Մատչելիության հղումներ

logo-print

Սամասթը «պատրաստ է» ցուցմունքներ տալ Դինքի սպանության կազմակերպիչների մասով


Թուրքիա - Օգյուն Սամասթը Ստամբուլի դատարանի շենքի մոտ՝ ոստիկանների ուղեկցությամբ, հուլիս, 2008թ․

Թուրքիա - Օգյուն Սամասթը Ստամբուլի դատարանի շենքի մոտ՝ ոստիկանների ուղեկցությամբ, հուլիս, 2008թ․

«Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի սպանության անմիջական հեղինակը` Օգյուն Սամասթը, պատրաստ է մեկ անգամ ևս դատարանում հանդես գալ ցուցմունքներով` այժմ արդեն ստամբուլահայ լրագրողի դեմ իրականացված մահափորձի կազմակերպիչների մասով: Իր այս մտադրության մասին Սամասթը գրել է նոյեմբերի 13-ին դատախազություն ուղարկված հատուկ նամակում:

22 տարվա ազատազրկման դատապարտված, 2011 թվականից Ստամբուլից մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Քանդիրա» բանտում պատիժը կրող Սամասթը նաև խնդրել է դատավարությանը մասնակցելու նպատակով իրեն տեղափոխել Ստամբուլի քրեակատարողական հիմնարկներից մեկը: Այս մասին տեղեկացնում է Hurriyet օրաթերթը` նշելով, որ Սամասթը ցանկանում է ծանր հանցագործությունները քննող Ստամբուլի 5-րդ դատարանի դատավորներին որոշակի տեղեկատվություն տրամադրել Դինքի սպանության գործի այն դրվագների վերաբերյալ, որոնք առնչվում են հանցագործության` «կազմակերպված հանցավոր խմբի» կողմից ծրագրված լինելուն:

Այն, որ Դինքի սպանությունը կազմակերպված խմբի կողմից մշակված և իրականացված գործողություն էր, դատավորներն առաջին անգամ նշեցին 2014-ի հոկտեմբերին` հատուկ ընդգծելով, որ այսուհետ կենտրոնանալու են քրեական գործի հատկապես այդ կողմի վրա: Հրանտ Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանների խումբը դատարանի` ավելի քան մեկ տարի առաջ հնչեցրած այդ հայտարարությունը միանշանակորեն դրական ընկալեց: Սա այն էր, ինչ Դինքի փաստաբանները պահանջում էին տարիներ ի վեր:

Այս զարգացումներից մի քանի ամիս անց` 2014-ի դեկտեմբերին, Սամասթին բանտից տեղափոխեցին Ստամբուլի քրեական դատարան, որտեղ նա հանդես եկավ մանրամասն ցուցմունքներով: Դրանց համաձայն՝ Ստամբուլի և իր հայրենի Տրապիզոնի ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներն իմացել են Դինքի դեմ ծրագրվող մահափորձի մասին, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկել այն կանխելու ուղղությամբ: Նաև Սամասթի ցուցմունքների հիման վրա էր, որ թուրքական ոստիկանության 25 նախկին աշխատակիցների անցած մեկ տարում պաշտոնական մեղադրանք առաջադրվեց:

Թե ում մասին և ինչ կպատմի Օգյուն Սամասթն այս անգամ՝ պարզ կդառնա առաջիկա շաբաթներին, երբ ի վերջո որոշում կայացվի` արդյոք նա տեղափոխվելու է Ստամբուլի դատարան ցուցմունք տալու նպատակով, թե ոչ:

XS
SM
MD
LG