Մատչելիության հղումներ

logo-print

Բուդաղյանը մեղավոր է ճանաչվել Սյունիքի մարզպետի ընտանիքին «սպառնալու մեջ»


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը Գորիսում, արխիվ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը Գորիսում, արխիվ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Արտակ Բուդաղյանին մեղավոր ճանաչեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։

2013-ի հունիսին մարզպետի տան դիմաց նրա որդու և թիկնապահի կրակոցներից սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը դատարանի վճռով տուգանվեց։ Տիգրան Խաչատրյանի կրակոցներից ծանր վիրավորված Արտակ Բուդաղյանը մեկ տարուց ավելի դատարանի առաջ կանգնած միակ մեղադրյալն էր. երեկ իր վերջին խոսքում նա դատավորին հորդորել էր այնպիսի վճիռ կայացնել, որ տան դուռը բացելիս դատավորը չամաչի սեփական թոռների ու երեխաների երեսներին նայել:

Այս գործով Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններում հանցակազմի մասին խոսք չկա․ սպանությունից մի քանի ամիս անց նրանց գործողությունները որակվեցին անհրաժեշտ պաշտպանություն, և երկուսն էլ ազատվեցին քրեական պատասխանատվությունից։ Քննությունն այդպես էլ չփարատեց Բուդաղյանների պաշտպանական կողմի կասկածները, որ գուցե Սուրիկ Խաչատրյանն էլ է Ավետիք Բուդաղյանի վրա կրակել։

Իսկ ահա Արտակ Բուդաղյանի գործողությունները մեղադրական եզրակացության մեջ այսպես են նկարագրված. նա նպատակ է ունեցել «վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին», դրա համար էլ իր մեքենայով գնացել է Խաչատրյանների առանձնատան մոտ, որսորդական հրացանը ձեռքին իջել մեքենայից և սպանության սպառնալիքներ հնչեցնել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Իսկ թե ինչո՞ւ է Արտակ Բուդաղյանը որոշել վախեցնել մարզպետի ընտանիքին՝ հիմնավորված է այսպես. եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը, մինչ այդ նրան տեղեկացրել է, որ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծել են։

Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում վստահ էր՝ դատարանը ի զորու չէր լինի արդարադատություն իրականացնել այնտեղ, որտեղ Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքն են. - «Մեզ համար կանխատեսելի էր, որ Սյունիքի մարզի բնակիչ դատավորը Սուրիկ Խաչատրյանի գործոնով խիստ կաշկանդված է լինելու: Դրան էլ գումարվեց այն, որ անցյալ տարի դեկտեմբերին Հանրապետության նախագահը, արդարադատության նախարարը, վարչապետը մասնակցել էին Տիգրան Խաչատրյանի հարսանիքին: Դե հիմա դուք պատկերացրեք՝ արդյո՞ք այսօր որևէ դատավոր Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կարող է ունենալ այնպիսի վերաբերմունք, ինչ շարքային քաղաքացու նկատմամբ: Բնական է՝ ոչ: Եվ այսօր ունենք այս արատավոր շղթան, այս արատավոր օղակը, որի միջից ոչ մի կերպ հնարավոր չի լինում դուրս գալ: Այսօր կա սպանություն ու կա ծանր մարմնական վնասվածք, որի զոհն են Բուդաղյան եղբայրները և ոչ մի կերպ չի հաջողվում հասնել նրա, որ այդ մարմնական վնասվածք պատճառողը և սպանություն կատարողները ենթարկվեն քրեական պատասխանատվության»:

Փաստաբան Հայկ Ալումյանը մամուլի ասուլիսի ժամանակ, արխիվ

Փաստաբան Հայկ Ալումյանը մամուլի ասուլիսի ժամանակ, արխիվ

Ալումյանը հիշեցրեց, որ Ավետիք և Արտակ Բուդաղյանների վրա կրակած Տիգրան Խաչատրյանը այժմ անազատության մեջ է ամիսներ առաջ Հարություն Զաքարյանի աչքը կուրացնելու գործով. - «Եթե ինքը քրեական պատասխանատվության ենթարկվեր անցյալ անգամ, ապա մինչև հիմա, ու դեռ երկար ժամանակ, ինքը պիտի լիներ անազատության մեջ, այլ ոչ թե փողոցներում՝ մարդկանց հետ կռիվ անելիս: Թե ազատազրկման վայրերում ի՞նչ կերպ կդրսևորեր իրեն՝ ես չգիտեմ, բայց այն, որ Զաքարյանների դեպքը տեղի չէր ունենա՝ դա փաստ է: Տիգրան Խաչատրյանի բոլոր ապօրինությունների ու հնարավոր հանցագործությունների մեղքը հավասար չափով ընկնում է նրանց վրա, ում հովանավորությամբ այդ երիտասարդը ազատվեց քրեական պատասխանատվությունից Բուդաղյանների դեպքով»:

Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի վերջերս հնչեցրած այն հայտարարությանը, որ որդին Բուդաղյանների դեպքով կալանավորվելուց հետո «ցնցումներ է ունեցել», ինչն էլ բանակից տարկետման պատճառ է դարձել, փաստաբանն ասաց՝ չի բացառում. - «Ցանկացած մարդ, ով մարդ է սպանում, մարդուն կյանքից զրկում է, որոշակի հոգեկան խնդիրներ նրա մոտ առաջանում է»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ կայացվեց այն դատավճիռը, որը որոշվել էր դեպքից անմիջապես հետո. - «Մենք բոլորս տեսանք, թե ինչպես Գևորգ Կոստանյանը ստանձնել էր Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանի դերը և հանրությանը փորձում էր անհեթեթություններով համոզել, որ իրոք հարձակում է եղել Սուրիկ Խաչատրյանի տան վրա: Հիմա էլ գլխավոր դատախազի պաշտոնում նա շատ ուշադիր կլինի, որ դատավորները, որոնց նկատմամբ Գլխավոր դատախազությունը ակնհայտ ճնշումներ է գործադրում, որևէ ծպտուն չհանեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG