Մատչելիության հղումներ

logo-print

Բաքվում քաղաքական ապաստան հայցող Մարտիրոսյանը սահմանը հատել է Բագրատաշենի անցակետից


Վահան Մարտիրոսյանի և կնոջ ասուլիսը Բաքվում, 18-ը սեպտեմբերի, 2015թ.

Վահան Մարտիրոսյանի և կնոջ ասուլիսը Բաքվում, 18-ը սեպտեմբերի, 2015թ.

Բաքվից քաղաքական ապաստան հայցող Վահան Մարտիրոսյանը Ադրբեջան է տեղափոխվել Վրաստանով։

Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ նա հայ - վրացական սահմանը հատել է Բագրատաշենի անցակետից՝ սեպտեմբերի 4-ի կեսգիշերին, ժամը 00.46-ին։ Դրանից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 2-ին, ըստ ոստիկանության, գողության մեջ կասկածվող Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Առայժմ անորոշ է, թե այս կարգավիճակում ինչպես է նրան հաջողվել առանց խոչընդոտների հատել սահմանային անցակետը։

Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը պատասխանատվության սլաքներն ուղղում են միմյանց դեմ։ Կոմիտեն հայտարարում է, որ դեռևս օգոստոսի 28-ին հարուցվել է քրեական գործ, և օգոստոսի 31-ից ոստիկանությանը հանձնարարված է եղել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել Մարտիրոսյանի ու նրա կնոջ Հայաստանից դուրս գալը թույլ չտալու համար, ոստիկանությունն էլ հիմնավորում է, որ այդ ժամանակ նա գործով անցել է որպես վկա, խափանման միջոցը ընտրված չի եղել, ուստի ոստիկանությունը «անձի ելքն արգելափակելու հիմք չի ունեցել». իսկ երբ սեպտեմբերի 2-ին քննիչն ընտրել է խափանման միջոցը, ոստիկանությունը տեղյակ չի պահվել այդ մասին։

Ոստիկանությունը հարցնում է՝ ինչո՞ւ քննիչը խափանման միջոց ընտրելուց հետո չի վերցրել նրա անձնագիրը, Քննչական կոմիտեն էլ պատասխանում է, որ Վահան Մարտիրոսյանն այդ պահին անձնագիր չի ունեցել՝ կասկած հայտնելով, որ թերևս հետո է անձնագիր ստացել անձնագրային ծառայությունից։

Ընդ որում, թարգմանչուհի-գիտաշխատող Ռուզաննա Մարգունին, ով պնդում է, որ Վահան Մարտիրոսյանն իր տնից 3800 դոլար է գողացել, հայտարարում է, որ ինքը ավելի վաղ քննիչներին զգուշացրել է Հայաստանից հեռանալու՝ Մարտիրոսյանի հայտնած մտադրության մասին։ «Մի անգամ ինձ ասաց, որ «ես նույնիսկ կգնամ Ադրբեջան», ես զարմացա։ Հետո ասաց՝ «կատակ եմ անում»,- պատմեց Մարգունին։

Գողության հոդվածով հարուցված քրեական գործով տուժող ճանաչված կինը մինչ Մարտիրոսյանների փախուստը 5 օր իր տանն է պահել ամուսիններին։

«Իրենք հնարավորություն են ունեցել, ըստ երևույթին, նայելու բոլոր պահարանները, ինձ մոտ փակ պահարան չկա։ Ահազանգեցի ոստիկանություն, նրանք անմիջապես, շատ օպերատիվ կերպով եկան, բայց օպերատիվ կերպով չգործեցին։ Էստեղ էին ինձ հարցուփորձ անում, կարծես ես էի մեղադրյալը, իբր կարող է՝ հորինում էի, մարդուց ուզում էի փող կորզել։ Ասել եմ, որ ուզում էր գնալ Հայաստանից, ամեն ինչ պատմել եմ, ասել եմ՝ «եթե ուզում եք, բռնեք, ես կասկած չունեմ, ես մարդուն հենց էնպես չեմ մեղադրի»,- ասաց Մարգունին։

Ոստիկանություն ահազանգելուց օրեր անց, սեպտեմբերի 1-ին, Մարգունու հավաստմամբ, Մարտիրոսյանի կինը եկել է իր տուն, հաստատել է, որ ամուսինն է վերցրել գումարը, պատրաստակամություն է հայտնել հետագայում վերադարձնել՝ խնդրելով հետ վերցնել բողոքը, որպեսզի ամուսինը կարողանա դուրս գալ Հայաստանից։ Սակայն տուժողը մնացել է անդրդվելի։ Պնդում է, որ ինքը մինչ այս միջադեպը, համացանցով շփման արդյունքում լավ կարծիքի է եղել Վահան Մարտիրոսյանի մասին, մտածել է՝ նա հետապնդվում է ընդդիմադիր գործունեության համար.- «Ես կարծում եմ, որ նա խաբեությունների մեջ հմտացած է, լավ դերասան է, շատ լավ խաղում է»։

Իսկ Ռուզան Մարգունու տանը Վահան Մարտիրոսյանն ապաստանել է հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի և ազգականների կողմից ծեծի ենթարկվելու մասին հայտարարելուց մի քանի օր անց։ Մայրը լրատվամիջոցների հետ զրույցում հերքեց որդու պնդումները, քննչական մարմինն էլ հայտարարեց, թե տանն է տեղի ունեցել վիճաբանություն Մարտիրոսյանի կնոջ և մոր միջև, կինը հարվածել էր սկեսուրին, որդին միջամտել է, հայհոյել, հետո հայհոյանքները շարունակել նաև փողոցում, ինչն էլ դարձել է հարևանների հետ ծեծկռտուքի պատճառը։

Բաքվից ապաստան խնդրող Մարտիրոսյանը ներկայանում է որպես «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, հալածյալ ընդդիմադիր ակտիվիստ։ Մեր զրուցակից ընդդիմադիրները մինչդեռ պնդում էին, որ նրան երբևէ չեն ճանաչել։

«Քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում ինքս ներգրավված լինելով՝ որևէ շարժման մեջ իրեն չեմ տեսել ֆիզիկապես, միգուցե եղել է, ես չեմ տեսել։ Բայց չեմ հիշում, որ մի տեղ գոնե դեմքով իրեն տեսած լինեմ»,- ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով ևս ամիսներ առաջ ակտիվորեն մասնակցում էր իշխանության դեմ հանրահավաքներին, այսպես արձագանքեց Վահան Մարտիրոսյանին ճանաչելու մասին հարցին.- «Ինչ-որ ծեծի պատմություն կար, դրա հետ կապված առաջին անգամ ես նրա կերպարը, դեմքը, վիզաժը էլեկտրոնային լրատվամիջոցներում տեսել եմ, հետո արդեն «թիվ մեկ հերոս»՝ ադրբեջանական կայքերում։ Մինչ այդ ինձ նման անուն-ազգանունով ո՛չ քաղաքական գործիչ, ո՛չ քաղաքացիական ակտիվիստ երբևէ հայտնի չի եղել։ Դրա համար ուշադիր պիտի լինենք, թե ովքեր են այսօր քաղաքացիական հասարակության անունից հանդես գալիս, ինչ լոզունգներ, ինչ գաղափարներ, ինչ տեսակետներ են առաջ մղում և ինչ մոտիվացիաներով, որպեսզի նման իրավիճակների առջև չկանգնենք»։

Զոհրաբյանը համոզված էր, որ սեպտեմբերի 28-ին մեկնարկող ԵԽԽՎ լիագումար նիստում ադրբեջանական պատվիրակությունը կհիշատակի այդ երիտասարդի և Բաքվում նրա ասուլիսի մասին։

«Բայց հայկական պատվիրակությունը միանշանակ պատրաստ է ադրբեջանական մշտապես պրիմիտիվ և մշտապես միաբջիջ քարոզչությանը հստակ պատասխանելու, ինչը և մենք անպայմանորեն կանենք»,- ասաց պատգամավորը։

XS
SM
MD
LG