Մատչելիության հղումներ

logo-print

«Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների շուրջ զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ։

Խոստացված պառլամենտական հանրապետության փոխարեն, Սահմանադրության առաջարկվող փոփոխություններով «մենք ըստ էության ստանում ենք ավտորիտար դիկտատորական մի բան»: Այդ մասին հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման հուլիսի 19-ի թողարկման հյուրն էր:

«Գիտե՞ք ինչով է լավ ընդհանրապես պրեզիդենտական հանրապետությունը: Հատկապես նոր զարգացող երկրների համար պրեզիդենտական հանրապետությունը ինքը արգելք է դիկտատուրայի, որովհետև պրեզիդենտը ինքը արդեն համար մեկն է, ինքը իր մեջ պարունակում է որոշակի մենիշխանության տարր, չնայած քանի որ ինքը ընտրվում է ժողովրդի կողմից, և բացի պրեզիդենտից ևս մի ինստիտուտ՝ Ազգային ժողովն է ընտրվում ժողովրդի կողմից, երկու ինստիտուտները իրար եթե ճիշտ հակակշռում են, ապա դիկտատուրա չեք ունենում», - ասաց Բագրատյանը:

«Բոլոր դիկտատուրաները աշխարհում եղել են պառլամենտական հանրապետությունների դեպքում», - շեշտեց նա՝ մանրամասնելով․ - «Որովհետև պառլամենտական հանրապետությունները կարող են ձեզ տանել դեպի ժողովրդավարություն, բայց էնտեղ առաջնային մանդատ մեկն ունի՝ պառլամենտը, հասկանո՞ւմ եք, եթե երկպալատանի չէ, և այլն, և կամ էլ, եթե այդ էլեմենտները չեն պահպանվում, հեշտությամբ պառլամենտական ժողովրդավարական պետություններն ընկնում են ժողովրդավարական ֆաշիզմի գիրկը»:

«Մենք նախագահի ինստիտուտը ամբողջությամբ պահպանում ենք՝ սուտ է, որ չենք պահպանում, պարզապես այդ նախագահին ոչ թե ժողովուրդն է ընտրելու, այլ՝ իշխանական մեծամասնությունը: Բայց նախագահը բոլոր ֆունկցիաները պահպանում է, համարյա թե չկա ֆունկցիա, որ չպահպանի, մի բան էլ ավել՝ նշանակում է վարչապետին, նշանակում է նախարարներին, նշանակում է դատավորներին, կոչումներ է տալիս, նշանակում է բարձրագույն զինվորականությանը, նշանակում է դեսպաններին», - նշեց Բագրատյանը՝ եզրակացնելով․ - «Այսինքն, այն, որ մենք վերացրել ենք պրեզիդենտի [ինստիտուտը] և դա ձևական է՝ «անգլիական թագուհի», նման բան չկա, գոյություն չունի»:

«Նախագահի մասին Սահմանադրությունում կա 23 հոդված, կառավարության մասին՝ 12, բա դա պառլամենտական եղա՞վ», - ասաց նախկին վարչապետը:

Բագրատյանի խոսքով, Հայաստանը պետք է ունենար առաջնային մանդատի ինստիտուտ՝ պառլամենտ, որը, սակայն, «առաջնային մանդատով չէ»։ «Մարդկանց պետք է ասել` սիրելի' բարեկամներ, մենք խնդիրներ ունեինք նախագահի ընտրվելու հետ, անցողիկ թեկնածու չունենք, հիմա այնպես ենք անում, որ նախագահին ընտրի պառլամենտը։ Այսինքն՝ իբր թե պետք է ունենայինք մեկ՝ առաջնային մանդատի ինստիտուտ՝ պառլամենտ, պարզվում է՝ դա էլ առաջնային մանդատով չէ։ Այսինքն՝ առաջնային մանդատ հասկացությունն իր մեջ ներառում է առնվազն երկու հստակ էլեմենտ, նախ` որ ձայն տվողը ժողովուրդն է, համապետական է, և ձայն է տալիս անմիջապես։ Իսկ այստեղ ասվում է` ոչ, առաջին տուրից հետո կարող է լինել երկրորդ տուր, և եթե ժողովուրդն ուզում է ձայն տալ այն թեկնածուին, ով առաջին տուրում տասը տոկոս ձայն է հավաքել, երկրորդ տուրում էլ չի կարող։ Եթե պառլամենտում կա երկրորդ փուլ ընտրություն, ուրեմն դա առաջնային մանդատ հասկացության հետ կապ չունի», - ասաց Բագրատյանը՝ շարունակելով. - «Առաջնային մանդատով ընտրված ոչ մի ինստիտուտ նոր հանրապետությունում չենք ունենալու։ Այսինքն՝ ժողովուրդը պետք է իմանա, որ ընտրություն էլ չի լինելու, փառք Աստծո, էլ կռիվ չի լինի, ոչ էլ ցույց կլինի»։

Հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «կայուն մեծամասնություն» ասվածը, Բագրատյանը պատասխանեց. - «Հայկական նորամուծություն. ասված է՝ կայուն մեծամասնություն, ի՞նչ է դա, ինչքա՞ն է դա՝ 50+1-ն է, թե 70+1-ն է, ոչ մեկին հայտնի չէ։ Այսինքն՝ իրանք առաջին փուլից հետո կարող են որոշել գնալ երկրորդ փուլ։ Եթե Սահմանադրությունում էս նորմերը որոշարկված չեն, էս կարևորագույն հարցերը որոշարկված չեն, ասվում է՝ դա կլինի օրենքով, ուրեմն՝ վախեցեք օրենքից, օրենքը մեծամասնությունն է ընտրում, օրենքը, որը պետք է կարգավորի էս կարևորագույն հարցը, ընդունում է պառլամենտը։ Այսինքն՝ սա պարզապես վերացնում է բոլոր տեսակի ընտրությունները, սա ժողովրդավարական Հայաստանի վերջն է, սա քաղաքական հեղաշրջում է»։

Բագրատյանը ընդգծեց, որ փոփոխության արդյուքնում ոչ ոք չի թողնի ընդդիմությանը պառլամենտ մտնել, նրա համար նաև հետաքրքիր է, թե նոր Սահմանադրությամբ ինչո՞ւ է վարչապետին նախագահն ընտրում։ «Այս հարցերը պետք է Սահմանադրությունում նախօրոք լուծվեն և չթողնվեն օրենքին», - ասաց նախկին վարչապետը։

«Կամ մարդու իրավունքների բաժինը. ի՞նչ էր խոստանում հայեցակարգում՝ վերջապես կհարգվեն մարդու իրավունքները։ Սահմանադրությունում կարդում ենք՝ 23[-րդ] հոդված, ասվում է՝ մարդը ունի ապրելու իրավունք, բացառությամբ այն բացառիկ դեպքերի, երբ այլ բան է որոշված։ Այսպիսի բան չկա. մարդուն կարող են կյանքից զրկել, իսկ դա կարող է լինել քաղաքական հայացքների համար, կամ՝ մարդը ունի տան, սեփականության իրավունք, ընտանիք ունենալու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ որ պետական կամ հասարակական շահն ու կարգը այլ բան է պահանջում, այսինքն՝ մարդու իրավունքները զրոյացվել են։ Այսինքն՝ մարդը հայտնվել է այնպիսի մի միջավայրում, որ իրա տուն են մտնում, առանց դատ ու դատաստանի իրան խփում են, սպանում են, ինչ ուզում են անում են։ Մեծ վախ է մտցվում հասարակության մեջ, և ես չեմ կարծում, որ սա չեն հասկացել, որովհետև հասարակական շահի պատճառաբանությամբ մարդու իրավունքների սահմանափակումը, այս դեպքը պատահում է 14 հոդվածներում», - ասաց Բագրատյանը։

Անդրադառնալով դատական համակարգին` նախկին վարչապետը նշեց, որ այն նույն է մնացել։ «Էլի դատավորներին նշանակում է նախագահը, ավելին՝ այսօրվա նախագահը, որ դատավոր է նշանակում, իրեն ժողովուրդն է ընտրել, այն նախագահը, որ վաղը պետք է նշանակի դատավորներին, իրեն ժողովուրդը չի ընտրել։ Իրենք՝ մեծամասնությունով, հավաքվել են մի սրճարանում և որոշել, թե ով պետք է լինի նախագահ», - ասաց Բագրատյանը։

Նա նաև հավելեց. - «Հանրապետական կուսակցությունը քանի որ ամեն տեղերում [տեղական ինքնակառավարման մարմիններում] ուղարկել է իր թեկնածուին, ապագա նախագահի ձայների կեսն արդեն ապահովված է, ո՞նց կարելի է դրան գնալ։ Այսինքն՝ որևէ ձևի լուսանցք չկա, այս Սահմանադրությունը ընդունելուց հետո, մենք չենք կարող փողոցով որևէ միտինգ, որևէ բան, դա՝ բացառվում է։ Ինչ-որ ստից միտինգներ՝ հանրային շարժումներ՝ է, էս շենքի քարը մի քիչ ծուռ եք դրել, էլեկտրաէներգիան կես դրամ ավել լինի, թե պակաս։ Մի բան էլ կգան կֆինանսավորեն նման համակարգի միտինգները, որ աշխարհին դեմոկրատիա ցույց տան», - ասաց Բագրատյանը՝ դիմելով Հանրապետական կուսակցությանը. - «Սիրելի՛ հանրապետական մեծամասնություն, ո՞ւր ենք գնում, բացատրեք, մենք պետք է հասկանանք, ի՞նչ իրավունքով իրականացնում եք պետական հեղաշրջում»։

Հարցին, թե որպես ընդդիմություն՝ ինչպե՞ս կարող է կանխել այս փոփոխությունները, Բագրատյանը պատասխանեց.- «Ես կարող էի գնալ իշխանության դռները կանգնել՝ հերթի պաշտոնի, բայց եկել եմ այստեղ, ելույթ եմ ունեում։ Բայց եթե տեսնեմ ուժ կա, ցանկություն կա, անպայմանորեն գլխավորելու եմ որևէ շարժում, որպեսզի սա տեղի չունենա»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ

XS
SM
MD
LG