Մատչելիության հղումներ

Եթե առաջիկա 10 օրերին էլ խաղողը չմթերվի, աղավնաձորցիները կդիմեն «ծայրահեղ քայլերի»


Նրանք վարչապետին կոչ են անում՝ տեր կանգնել խոստմանը, թե առատ բերքը չի մնա դաշտում, իսկ գյուղնախարարին հիշեցնում էին «վարկ վերցնելու»՝ գյուղացիներին ուղղված երբեմնի հորդորը:

Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներն անցած գիշեր, որպես բողոքի նշան, մի քանի ժամ շարունակ փակ են պահել գյուղը մյուս համայնքների հետ կապող ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով լուծել խաղողի իրացման հարցը: Տոննաներով բերքը, գյուղացիների խոսքով, փտում է այգիներում, իսկ գործարանները հրաժարվում են այն մթերել:

«Ազատության» հետ զրույցում մարդիկ պատմեցին, որ ճանապարհը բացել են միայն ոստիկանների միջամտությունից հետո: Այսօր առավոտյան, սակայն, աղավնաձորցիները կրկին ցույցի են դուրս եկել, այս անգամ հավաքվելով գյուղապետարանի առջև:

«Մարզպետը եկավ, հանդիպեցինք, վարչապետը զանգեց մեր մարզպետին, ասեց՝ հանձնարարականը տված ա՝ վաղվանից մթերումը կսկսի, բայց էդ նույն խոսքը մեզ երեք անգամ, երեք օր ընդմիջումով, արդեն տվել էին, մենք խաբված ենք, էլ ու՞մ հավատանք»,- ասաց գյուղացիներից մեկը:

Երեք օր առաջ էլ նրանք փողոց էին փակել ու էլի՝ միայն խոստումներ լսել: Մինչդեռ, «հասունացած բերքը չի սպասում»,- ահազանգում էին հուսահատ գյուղացիները, որոնց համար խաղողագործոթյունը եկամտի միակ աղբյուրն է:

«Ամբողջ ժողովուրդը վարկերի տակ են, ճռռում են, հենց մեկը ես, 6000 դոլար վերցրել եմ, որ խաղողի այգի քցեմ, բայց հիմա բանկից զանգում են՝ ասում են գումարը բեր, չեմ կարողանում, չգիտեմ, թե ինչ ա լինու էս ժողովրդի վերջը», «բոլորը վարկի տակ տառապում են, իսկ իրենք ի՞նչ են անում՝ նստած իրենց համագումարն են անում, բայց մեզ համար չեն խոսում», «էդ ոնց ա՝ Հովիկ Աբրահամյանի խաղողին տեղ ունի, մերին տեղ չկա՞»,- բողոքում էին աղավնաձորցիները:

Գյուղացիները վարչապետին կոչ էին անում՝ տեր կանգնել իր խոստմանը, թե առատ բերքը չի մնա դաշտում: Հիշեցնում էին՝ գյուղնախարարն անձամբ էր իրենց հորդորում վարկ վերցնել և գյուղատնտեսություն զարգացնել:

Այսօր էլ խաղողագործներն անհամբեր սպասում էին «Վեդի Ալկո»- ի ներկայացուցչին: Ընկերությունից ժամանակին խոստացել են գյուղի շուրջ 2000 տոննա խաղողից գոնե մեկ քառորդը մթերել: Երբ գյուղապետ Աշոտ Գալստյանը փորձեց առանձնազրույցի հրավիրել «Վեդի Ալկո»-ի ներկայացուցիչ Կորյուն Ազատյանին՝ ցուցակ ներկայացնելու, թե ում խաղողն է մթերման ենթակա, գյուղացիներն ընդդիմացան, փակեցին դեպի գյուղապետարան տանող ճանապարհն ու պահանջեցին բաց քննարկում:

Ի վերջո, հենց հրապարակում «Վեդի Ալկո»-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ ընկերությունը 500 տոննա խաղող կմթերի՝ 180 դրամով, բայց պայմանով, որ բերքը համապաստախանի գործարանի պահանջներին: Այս խոստումները, սակայն, ամենևին չհանգստացրին գյուղացիներին: «Հիմա ով ծանոթ չունի, իր խաղողը չեն վերցնի»,- ասաց նրանցիցի մեկը:

Երեկ Աղավնաձորում է եղել նաև «Սպայկա» ընկերության ներկայացուցիչը: Նա հրաժարվել է մթերել խաղողը, պատճառաբանելով, թե այն գերհասունացած է: Գյուղացիները մտավախություն ունեն, որ «Վեդի Ալկոն» էլ մեկ ուրիշ պատճառ կգտնի՝ մերժելու մթերումը:

Աղավնաձորցիներն ասում են, որ եթե առաջիկա 10 օրում էլ խաղողը չմթերվի, պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի: «Բարձենք ավտոները, քշենք Երևան, տանենք [Հանրապետության] հրապարակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG