Մատչելիության հղումներ

logo-print

Դոնի Ռոստովում դատվող ուկրաինացի ռեժիսորը պատմել է խոշտանգումների մասին


Ռուսաստան - Օլեգ Սենցովը դատարանի դահլիճում, Դոնի Ռոստով, 6-ը օգոստոսի, 2015թ.

Ռուսաստան - Օլեգ Սենցովը դատարանի դահլիճում, Դոնի Ռոստով, 6-ը օգոստոսի, 2015թ.

Շուրջ մեկ տարի առաջ Ղրիմում՝ ռուսաստանյան հատուկ ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված ուկրաինացի ռեժիսորը Դոնի Ռոստովում ընթացող հերթական դատական նիստի ընթացքում պատմել է, թե ինչպես է ձերբակալվել և կտտանքների ենթարկվել։

Օլեգ Սենցովը, ով մի շարք միջազգային հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, ռուսաստանյան իրավապահների կողմից մեղադրվում է ահաբեկչական խումբ կազմավորելու, ահաբեկչական գործողություններ կազմակերպելու, ապօրինի պայթուցիկ նյութեր պահելու մեջ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև քսան տարվա ազատազրկում։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության պնդմամբ՝ կինոռեժիսորը և խմբի մյուս անդամները նպատակ են հետապնդել 2014 թվականին ահաբեկչական գործողություններ իրականացնել Սիմֆերոպոլում` Լենինի արձանի մոտ, բացի այդ՝ Սևաստոպոլում և Յալթայում՝ ինքնաշեն պայթուցիկների գործադրմամբ:

Ռուսական կողմի մեղադրանքի համաձայն, Սենցովն ու այս գործով անցնող Կոլչենկոն այրել են Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության և «Ղրիմի ռուսական համայնք» հասարակական կազմակերպության գրասենյակները: Կինոռեժիսորն այսօր հրաժարվել է պատասխանել դատարանի հարցերին, փոխարենը պատմել է իր հանդեպ իրականացված խոշտանգումների մասին։

«Այս դատարանը օրինական չեմ համարում։ Ես Ուկրաինայի քաղաքացի եմ, ում ապօրինի առևանգել են ձեր հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Այստեղ շատ ստեր հնչեցին, այդ պատճառով էլ որոշեցի ելույթ ունենալ։ Սակայն հետագայում չեմ պատրաստվում ակտիվորեն մասնակցել այս դատավարությանը ու պատասխանել հարցերի»,- ասել է նա։

Սենցովը նշել է, որ իրեն համարում է Մայդանի ակտիվիստ, ինչն էլ իր կյանքի գլխավոր քայլն է համարում։ «Սակայն դա չի նշանակում, որ ես արմատական եմ։ Մենք պարզապես ընդդիմացել ենք մեր հանցագործ նախագահին»,- ընդգծել է ուկրաինացի ակտիվիստը։

Կինոռեժիսորի խոսքով՝ ինքը Ղրիմում է հայտնվել որպես կամավորական, օգնում էր լրագրողներին, այդ թվում՝ օտարերկրացի.- «Ես փորձում էի օգնել բոլոր նրանց, ովքեր աջակցում էին Ուկրաինային»։

Մեկ տարուց ավելի ռուսական բանտում գտնվող կինոռեժիսորը պատմել է, թե ինչպես է 2014-ի մայիսին սեփական տան մուտքի մոտ ձերբակալվել.- «Ինձ խցկել են ավտոբուսի մեջ, գլխիս պարկ են հագցրել, ձեռքերիս՝ ձեռնաշղթաներ։ Քննչական ծառայությունում նստեցրել են աթոռին և սկսել դաժան ձևով հարցաքննել։ Ծեծել են ոտքերով ու ձեռքերով, հատուկ իրերով։ Կանգնած, նստած, պառկած։ Դժվար է նստած մնալ աթոռին, երբ քեզ մահակով ծեծում են։ Չորս անգամ նույն տեսարանը կրկնվել է՝ ամեն անգամ 3-4 ժամ տևողությամբ: Սպառնում էին բռնաբարել մահակով»,- պատմել է ուկրաինացի ակտիվիստը։

Ուկրաինական իրավապաշտպան շրջանակները գործի քննությունը Ռուսաստանում նշանակելը որակում են ակնհայտ ապօրինություն:«Այս գործը չի կարող լինել իրավարար, քանի որ խոսքը Ուկրաինայի քաղաքացիների մասին է, որոնց փաստացի առևանգել և դուրս են բերել Ուկրաինայի բռնազավթված տարածքից»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Ղրիմի գերիներ» խմբի ներկայացուցիչ, իրավապաշտպան Մաքսիմ Բուտկևիչը։

Ռուսաստանցի իրավապաշտպան, հասարակական-դիտորդական հանձնաժողովի ներկայացուցիչ Զոյա Սվետովան, որն ավելի վաղ ուկրաինացի ձերբակալվածներին հանդիպել էր մեկուսարանում, «Ազատությանը» փոխանցել է.- «Իմանալով ռուսական արդարադատության համակարգը և այն, որ դատավարությունը տեղի է ունենալու Ռոստովի զինվորական դատարանում և ոչ թե Մոսկվայում, որտեղ կարող էին լինել շատ լրատվամիջոցներ, և նկատի ունենալով այն հանգամանքը, թե ինչ ընթացք է ունեցել այս գործի նախաքննությունը, դատավճիռը կլինի մեղադրական՝ խոսքը 20 տարվա ազատազրկման մասին է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG