Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանում ապաստան հայցողը Հայաստանում գողության գործով հետախուզման մեջ էր


Ադրբեջանում քաղաքական ապաստան հայցող Հայաստանի քաղաքացի Վահան Մարտիրոսյանը, ով ներկայանում է որպես «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության» ղեկավար, սեպտեմբերի 9-ից հետախուզման մեջ է: Հայաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ այդ անձի նկատմամբ քրեական գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով՝ «խոշոր չափերով գողություն», կայացվել է նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշում:

Վահան Մարտիրոսյանի՝ ընտանիքի հետ միասին Բաքու ժամանելու և Ադրբեջանից քաղաքական ապաստան հայցելու մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին երեկ: Մարտիրոսյանը այսօր Բաքվում ասուլիս է տվել և իր ու կնոջ անունից հայտարարություն հրապարակել՝ պնդելով, թե իրեն և «համախոհներին» Հայաստանի իշխանությունները վերջին երեք տարիներին մշտապես հալածել են «իրավապաշտպան գործունեության» պատճառով, օգոստոսի 12-ին էլ «Սերժ Սարգսյանի ընկերոջ՝ Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներն ու ազգականները» հարձակվել են իր և իր ընտանիքի վրա իրենց իսկ տանը, «գազանաբար ծեծել» իրեն, ինչի հետևանքով կինը «վիժել է»:

Բաքվում ասուլիսի ժամանակ նա այլ հայտարարություններ էլ է արել՝ պախարակելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, հայկական բանակը և այլն:

Այսօր երեկոյան հաղորդագրություն տարածեց Հայաստանի քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ Վահան Մարտիրոսյանի առնչությամբ կոմիտեի վարույթում քննվում է երկու քրեական գործ, որոնցից մեկը՝ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում, որով նա ներգրավված է որպես տուժող, մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում, որով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Քննչական կոմիտեն վստահեցնում է, որ «ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների բազմակողմանի քննությունն ապահովելու, կասկածյալի հնարավոր փախուստը կանխելու ուղղությամբ»։

«Քննության ընթացքում պարզվել է, որ Վահան Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում՝ «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ, 01-89-5107, 20.08.2015թ.)», - ասված է հաղորդագրությունում։

Ապա Քննչական կոմիտեն շարունակում է. - «Օգոստոսի 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ստացվել է գրավոր հաղորդում՝ Գաջեգործների 22/4 հասցեում Վահան Մարտիրոսյանին և նրա կնոջը ծեծելու վերաբերյալ։ Նախնական քննության արդյունքներով՝ օգոստոսի 19-ին Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ), որոշումներ կայացվել՝ Վ.Մարտիրոսյանին և նրա կնոջը՝ Կարինե Գասպարյանին, տուժող ճանաչելու մասին։ Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ և հետաքննության մարմնի միջոցով ծանուցագրեր են ուղարկվել տուժողներին՝ օգոստոսի 21-ին և 27-ին հարցաքննության ներկայանալու և նրանց հետ, որպես տուժողների, քննչական գործողություններ կատարելու համար։ Վերջիններս հարցաքննության չեն ներկայացել»։

Օգոստոսի 28-ին, ըստ հաղորդագրության, Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժինը ոստիկանության նույն վարչական շրջանի բաժնից ստացել է նյութեր՝ Երևանի Բաղրամյան փողոցի 64 շենքի բնակարաններից մեկից 3820 դոլար գողանալու դեպքի վերաբերյալ։ «Ըստ բնակարանի սեփականատիրոջ հաղորդման՝ նշված հասցեում գտնվող իր բնակարանում 2015 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 25-ը հյուրընկալվել է Վահան Մարտիրոսյանը՝ իր կնոջ և երեխայի հետ, և նույն ժամանակահատվածում բնակարանից գաղտնի հափշտակել խոշոր չափի գումար։ Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում 28.08.15թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բնակարանի սեփականատերը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Քրեական գործով նշանակվել են դատակենսաբանական, դատահետքաբանական և դատաձեռագրաբանական փորձաքննություններ, հարցաքննության հրավիրվել Վ.Մարտիրոսյանի կինը, ով ժամանակ է խնդրել՝ փաստաբանի հետ նախաքննական մարմնին ներկայանալու համար։ Օգոստոսի 31-ին քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության Արաբկիրի բաժնին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարված հանցագործությունը բացահայտելու, ինչպես նաև՝ Վ.Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Կ.Գասպարյանի՝ ՀՀ պետական սահմաններից հնարավոր դուրս գալը բացառելու ուղղությամբ։ Ի կատարումն քննիչի բերման ենթարկելու որոշման՝ 2015 թ. սեպտեմբերի 2-ին Վահան Մարտիրոսյանը բերման է ենթարկվել, և քննիչը նրա նկատմամբ, որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։ Վ.Մարտիրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց», - ասված է հաղորդագրությունում։

«Դիտարկվող քրեական գործով նախաքննության ընթացքում Վ.Մարտիրոսյանը և Կ.Գասպարյանը պատշաճ ծանուցվել են ներկայանալ հարցաքննության, սակայն առանց հարգելի պատճառների չեն ներկայացել։ 04.09.15թ. որոշում է կայացվել՝ նրանց նորից բերման ենթարկելու մասին։ Բացի այդ, որոշումներ են կայացվել՝ Վ.Մարտիրոսյանի՝ Գաջեգործների 22/4 տանը խուզարկություն կատարելու, նրա բջջային հեռախոսահամարները վերծանելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություններ ներկայացնել դատարան, որոնք քննարկվել են և բավարարվել դատարանի կողմից։ Խուզարկության կատարումը հանձնարարվել է ոստիկանության Արաբկիրի բաժնին, իսկ վերծանումների տրամադրումը՝ համապատասխան բջջային օպերատորներին։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ սեպտեմբերի 9-ին կայացվել է Վ.Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում», - փոխանցում է Քննչական կոմիտեն։

Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG