Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան լուրջ աջակցություն է խոստանում Ուկրաինային


Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոն, Կիև, 11-ը օգոստոսի, 2015թ․

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոն, Կիև, 11-ը օգոստոսի, 2015թ․

Մեծ Բրիտանիան պատրաստ է կրկնապատկել ջանքերը Ուկրաինայում`լրջորեն աջակցելով Դոնբասում տեղակայված ուկրաինացի զինծառայողներին: Խոսքը, սակայն, ոչ թե զինամթերքի մատարակարումների, այլ ուկրաինացի զինծառայողների շրջանում բրիտանացիների կողմից անցկացվող վարժանքների մասին է: Նման հայտարարությամբ Կիև այցի ընթացքում հանդես եկավ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը:

«[Դոնբասում] առկա այս կոնֆլիկտը չպետք է վերածվի հերթական սառեցված հակամարտության: Իրավիճակը բավական թեժ է, դրա ամենավառ ապացույցը Մինսկում հրադադարի պայմանագրի կնքումից հետո զոհված և վիրավորված ուկրաինացի զինծառայողների քանակն է: Ես այստեղ եմ, որպեսզի մեկ անգամ ևս վերահաստատեմ մեր աջակցությունը Ուկրաինային, ձեր երկրի` ազատության համար մղվող պայքարին: Մենք վստահ ենք, որ Ուկրաինան արժանի է, որպեսզի երկրի պետական սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ հարգանք ցուցաբերվի», - նշում էր բրիտանացի նախարարը` հավելելով, որ բրիտանացիների կողմից կազմակերպված զորավարժանքներին մասնակցող ուկրաինացի զինվորականների թիվը առաջիկայում կհասնի 2 հազարի:

Մայքլ Ֆալոնի խոսքով, սակայն, Մեծ Բրիտանիան չի պատրաստվում սահմանափակվել զուտ ռազմատեխնիկական աջակցության ցուցաբերմամբ: Կիևին ցուցաբերվող առաջնահերթ աջակցությունը շարունակելու է մնալ քաղաքականը, նշել է նախարարը՝ հստակեցնելով․ - «Պետք չէ մոռանալ, որ հենց Բրիտանիան գլխավորեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման գործընթացը»:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի կարծիքով էլ՝ միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն աջակցի Ուկրաինային, քանի որ ցանկացած պահի լայնամասշտաբ ռազմական գործողությունները Դոնեցկի և Լուգանսկի մերձակայքում կարող են վերսկսվել:

«Ռուսաստանի կողմից ղեկավարվող ստորաբաժանումները զգալիորեն ավելացրել են հրետակոծությունների քանակը: Երեկ միայն հրետակոծության 95 դեպք է արձանագրվել: Մենք արդեն իսկ հասկացել ենք, որ Ռուսաստանը չի ցանկանում կատարել Մինսկի համաձայնագրի դրույթները: Այնպես որ, իրավիճակը տեղում շատ բարդ է, և նրանք այժմ ոչ միայն ուկրաինական ստորաբաժանումներն են հարձակման թիրախ դարձնում, այլև սկսել են ահաբեկել ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին», - նշում էր Յացենյուկը:

Հիշեցնենք՝ կիրակի օրը Դոնեցկում հրկիզվել են ԵԱՀԿ-ի դիտորդական հատուկ առաքելությանը պատկանող չորս մեքենաները: Երեկ երեկոյան կողմ էլ Դոնեցկի մարզում գնդակոծվել են ԵԱՀԿ-ի դիտորդներին տեղափոխող մեքենաները:

XS
SM
MD
LG