Մատչելիության հղումներ

logo-print

ԱԱԾ-ն հայտնում է, որ վնասազերծված խումբը ծրագրել էր ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարել


Իրավապահները Նորք-Մարաշում օպերատիվ գործողությունների ժամանակ: Երևան, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Իրավապահները Նորք-Մարաշում օպերատիվ գործողությունների ժամանակ: Երևան, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում այսօր Երևանում վնասազերծված հանցավոր խմբի անդամների մասին։

Մասնավորապես, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱԱԾ-ին հայտնի է դարձել, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն։ Նա այդ խմբում հավաքագրել է հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։

«Վերոհիշյալ հանցավոր նպատակների իրագործման համար՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք և ռազմամթերք, որոնք պահել է Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոց, 78-րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը»,- ասված է հաղորդագրությունում։

Այսօր Ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք:

Մասնավորապես՝ Արթուր Վարդանյանի կողմից վարձակալած նշված սեփական տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են՝

6 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ,

4 հատ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով,

1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ,

1-ական ողորկափող և օդամղիչ հրացաններ,

Տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ,

2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են),

1 հատ պայթեցման սարք,

1 հատ հակատանկային բեկորային ական «ՄՈՒՎ 50»,

Մոտ 1200 գրամ «տրոտիլ» պայթուցիկ նյութ,

Մոտ 50 գրամ «պլաստիդ» պայթուցիկ նյութ,

11 հատ «Ֆ1» նռնակներ,

46 հատ «ՌԳ» նռնակներ,

3 հատ «ՌԳԴ-5» նռնակներ,

2 հատ հակատանկային նռնականետ,

20 հատ ինքնաձիգի պահունակներ,

Պայթուցիչներ, օպտիկական նշանացույցեր, հեռադիտակներ, դետոնատորներ, մեծ քանակության զինվորական համազգեստ և հանդերձանք։

Հայտնաբերվել են նաև Երևան քաղաքի և Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը, հայտնում է ԱԱԾ-ն։

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը) և 2-րդ մասերով (հանցավոր համագործակցությանը մասնակցելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, ինչը կատարվել են կազմակերպված խմբի կողմից)։ Կատարվում է նախաքննություն: Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG