Մատչելիության հղումներ

logo-print

Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը


Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր հրապարակեց առաջարկվող Սահմանադրության 1-ից 7-րդ գլուխների նախագիծը:

Փաստաթուղթն ընդունվելու դեպքում Հայաստանը կիսանախագահականից դառնալու է խորհրդարանական հանրապետություն, որտեղ ժողովրդի ներկայացուցչական մարմինը Ազգային ժողովն է: Այն վերահսկողություն է իրականացնելու գործադիր իշխանության նկատմամբ, ընդունելու է պետական բյուջեն և այլն:

Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի առաջարկով, վերանում է մեծամասնական ընտրական համակարգը. խորհրդարանում կհայտնվեն առնվազն 101 պատգամավորներ, որոնք ընտրվելու են բացառապես համամասնական համակարգով:

Ազգային ժողովն, ըստ այս նախագծի, ընտրվելու է հինգ տարի ժամկետով: Եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն մեծամասնություն չձևավորվի, ապա անցկացվելու է քվեարկության երկրորդ փուլ՝ առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների մասնակցությամբ:

Հանրապետության նախագահը, ըստ այսօր հրապարակված փաստաթղթի, ընտրվելու է ոչ թե ժողովրդական քվեարկությամբ, այլ ընտրիչների ժողովի կողմից: Այն կազմված է լինելու Ազգային ժողովի պատգամավորներից և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ և պաշտոնավարելու է 7 տարի՝ ներկայիս 5-ի փոխարեն: Խորհրդարանական պետության նախագահը, ըստ նախագծի տեքստի, պետության գլուխն է, մարմնավորում է ազգային միասնությունը՝ հետևելով Սահմանադրության պահպանմանը:

Իսկ ահա պետության ներքին և արտաքին քաղաքականությունը իր ծրագրի հիման վրա մշակելու և իրականացնելու է գործադիր իշխանության բարձրագույն մարմինը՝ Կառավարությունը: Վարչապետին նշանակելու է նախագահը, սակայն՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Նախարարներին, որոնց թիվը չի գերազանցելու 18-ը, վարչապետի առաջարկով նշանակելու է նախագահը:

Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը լինելու է վարչապետը: Զինվորական ամենաբարձր պաշտոնյային՝ գլխավոր շտաբի պետին, դարձյալ վարչապետի առաջարկությամբ նշանակելու է նախագահը:

Գրեթե նույնությամբ պահպանվելու է մարզպետների ինստիտուտը, դատական եռաստիճան համակարգը:

Հրապարակելով իրենց հեղինակած Սահմանադրության 1-ից 7-րդ գլուխների նախագիծը, հանձնաժողովի անդամները տեղեկացնում են, որ ընդունում են առաջարկություններ:

XS
SM
MD
LG