Մատչելիության հղումներ

logo-print

Զինված հանցախումբը «օրեր անց գործելու էր». ԱԱԾ-ն քաղաքական ուժերի հետ կապ չի տեսնում


ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյան, 27-ը նոյեմբերի, 2015թ.

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյան, 27-ը նոյեմբերի, 2015թ.

Ըստ ԱԱԾ պաշտոնյայի, խումբը ծրագրում էր հանցագործություններ քաղաքացիների, պետական քաղաքական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի, ինչպես նաև մարմինների նկատմամբ, այդ թվում՝ սպանություններ։

Ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացնում է՝ հանցավոր խմբի բացահայտման և վնասազերծման գործողությունները որևէ կերպ կապված չեն քաղաքական զարգացումների հետ: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:

«Քաղաքական ուժերի հետ կապ մենք այս պահի դրությամբ չենք տեսնում»,- լրագրողներին հայտնեց նա։

Համբարձումյանի փոխանցմամբ՝ իրենց հաջողվել է բացահայտել և վնասազերծել հանցավոր խումբ, որը իր զինվածության մակարդակով, անդամների քանակով, կազմակերպվածությամբ, հանցագործների վտանգավորությամբ և դաժանությամբ նախադեպը չի ունեցել Հայաստանի տարածքում: Եղել է դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ ունեցել է իր դերն ու պարտականությունները: ԱԱԾ-ի տվյալներով՝ խումբը ծրագրել է սպանություններ կատարել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, գործողություններ պետք է իրականացվեին Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Երևանում:

Թե կոնկրետ ում սպանություններն էին ծրագրել, ԱԱԾ-ն դեռևս չի բացահայտում: Ամեն դեպքում Միքայել Համբարձումյանը ընդգծեց՝ խմբին վնասազերծել են հանցագործության կատարումից ընդամենը օրեր առաջ:

«Հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, պետական, քաղաքական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի, ինչպես նաև մարմինների նկատմամբ»,- ասաց ԱԱԾ-ի պաշտոնյան։

ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալը խմբի ծրագրած գործողությունների վտանգավորությունը ցույց տալու համար անգամ համեմատություն անցկացրեց Նաիրի Հունանյանի և նրա խմբի կողմից իրականացված ահաբեկչության հետ: Նաիրի Հունանյանի հանցախումբը, հիշեցնենք, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ներխուժեց խորհրդարանի նիստերի դահլիճ և գնդակահարեց ութ պետական գործիչների, այդ թվում Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին և վարչապետ Վազգեն Սարգսյանին:

«Ես հիմա զուգահեռ կարող եմ անցկացնել Նաիրի Հունանյանի և նրա հանցավոր խմբի կողմից կատարվածի հետ․ եթե մենք այն դեպքում գործ ունեինք թվով մի քանի անձանց հետ, ովքեր զինված էին մի քանի ինքնաձիգերով, ապա դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար այս դեպքում, եթե խմբին հաջողվեր իրականացնել իրենց մտադրությունը, այսինքն՝ գործադրվեին այդ զենքերը, պայթուցիկ նյութերը, նռնակները։ Պատկերացրեք՝ ինչ հաջողություն կլիներ, եթե Նաիրի Հունանյանի խմբին հանցագործությունը կատարելուց երեք օր առաջ, ինչը մեր դեպքում հիմա տեղի ունեցավ, կարողանայինք բացահայտել: Էն ժամանակ չարախոսներ կգտնվեին, որոնք կասեին, որ երիտասարդ տղաներ էին, ի՞նչ էր նրանց արածը, մի երկու զենք էին պահել»։

Ի դեպ, ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալը նշեց, որ հանցավոր խումբը տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսավորում է ստացել և այժմ իրենք փորձում են պարզել գումարների ծագման աղբյուրը:

«Գումարները տրվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն գումարների ստացման, ծագման աղբյուրը մենք դեռ պետք է պարզենք»,- ասաց Համբարձումյանը։

ԱԱԾ-ն նաև փորձում է պարզել մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե հանցավոր խումբը կարող է կապ ունենալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

«Գիտենք, որ Արթուր Վարդանյանը եղել է Սիրիայի տարածքում։ Այդ վարկածը քննության է առնվելու, համապատասխան աշխատանք կկատարենք այդ ուղղությամբ՝ պարզելու համար, թե նա կոնկրետ ինչ գործունեությամբ է զբաղվել դրսում՝ արտասահմանում, ինչ կապեր ունի, և արդյոք մեզ հայտնի այդ կազմակերպությունները կապ և առնչություն ունեն տվյալ դեպքի հետ, թե՝ ոչ»,- ասաց ԱԱԾ-ի ներկայացուցիչը։

Համբարձումյանը նաև նշեց, որ խմբավորումը ԱԱԾ-ի տեսադաշտում է հայտնվել ձևավորումից շատ կարճ ժամանակ անց։ «Արթուր Վարդանյանը Հայաստանից մեկնել է և բնակություն հաստատել Իսպանիայում և հետո վերադարձել Հայաստան։ Ապրիլից գտնվելով Հայաստանում՝ արդեն սկսվել է ձևավորման պրոցեսը, և այդ ժամանակից, մի քանի պրոցեսներից սկսած՝ խումբը հայտնվել է ԱԱԾ տեսադաշտում և վերցվել են հսկողության այդ մարդիկ»։ Ի դեպ, ըստ ԱԱԾ-ի, խումբն ամեն ինչ արել է, որպեսզի իրավապահ մարմինների տեսադաշտում չհայտնվի, այդ նպատակով անգամ խմբի անդամներին բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով իրականացվել են զրույցները։

Միքայել Համբարձումյանը տեղեկացրեց նաև, որ այսօրվա դրությամբ ձերբակալվել է 21 անձ, և այժմ դատարանը հերթով քննում է նրանց կալանավորելու միջնորդությունը։ Հանցագործության մանրամասների հետ կապված, ըստ Համբարձումյանի, արդեն իսկ կան մերկացնող ցուցմունքներ։

Պատասխանելով հարցին, թե արդյոք խմբի վնասազերծումից հետո ահաբեկչության վտանգ այսօ՞ր էլ կա, ԱԱԾ-ի պաշտոնյան ասաց, որ նոր վտանգի մասին տեղեկություն չունի, բայց բնական է, որ այս օրերին իրավապահ մարմինները ուժեղացված ծառայություն են իրականացնում։

«Ոչ մի երաշխիք չկա, որ կարող են լինել խմբում ընդգրկված այլ անձինք, որոնք մեր տեսադաշտում չեն, ազատության մեջ են համենայնդեպս։ Այդ ծառայությունը զուտ ուղղված է մեր քաղաքացիների անվտանգությունը առավել արդյունավետ ապահովելուն»,- ասաց Համբարձումյանը։

Հավելենք, որ այսօր ոստիկանության դիտորդական խումբն այցելել է Երևանի ձերբակալվածների պահման վայր և հանդիպել գործով ձերբակալված 18 անձանց հետ։ Նրանցից ոչ մեկը չի գանգատվել պահման պայմաններից։ Ձերբակալվածներից մեկը հայտնել է, որ սնունդ չի ընդունում և հացադուլ է հայտարարել։

XS
SM
MD
LG