությունը խոչընդոտելու և իրեն հարվածելու առնչությամբ։ Նա պատմեց, որ երբ ինքն ու դիտորդներից մեկը փորձել են կանխել հերթական խախտումը, դրսից հայտնվել են հանձնաժողովի հետ կապ չունեցող անձինք, ծեծկռտուք սարքել, հարձակվել այդ պահին նկարահանումներ անող «Թրանսփարենսի ինթերնեշընլ» կազմակերպության դիտորդ Ռոմիկ Դանիելի վրա․ - «Ռոմիկին տապալեցին էս կանաչների մեջ և տասը հոգով խփում էին Ռոմիկին»:

4/1 ընտրատեղամասը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դպրոցներից մեկում։ Դպրոցի բուֆետի աշխատակից Սաթիկ Օսյանն, ով քվեարկության օրը տեղամասում է եղել, «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե տարեց ակտիվիստը ծեծկռտուք չի սարքել․ - «Իրան են խփել, ինքը միայն ճիշտն էր պահանջում: Որ ամեն ինչ նորմալ լինի, ոչ թե ինչ-որ կեղծումներ»:

Այս տեղամասում դիտորդություն իրականացրած Ռոմիկ Դանիելը պատմում է, որ տեղամաս ներխուժած անձինք, Հանրապետական կուսակցության վստահված անձի հետ միասին, այդ օրը գողացել են իր տեսախցիկը, մի քանի ժամից վերադարձրել են, սակայն հիշողության քարտն արդեն ջնջված էր։

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» սոսկ փոխանցեցին, որ ընթանում է նախաքննություն՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

XS
SM
MD
LG