Մատչելիության հղումներ

logo-print

Փետրվարի 15-ին Ուկրաինայում հրադադար կհաստատվի


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժեշտ է տալիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, ովքեր Մինսկում քննարկել են Ուկրաինայի խնդիրը, 12 փետրվարի, 2015թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժեշտ է տալիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, ովքեր Մինսկում քննարկել են Ուկրաինայի խնդիրը, 12 փետրվարի, 2015թ.

«Նորմանդյան քառյակը» Մինսկում համաձայնության է եկել։

Ճանապարհային քարտեզը հաստատված է

«Նորմանդյան քառյակը»` Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Պետրո Պորոշենկոն, Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մինսկում ստորագրել են Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ճանապարհային քարտեզը։

Պորոշենկոն և Պուտինն ասել են, որ հրադադարը կհաստատվի փետրվարի 15-ին կեսգիշերից։

Պորոշենկոն ասել է, որ ուկրաինացի սահմանապահները մինչև տարեվերջ պետք է ամբողջությամբ հսկողության տակ առնեն ռուս-ուկրաինական սահմանը։ Նրա պնդմամբ, կողմերը համաձայնեցրել են ռուսների կողմից գերեվարված ուկրաինուհի ռազմական օդաչու Նադյա Սավչենկոյին ազատելու հարցը։

Ըստ Պորոշենկոյի, «օտար երկրների զինծառայողները պետք է հեռանան Ուկրաինայի տարածքից, կողմերը պետք է երեք շաբաթում ազատեն բոլոր պատանդներին»։

15 ժամ տևած մարաթոն

Մինսկյան հանդիպումը կարելի է անվանել բանակցային մարաթոն, այն տևել է մոտ 15 ժամ։ Հանդիպումը տեղի է ունեցել Բելառուսի մայրաքաղաքում` «Անկախության պալատում», որտեղ երեկվանից հավաքված մոտ հինգ հարյուր լրագրողներ ամբողջ աշխարհից անհամբեր սպասել են, թե ինչ կհայտնեն չորս երկրների ղեկավարների մամլո խոսնակները կամ արտգործնախարարները։

Պուտինը խոստովանել է, որ բանակցությունները լարված են անցել։

«Սա իմ կյանքի լավագույն գիշերը չէր, բայց լույսը բարի էր, մենք կարողացանք համաձայնության գալ ամենակարևոր հարցում»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Անջատականները հավատում են «վերջնական հաղթանակին»

Հրադադարը հաստատելուց երկու օր անց կողմերը պետք է ռազմաճակատի գծից հետ քաշեն ծանր տեխնիկան։ Կստեղծվի անվտանգության գոտի։ Հաղորդվում է, որ համաձայնությունը ստորագրել են նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ղեկավարները` Ալեքսանդր Զախարչենկոն և Իգոր Պլոտնիցկին։

«Մենք հավատում ենք և գիտենք, որ հաղթանակը մերն է լինելու, անկախ այն բանից, թե ինչպես դրան կհասնենք` ռազմակա՞ն, թե՞ քաղաքական միջոցով։ Մենք համոզված ենք, որ Ուկրաինան կփոխվի` շնորհիվ Դոնբասի ժողովրդի»,- ասել է Պլոտնիցկին։

Զախարչենկոն, իր հերթին, պնդել է, որ համաձայնության իրագործման ձախողման համար պատասխանատվությունը բացառապես Պետրո Պորոշենկոն է կրելու։

«Բոլոր կետերը դեռ պետք է լրացուցիչ համաձայնեցվեն, եթե խախտումներ թույլ տրվեն, ապա այլևս ոչ մի նոր համաձայնագիր չի լինի»,- սպառնացել է Դոնեցկի առաջնորդը։

Անջատականները կվերադառնան սեպտեմբերի 19-ի դրությանը

Մինսկում քառյակի գագաթնաժողովին զուգահեռ ամբողջ գիշեր բանակցել է Ուկրաինայի հարցով «շփման խումբը», որի կազմում են Ուկրաինայից նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հատուկ պատվիրակ Հեյդի Տալիավինին։

Նշենք մի հանգամանք, որը գուցեև ամենակարևորն է կնքված փաստաթղթում` հրադադարը հաստատելիս ուկրաինական ուժերը կմնան այսօրվա դրությամբ զբաղեցրած դիրքերում, բայց անջատականները պետք է նահանջեն և վերադառնան դեռ սեպտեմբերի 19-ին իրենց գրաված դիրքերին։

Հենց այս կետի դեմ էին անջատականները և նրանց սատարող Կրեմլը, քանի որ սեպտեմբերի 19-ից հետո ռուսական կողմը բավական առաջ էր անցել։

«Ոչ մի ֆեդերալացում, ոչ մի ինքնավարություն»

Ուկրաինական կողմը խոստանում է հաշվի առնել Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելու գաղափարը։

«Մենք պարտավորվում ենք աշխատել սահմանադրական փոփոխությունների վրա և ապակենտրոնացնել իշխանությունն ամբողջ Ուկրաինայում, մենք չենք ընդունում ֆեդերալացման տիպի առաջարկներ, չի լինի ոչ ֆեդերացիա, ոչ էլ ինքնավարություն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

ԵՄ երկու պատվիրակները դրական են գնահատում մինսկյան հանդիպումը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասել է, որ քառյակը Մինսկում համաձայնեցրել է Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորումը, ինչը մեծ թեթևացում է Եվրոպայի համար, իսկ Ուկրաինային հույս է տալիս։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ Պորոշենկոն Մինսկում ամեն ինչ արել է արյունահեղությանն Ուկրաինայում վերջ տալու համար։

«Այս համաձայնությունը հույսի նշույլ է, սակայն ես գիտակցում եմ, որ առջևում կա հսկայածավալ աշխատանք, որը պետք է արվի»,- ասել է կանցլերը։

Անցյալ տարվա ապրիլին սկսված պատերազմի ընթացքում Ուկրաինայում սպանվել է ավելի քան 5350 մարդ։

Բատկայի աստեղային ժամը

Փորձագետները ասում են նաև, որ այս բանակցային գործընթացը ձեռնտու է նաև տար տիրոջ դերում հանդես եկող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով ԵՄ երկրներում ունի «Եվրոպայի վերջին դիկտատորի» համբավը և բավական հազվադեպ է շփվում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ինքը Լուկաշենկոն այսօր համեստորեն, բայց և անթաքույց գոհունակությամբ ասել է, թե իր առջև ընդամենը հյուրերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու խնդիր էր։

«Իմ գործն էր «զինամթերք» հասցնել, սնունդ, խմիչք, ի դեպ, ոգելից խմիչք չի եղել, այդպիսի ակնարկներ չանեք, մենք մատուցել ենք ձվածեղ, բուտերբրոդներ, պանիր, կաթնամթերք, լիտրերով սուրճ, որ մարդիկ եռանդը պահպանեն, մենք մատուցել ենք միայն այն պարենը, որն արտադրում են Բելառուսում և Ռուսաստանում։ Մենք նաև փորձագետներին հանգստանալու հնարավորություն ենք տվել, բայց պետությունների ղեկավարները, բնականաբար, հանգստանալու առիթ չեն ունեցել»,- ասել է Բատկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG