Մատչելիության հղումներ

Խաղողի բերքահավաքի սկզբում հանուն իրենց ունեցվածքի ոտքի կանգնած աղավնաձորցիները բերքահավաքի վերջում հուսահատ են և պնդում են՝ հաջորդ տարի գյուղի 350 հեկտար այգիներն անմշակ կմնան։

«Արդեն էլ ի՞նչ, սաղիս էլ կոտրեցին, գցեցին, արդեն էլ ի՞նչ»։ «Տղաս արդեն իրիկունը զանգել ա, որ թողնում ա գնա»,- ասում էին գյուղացիները։

Աղավնաձորի 450 ընտանիքների մոտ 80 տոկոսը արենի տեսակի խաղող է մշակում։ Այս գարնանը կառավարության ներկայացուցիչները գյուղ են այցելել, խրախուսել ու հորդորել այգիներն անմշակ չթողնել՝ խոստանալով, որ իրացման խնդիր չեն ունենա։ Աղավնաձորցիներն էլ ոգևորվել, բարձր տոկոսներով վարկեր են վերցրել ու կրկնապատկել բերքի ցուցանիշները։

«Ասացին՝ արտադրեք, տեր ենք, բայց հիմա տեր կանգնի՞ն»։

«Մեզ վեր կալան, տարան «Արմենիա Վայն» ընկերություն, էդ գործարանի տերն է, թե ով էր, չեմ իմանում, ասաց, որ ամբողջ Հայաստանն էլ խաղող արտադրի, կսպառվի, մենք խնդիր չունենք, կմթերենք։ Բայց ի՞նչ եղավ»։

Աղավնաձորցի Հայկազ Ասատրյանը բերքի մի մասը առանց այն էլ ցածր գներով է իրացրել։ Այսօր, սակայն, գինեգործական ընկերությունները կա՛մ հրաժարվում են մթերել իր 10 տոննա կուտակված խաղողը, կա՛մ էլ մթերում են 100-120 դրամով՝ շուկայականից կրկնակի էժան։ Այլընտրանք չունեն. գործարաններից շատերն արդեն փակ են, անգամ ցածր գներով խաղող չեն ընդունում, չնայած աղավնաձորցիների բերքի մի մասը՝ մոտ 350 տոննա, դեռ այգիներում է՝ անձրևի տակ։

«Պայմանագրում նշված ա՝ շուկայականից բարձր։ Շուկայականն էլ 200 դրամ ա։ Գնանք հիմա գինու գործարան, իմ աներձագը խաղող ա տարել։ Խաղողի որակը տես ու ասա՝ էդ խաղողը ոնց ա եղել, որ սա 100 դրամ ա»։

«Մի օր 180 դրամով են մթերել, հաջորդ օրվանից՝ 100-120»։

Գյուղացիներն ասում էին, թե խաղողը հանձնելիս նույնիսկ չեն փորձում սակարկել։ Շատ դեպքերում համաձայն չեն որակի մասին գնահատականներին, բայց ձայն չեն հանում՝ բերքը գրեթե ինքնարժեքով իրացնելու արդեն վերջին հնարավորությունից չզրկվելու համար։ Տալիս են, թեև պայմանագրում որևէ նշում անգամ չկա վճարման ժամկետների մասին։

«Եթե անունը տալիս ես, ավելի վատա ըլնում։ Այսինքն՝ չես կարա ասես՝ գումարը ե՞րբ ա լինելու։ Ոչ մեկս էդ ռիսկը չունենք, որ էսօր հարցնի՝ գումարը ե՞րբ եք տալու»։

«Կարար վերաբերմունքը վատ լիներ, կարար ձգձգվեր, օրերով մնայինք ստեղ, բայց եթե 26 ավտո 24 ժամում թափում են, արդեն ժողովուրդը հարմարվել ա»։

Գետափի գինու գործարանի արտադրամասի պետ Անուշավան Մովսիսյանը հաստատեց, որ նախորդ տարիներին պայմանագրում նշել են՝ երբ են վճարելու, իսկ հիմա ժամկետ չեն ասում, քանի որ գումար չունեն։ Մառաններում դեռ 2012 թվականից կուտակված գինենյութ կա։ Չեն կարողանում իրացնել ու արտադրանքը գումարի վերածել։ Կառավարության խոստացած վարկերին են սպասում՝ գյուղացիների նկատմամբ պարտավորությունները կատարելու համար։

«Դե, կոնկրետ էս տարվա խաղողի համար պետությունը պետք է վարկ տրամադրեր սեփականատերերին, խաղող մթերող կազմակերպություններին՝ ժողովրդի փողերը տալու համար։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, համոզված եմ, որ էդ վարկը կտան ու շուտ կտան»,- ասում է Մովսիսյանը։

Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանն էլ գյուղում խաղողի այգիներ ունի։ Տարեկան մինչև 10 տոննա խաղող է ստանում, բայց իրացման գլխացավանքից ազատված է. տան պայմաններում գինի է պատրաստում։

«Մեծ բիզնես չեմ անում, պարզապես ես տարիներ շարունակ, ծնողներիցս մնացած շարունակում եմ էդ գինեգործությունը։ Մենք ունենք մեր բարեկամները, ծանոթները, գալիս են, իրանց գինին տանում-խմում են»,- ասում է Գալստյանը։

Հանրապետական գյուղապետը տեղյակ է համագյուղացիների խնդիրներին։ Ասում է, որ անցած տարվա 230 դրամի փոխարեն այս տարի խաղողը միջին հաշվով 130 դրամով իրացվեց։

«Արհեստականորեն բոլորս էլ խաղից դուրս վիճակում ենք հայտնվել։ Գործարաններն են թելադրում։ Մենք էլ լավագույն դեպքում հաջորդ տարի չենք մշակի այգիները էդ գնով»,- ասաց նա։

Հուսահատ գյուղացիներն այժմ մտահոգված են իրենց վերցրած վարկերի ճակատագրով։

«8000 դոլար վարկ ունեմ, նոր զանգեցին ВТБ-ից, որ բերեք, տվեք, մեզ չի հետաքրքրում»։

Աղավնաձորցիները լուր ունեն, թե հարևան Արենի և Ռինդ գյուղերում խաղողագործներն ավելի շահեկան վիճակում են եղել։ Նրանց բերքը բարձր գներով են մթերել։

«Ասում են՝ ընդեղ վարչապետը այգիներ ունի։ Հերիք ա, էլի՛, ժողովրդին արդեն սպանեցին, էլի՛։ Ես գիտեմ, որ էս խոսալուս համար տուժելու եմ, բայց սրանից էլ վա՞տ, հիմա էլ լռե՞նք»։

XS
SM
MD
LG