Մատչելիության հղումներ

Արտակ Բուդաղյանը դիմել է վերաքննիչ դատարան


Գնդապետ Արտակ Բուդաղյանը և նրա փաստաբանը Գորիսում, արխիվ

Գնդապետ Արտակ Բուդաղյանը և նրա փաստաբանը Գորիսում, արխիվ

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը, դատարանում քննիչների դրսևորած վարքագիծը «բանսարկության բարձունք» գնահատելով, պատրաստվում է դիմել Եվրադատարան:

Զինված ուժերի գնդապետ Արտակ Բուդաղյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատավճիռը, որով մեղավոր էր ճանաչվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքին սպառնալու համար:

Երկուսուկես տարի առաջ Սուրիկ Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարզպետի որդու և թիկնապահի կրակոցներից սպանվել էր Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավետիքը: Նրան սպանողների նկատմամբ քրեական հետապնդումը, սակայն, կարճ ժամանակ անց դադարեցվել էր, քանի որ քննություն իրականացնող մարմինը վերջիններիս գործողությունները ինքնապաշտպանություն էր որակել և նրանց ազատ էր արձակել:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը վստահ է, որ սպառնալիքի մասին վարկածը հորինվել է մարզպետի որդուն արդարացնելու համար:

«Էդ վարկածը, թե իբր Արտակ Բուդաղյանը սպանության սպառնալիքներ է տվել, առաջացել է նախաքննության ընթացքում, երբ արդեն իրենք որոշել են, թե ոնց ազատեն Տիգրան Խաչատրյանին քրեական պատասխանատվությունից: Կա'մ Արտակ Բուդաղյանը կարդարացվի, էդ դեպքում Տիգրան Խաչատրյանն արդեն պետք է քրեական պատասախանատվություն կրի նրան ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար, կա'մ էն, ինչին ձգտում է Սուրիկ Խաչատրյանը` Արտակ Բուդաղյանին մեղավոր ճանաչելու միջոցով արդարացնում է Տիգրան Խաչատրյանի գործողությունները»,- ասում է Հայկ Ալումյանը:

Փաստաբանը վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ է դիմել ինչպես 120 հազար դրամի տուգանքի դատապարտված Արտակ Բուդաղյանի, այնպես էլ ամիսներ առաջ մարզպետի դեմ իրականացված մահափորձի մեջ մեղադրվող նրա եղբոր՝ Արա Բուդաղյանի գործերով: Այս ատյաններից դեռ պատասխաններ չստացած, նա զուգահեռաբար պատրաստվում է նաև Եվրոպական դատարան ներկայացնել գործերը: Պնդում է՝ Արա Բուդաղյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելն ապօրինի է:

«Վերաքննիչ դատարանը մեր սպասելիքները չարդարացրեց երկու դեպքում էլ: Բողոքարկել եմ վճռաբեկ դատարան զուտ ձևականորեն, որ սպառեմ ներպետական ատյանները, որ Եվրոպական դատարան դիմելիս մեզ չասեն՝ ինչու վճռաբեկ դատարան չդիմեցիք: Էսօրվա դրությամբ Արա Բուդաղյանին կալանքի տակ պահելն ակնհայտ ապօրինի է և՛ ներպետական օրենքի, և՛ Եվրոպական կոնվենցիայի տեսանկյունից: Ինչու՞ պետք է իրեն անպայման կալանքի տակ պահել, մինչև որոշվի՝ մեղավո՞ր է, թե՞ չէ»,- շարունակում է փաստաբանը:

Արա և Արտակ Բուդաղյանների գործերով շուտով շատ բան կպարզվի, ասում է Ալումյանը: Մինչ այդ նա չի դադարում զարմանալ ու զայրանալ դատարանում քննիչների դրսևորած վարքագծից:

«Եթե բանսարկության մեջ կարելի է հասնել բարձունքների, ապա նրանք հասել են: Ասենք՝ Սուրիկ Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումները քրեական գործից կորել են: Քննիչին հրավիրում ենք դատարան, ասում է՝ ես հոգնած եմ եղել, դուք պատկերացնում եք մեր ծանրաբեռնվածությունը: Դեպքի վայրի զննության ժամանակ գրված է, որ տեսագրություն է տեղի ունեցել, ո՞ւր է տեսագրությունը, ասում է՝ շփոթվել ենք, գրել ենք տեսագրություն է տեղի ունեցել, բայց տեսագրություն իրականում տեղի չի ունեցել: Կամ էդ վարկածն էն մարդկանց համար է, ովքեր հիմար են, կամ էլ էն մարդկանց համար է, ովքեր շատ մեծ պատրաստակամությամբ իրենց հիմարի տեղ են դնում»,- շարունակում է Բուդաղյանների փաստաբանը:

Ալումյանի համոզմամբ, դատարանները հիմնականում կաշկանդված են: Նա որպես օրինակ է բերում այն, որ մինչ օրս նախագահի աշխատակազմից չեն ստացել հետևյալ հարցի պատասխանը՝ արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հարսանիքին:

Մարզպետի օգնական Վոլոդյա Հովհաննիսյանն էլ իր հերթին է զարմանք հայտնում՝ ինչո՞ւ պետք է անկախ դատարանները կաշկանդված լինեն, հարց է տալիս նա և ընդգծում՝ մարզպետն օրինապահ է և ի վիճակի չէ ազդելու դատարանի որոշման վրա: «Սուրիկ Խաչատրյանին ես համարում եմ Հայաստանի Հանրապետության մարզպետների մեջ լավագույններից մեկը, լավ մարդ և լավ պետական պաշտոնյա»,- ասում է օգնականը, մարզպետի հասցեին հնչող այլ գնահատականները համարելով «բամբասանք»:

XS
SM
MD
LG