Մատչելիության հղումներ

Վարչապետը խոսում է տնտեսական աճի, ֆինանսների նախարարը՝ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում անկման մասին։ Սակայն Աբրահամյանը այստեղ հակասություն չի տեսնում։

Վարչապետի ասածներին կառավարության որևէ անդամ չի կարող հակադրվել, վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այսպես արձագանքեց «Ազատության» հարցին, թե երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ իր և ֆինանսների նախարարի վերջին օրերի հայտարարությունների միջև արդյոք հակասությո՞ւն չկա:

Երկուշաբթի կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ առաջին կիսամյակում երկրի տնտեսությունը աճել է 4.4 տոկոսով:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով երկուշաբթի ներկա էր կառավարության այդ նիստին, հենց հաջորդ օրը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ըստ «168 ժամ»-ի, հայտարարեց, որ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում ծավալների անկում ունենք:

«Բյուջեի կատարողականի տեսանկյունից և առկա իրողություններից պոզիտիվ սիգնալներ մեզ չեն գալիս: Անկախ վիճակագրական տվյալներից, տնտեսության ճյուղերի զարգացումները մտահոգիչ են: Գրեթե բոլոր ճյուղերում ծավալների անկում ունենք: Անորոշությունները շատ-շատ են, չգիտենք՝ ո՞ր ուղղությամբ կզարգանա տնտեսությունը: Կառավարությունում հարց ենք բարձրացրել, թե ի՞նչ ուղղությամբ պետք է գնանք՝ խնայողությո՞ւն, պահանջակի ավելացո՞ւմ… ամեն օր քննարկումներ են կատարվում»,- ասել էր Խաչատրյանը:

Մի կողմից վարչապետը խոսում է տնտեսական աճի մասին, իսկ մյուս կողմից նույն կառավարությունում տնտեսական ոլորտի պատասխանատուներից մեկը հայտարարում է, թե տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում անկում է: Արդյո՞ք այստեղ հակասություն չկա, փորձեցինք պարզել վարչապետից:

«Ոչ մի հակասություն չկա, վարչապետի ասածին կառավարության որևէ անդամ չի կարա հակադրվի»,- ասաց Աբրահամյանը։

XS
SM
MD
LG