Մատչելիության հղումներ

logo-print

Դինքին սպանողը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման


Օգյուն Սամաստը ոստիկանների ուղեկցությամբ, արխիվային լուսանկար

Օգյուն Սամաստը ոստիկանների ուղեկցությամբ, արխիվային լուսանկար

Ստամբուլի դատարանը երկուշաբթի օրը Հրանտ Դինքի սպանություն գործով 23 տարվա ազատազրկման է դատապարտել Օգյուն Սամաստին:

Դատարանը նրան 21.5 տարվա ազատազրկման դատապարտեց կանխամտածված սպանության եւ եւս 1 տարի 4 ամսվա ազատազրկման՝ ապօրինի զենք կրելու համար:

«Ակոս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր խմբագրատան դիմաց 2007 թվականի հունվարի 19-ին:

Դատական վերջին նիստում Սամաստը իրեն արդարացնելու կոչ է արել, եւ մեղադրել է մի շարք թերթերի եւ մեկնաբանների, ասելով, թե կարդալով նրանց հոդվածները` որոշել է սպանել Դինքին, այսինքն այդ թերթերի հրապարակումներն են իրեն դրդել կատարելու սպանությունը:

«Ուրիշ ի՞նչ կերպ ես կարող էի իմանալ Հրանտ Դինքի ու «Ակոս»-ի մասին, եթե նրանք չգրեին», - ասել է նա դատարանում:

Կյանքի օրոք Հրանտ Դինքը մշտապես թուրք ազգայնականների քննադատության թիրախում էր եւ քանիցս հետապնդվել էր Թուրքիայի դատական մարմինների կողմից` Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելու համար:

2007-ին նրա սպանությունը հարուցել էր Թուրքիայի առաջադեմ հանրության ցասումը, նրա հուղարկավորությանը մասնակցեց մոտ 100 հազար մարդ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «Ակոսի» խմբագիր Բագրատ Էստուկյանը անբավարար համարեց դատավճիռը. - «Օրենքները երբեք արդար չեն այս երկրի մեջ», - ասաց նա:

Էստուկյանի խոսքերով` Թուրքիայում հասարակ գողն ու ավազակը 7-8 տարվա ազատազրկման են դատապարտվում, իսկ այսպիսի ոճրագործություն կատարողը 22 տարվա ազատազրկման դատապարտվեց:

Էստուկյանը նշեց, որ դատարանի վճիռը անչափահասների համար բարձրագույն պատիժն էր: Նա հնարավոր համարեց, որ դատապարտյալը դիմի Վճռաբեկ դատարան ու նրա պատժաչափը իջեցվի:

2010 թվականին Օգյուն Սամաստի գործը տեղափոխվեց անչափահասների դատարան, քանի որ սպանությունը կատարելու պահին նա անչափահաս էր:

Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Յասին Հայալի ու Էրհան Թունջելի դատավարության հերթական նիստը տեղի է ունենալու այս ուրբաթ օրը:

Բագրատ Էստուկյանը հնարավոր համարեց, որ նրանց դատավարությունում եւս դատավճիռ ընդունվի:

«Ակոս»-ի խմբագիրը Հրանտ Դինքի սպանության գործը բացահայտված չի համարում` ասելով, թե «դատապարտվում են պարզ կատարողները»:

«Նրանց ետեւում կանգնած, բուն այս գործը ձեռնարկողները, մեր կարծիքով, շատ ավելի վերին մարմինների` բանակի կամ ոստիկանության պաշտոնյաները չհայտնաբերվեցին», - ասաց Էստուկյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG