Մատչելիության հղումներ

Տնտեսագետ․ Հայաստանը պետք է կարողանա վերջնական որոշում ընդունել


Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:
Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում չեն հավատում, որ Հայաստանի կառավարությունը ընթացիկ տարին կփակի 4.1 տոկոս աճով, և հայաստանյան տնտեսության համար կանխատեսում են ավելի քան չորս անգամ փոքր ցուցանիշ:

Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված վերջին կանխատեսման համաձայն, 2015-ը Հայաստանը կփակի ընդամենը 0.9 տոկոս տնտեսական աճով:

Մինչդեռ, մոտ մեկ ամիս առաջ Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց իշխանությունների դիրքորոշումը՝ ապահովել պետբյուջեով նախատեսված տնտեսական աճը․ - «Բոլոր ոլորտներում ունենք աճ: Միայն ունենք ապրանքաշրջանառության մեջ անկում, որը կապված է ուղղակի Ռուսաստանի Դաշնության հետ: Դա մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է: Միջազգային կառույցները բոլորը բացասական էին գնահատական տալիս, ի հակառակ իրենց կարծիքի, մենք իրենց հորդորեցինք, որ չշտապեն: Եվ ես մի քանի անգամ ասել եմ, որ երկրորդ կիսամյակում ավելի ակտիվ է լինելու մեր տնտեսությունը: Եվ ես համոզված եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք մեր թիմով, կառավարությունով, նախագահի գլխավորությամբ, որ այդ տնտեսական աճը մենք ապահովենք մինչև տարեվերջ: Քանի որ բյուջեում 2015 թվականի դրված է 4.1 տոկոս տնտեսական աճ»:

Հայաստանի կառավարությանը ֆինանսավորող միջազգային հեղինակավոր կառույցներից որևէ մեկը նույնպես չի հավատում, որ Երևանում իշխանությունները կկարողանան ապահովել 4.1 տոկոս աճ: Համաշխարհային բանկի վերջին գնահատականի համաձայն, աճը չի գերազանցի 0.8 տոկոսը, Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարի ընդհանրապես աճ չի սպասում՝ 0 տոկոս, իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը անգամ անկում է սպասում՝ 1.5 տոկոս:

ԵՏՄ-ում անկում են սպասում

Գործերը լավ չեն նաև ԵՏՄ-ում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանխատեսման համաձայն, 2015 թվականը՝ իր գոյության առաջին տարին միությունը կփակի 2.4 տոկոս տնտեսական անկումով: Սակայն՝ միայն այն դեպքում, եթե Urals տեսակի նավթի մեկ բարելի միջին տարեկան գինը միջազգային շուկայում չիջնի 58.9 դոլարից: Մինչդեռ, Ռուսաստանի ֆինանսների նախարարության տվյալներով այս տարվա առաջին ութ ամիսներին Urals-ի մեկ բարելի միջին գինը արդեն իսկ ցածր է եղել՝ 55.4 դոլար:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում աճում է մտավախությունը, որ Արևմուտք - Ռուսաստան հակամարտությունը կարող է տևական լինել, ինչը տևական բացասական ազդեցություն կթողնի իրենց տնտեսությունների վրա: Ուստի ԵՏՄ անդամ-պետությունները փորձում են ելքեր գտնել:

«Նույն Բելառուսը շատ լավ հասկանում է, որ իսկապես այդ հակամարտության արդյունքում ինքը որևէ տնտեսական հաջողություն չի կարող ունենալ: Եվ պատահական չէ, որ ինքը արդեն սկսել է քայլեր անել դեպի Եվրամիություն:

«Իր դրամը արժեզրկելու Ղազախստանի որոշման հիմքում նաև սա էր՝ Աստանայում չեն ցանկանում կախված լինել միայն ԵՏՄ-ից, ցանկանում են խթանել իրենց արտահանումը նաև այլ երկրներ՝ օրինակ Չինաստան»,- շարունակեց Խաչատրյանը: - «Այսինքն, այն իրավիճակը, որ ստեղծվել է Ռուսաստանում, եթե շարունակվի, իսկապես մենք լուրջ այլընտրանքի առջև պետք է կանգնենք: Մենք պետք է կարողանանք վերջանական որոշում ընդունել՝ մենք ընդհանրապես ի՞նչ ենք ուզում»:

XS
SM
MD
LG