Մատչելիության հղումներ

Ազատության մեջ գտնվող ամբաստանյալները «խոչընդոտում են արդար դատաքննությանը»


Ազատամարտիկ Վարդան Թումանյան, արխիվ

Ազատամարտիկ Վարդան Թումանյան, արխիվ

Մահացած ազատամարտիկի հարազատները ամբաստանյալներին կալանքից ազատելու և առաջադրված մեղադրանքը մեղմելու համար մեղադրում են նախաքննական մարմնին:

Ավելի քան մեկ տարի առաջ իր տան բակում ծեծի ենթարկված, ավելի ուշ՝ հիվանդանոցում մահացած 54-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանի ընտանիքը պնդում է, որ այդ գործով մեղադրյալները, գտնվելով ազատության մեջ, խոչընդոտում են արդար դատաքննությանը։

Դատական նիստերն արդեն մի քանի անգամ հետաձգվել են ամբաստանյալներից երկուսի բացակայության պատճառով: Քննությունը շարունակելու համար դատավորը ամբաստանյալ Գևորգ Սարգսյանին և Սարգիս Ղուկասյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:

Մահացածի քույրը՝ Մարիետա Թումանյանն այս ամենի մեջ մեղադրում է նախաքննական մարմնին, որը, նրա խոսքով, ոչ միայն մեղմացրեց բռնություն գործադրած անձանց առաջադրված մեղադրանքը, այլև նրանց կալանքից ազատ արձակեց՝ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:

«Էստեղից եզրակացնել կարելի է, որ թքած ունեն դատարանի վրա ու ժամանակ են շահում։ Այնքան վստահ է իր վրա, որ ազատության մեջ է: Կամ վստահ են, որ արդեն հաղթած են, կամ գումարի խնդիր կա, որ չեն կարողանում հայթայթել»-ասում է Մարիետա Թումանյանը։

Իշխող հանրապետականի ներկայացուցիչ, համատիրության ղեկավար Մարիետա Թումանյանը նեղսրտում է՝ կուսակցությունն իր կողքը չկանգնեց, արդարադատության ապահովման խնդրանքով նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած նամակն էլ մնաց անպատասխան։

«Կուսակցությունից ոչ մի արձագանք, սա է ինձ ցավ պատճառում։ Գտնում եմ, որ մի քանի տարի կտան ու համաներմամբ ազատ կարձակեն։ Ո՞նց եղավ, որ ստորագրությամբ ազատ արձակեցին այն դեպքում, երբ օրինակ՝ Վարդան Պետրոսյանին չհամաձայնեցին ազատել»,-շարունակում է Մարիետա Թումանյանը:

Անցած ամառ կենցաղային մի վեճից հետո ազատամարտիկին ծեծի էր ենթարկել նույն թաղամասի բնակիչ Գևորգ Սարգսյանը, իր զարմիկների՝ Վիկտոր Հովսեփյանի ու Սարգիս Ղուկասյանի հետ։ Վիկտոր Հովսեփյանը փախուստի էր դիմել, և իրավապահներին ներկայացավ միայն դատաբժշկական լրացուցիչ փորձաքննությունից հետո, որի եզրակացության համաձայն, ազատամարտիկը ծեծի է ենթարկվել, բայց մահը վրա է հասել կաթվածի հետևանքով։ Մինչդեռ առաջին փորձաքննությունը ապացուցված էր համարել, որ Թումանյանը մահացել է ծեծի հետևանքով։

Երկրորդ եզրակացությունից հետո առաջադրված հոդվածները մեղմացվեցին, այժմ Թումանյանի նկատմամբ բռնություն գործադրածները մեղադրվում են ոչ թե առողջությանը ծանր, այլ միջին ծանրության վնաս պատճառելու համար։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը պնդում է՝ երկրորդ փորձաքննությունն անհիմն է, Թումանյանը սպանվել է․ «Նախաքննական մարմինը կոծկել է, սարքել է գործը»,-ասում է նա։

Ամբաստանյալների պաշտպան Կարեն Մկրտչյանը, մինչդեռ, հերքում է տուժող կողմի մեղադրանքները` պնդելով, որ Վարդան Թումանյանը մահացել է հիվանդության հետևանքով։ Եթե դատարանն այս մեղադրանքն ապացուցված համարի, ամբաստնյալներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազարկում։

XS
SM
MD
LG