Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մեկնարկել է ուկրաինացի ռեժիսորի դատավարությունը


Ռուսաստան - Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը դատարանի դահլիճում, Դոնի Ռոստով, 21-ը հուլիսի, 2015թ.

Ռուսաստան - Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը դատարանի դահլիճում, Դոնի Ռոստով, 21-ը հուլիսի, 2015թ.

Ռեժիսորը իր նկատմամբ ռուս իրավապահների հետապնդումները քաղաքական է համարում։

Այսօր Դոնի Ռոստովում մեկնարկել է ուկրաինացի կինոռեժիսոր, 2011 թվականին «Гамер» ֆիլմի համար միջազգային մրցանակների արժանացած Օլեգ Սենցովի դատավարությունը:

Սենցովը մեղադրվում է ահաբեկչական խումբ կազմավորելու, ահաբեկչական գործողություններ կազմակերպելու, ապօրինի պայթուցիկ նյութեր պահելու մեջ: Եթե դատարանը հաստատված համարի ռեժիսորին առաջադրված մեղադրանքը, նրան սպառնում է ազատազրկում՝ մինչև 20 տարի ժամկետով:

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության վարկածով, կինոռեժիսորը և խմբի մյուս անդամները նպատակ են հետապնդել 2014 թվականին ահաբեկչական գործողություններ իրականացնել Սիմֆերոպոլում` Լենինի արձանի մոտ, բացի այդ՝ Սևաստոպոլում և Յալթայում՝ ինքնաշեն պայթուցիկների գործադրմամբ: Ռուսական կողմի մեղադրանքի համաձայն, Սենցովը և Կոլչենկոն այրել են «Միացյալ Ռուսաստան» կուսակցության և «Ղրիմի ռուսական համայնք» հասարակական կազմակերպության գրասենյակները:

Այսօր դատարանում մեղադրական եզրակացությունը հրապարակելով՝ դատախազ Օլեգ Տկաչենկոն պնդել է, թե Սենցովը «ճնշում է գործադրել կառավարական մարմինների վրա, որպեսզի Ղրիմը դուրս գա Ռուսաստանի կազմից»:

Ռեժիսորը մեղադրողին հարցրել է, թե ինչպե՞ս պետք է ճնշում գործադրեր, սակայն դատավորն ասել է՝ ամբաստանյալը դատական տվյալ փուլում հարցեր տալու իրավունք չունի:

Ռուսաստանցի իրավապահները Սենցովի, ինչպես նաև նույն գործով այսօր դատարան տեղափոխված երկրորդ ամբաստանյալի՝ Ղրիմի բռնակցումից հետո քաղաքացիական ակտիվությամբ հայտնի Օլեքսանդր Կոլչենկոյի մեղադրանքները հիմնավորված են համարում ավելի վաղ նույն գործով 7 տարվա ազատազրկման դատապարտված Օլեքսեյ Չերնիի ու Գենադի Աֆանասևի մեղադրական ցուցմունքների շնորհիվ: Սակայն ավելի ուշ վերջիններս դատարանում պնդել են, որ իրենք ինքնախոստովանական և մեղադրական ցուցմունքներ են տվել բռնությունների հետևանքով: Սենցովը նույնպես պնդում է, որ նախաքննության ժամանակ իր նկատմամբ տեղի են ունեցել խոշտանգումներ:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցի համաձայն, նախաքննության ժամանակ Սենցովին փորձել են խեղդել պոլիէթիլենային տոպրակով, ծեծել են ձեռքերով և մահակներով, սպառնացել են, որ կսպանեն և կբռնաբարեն:

Սենցովը չի թաքցնում իր քաղաքական հայացքները, հաստատում է, որ ուկրաինական Մայդանի ակտիվիստներից է, սննդով և առաջին անհրաժեշտության ապրանքներով մշտապես օգնել է երկրի սահմանների պաշտպանությանը մասնակցող զինվորական ստորաբաժանումներին:

2014 թվականի մայիսին՝ Ղրիմի բռնակցումից հետո ռուսաստանցի իրավապահները Ուկրաինայի քաղաքացիներ Սենցովին, Կոլչենկոյին, ինչպես նաև Չերնիին ու Աֆանասևին ձերբակալել էին ահաբեկչական գործողություններ կատարելու կասկածանքով:

Չնայած բռնությունների վերաբերյալ պնդումներին, ռուսական դատարանը Օլեքսեյ Չերնիին և Գենադի Աֆանասևին վերագրվող մեղադրանքը որակել է «հիմնավոր» և նրանց դատապարտել 7 տարվա ազատազրկման:

Այսօրվա դատական նիստին դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Կավտունին հնարավորություն ընձեռել մասնակցել դատական նիստին: Հյուպատոսը հայտարարել է. - «Սենցովը և Կոլչենկոն Ուկրաինայի քաղաքացիներ են և պետք է լինեն ուկրաինական տարածքում»:

Չնայած Սենցովի դատավարությունը բաց է, գործում կան «պետական գաղտնիք» պարունակող նյութեր, և դատարանն այդ պատճառաբանությամբ կարող է որոշակի փուլում անցկացնել նաև փակ դատական նիստեր:

Ուկրաինացիներին Ռուսաստանում դատելը՝ ապօրինություն

Ուկրաինական իրավապաշտպան շրջանակները գործի քննությունը Ռուսաստանում նշանակելը որակում են ակնհայտ ապօրինություն:

«Ղրիմի գերիներ» խմբի ներկայացուցիչ, իրավապաշտպան Մաքսիմ Բուտկևիչը «Ազատություն» ռադիոկայանին ասել է.- «Այս գործը չի կարող լինել իրավարար, քանի որ խոսքը Ուկրաինայի քաղաքացիների մասին է, որոնց փաստացի առևանգել և դուրս են բերել Ուկրաինայի բռնազավթված տարածքից»:

Ռուսաստանցի իրավապաշտպան, հասարակական-դիտորդական հանձնաժողովի ներկայացուցիչ Զոյա Սվետովան, որն ավելի վաղ ուկրաինացի ձերբակալվածներին հանդիպել է մեկուսարանում, «Ազատությանը» փոխանցել է.- «Իմանալով ռուսական արդարադատության համակարգը և այն, որ դատավարությունը տեղի է ունենալու Ռոստովի զինվորական դատարանում և ոչ թե Մոսկվայում, որտեղ կարող էին լինել շատ լրատվամիջոցներ, և նկատի ունենալով այն հանգամանքը, թե ինչ ընթացք է ունեցել այս գործի նախաքննությունը, ապա դատավճիռը կլինի մեղադրական, խոսքը 20 տարվա ազատազրկման մասին է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG