Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի այցի վրա ծախսվել է ավելի մեծ գումար, քան նախապես հայտնի էր


Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի այցի վրա ծախսվել է ավելի մեծ գումար, քան նախապես հայտնի էր
please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00

Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի եռօրյա երևանյան այցելության համար, քաղաքապետարանի բյուջեից ծախսվել է շուրջ 8 մլն 315 հազար դրամ:

Քաղաքապետարանի պաշտոնական հաշվետվության համաձայն՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի պատվիրակության հյուրանոցային 3 մլն դրամից բացի, 5 մլն էլ ծախսվել է հյուրասիրության վրա:

Ավագանու ընդդիմադիր անդամները դեռ 3 մլն դրամի ծախսն էին խիստ քննադատության ենթարկել՝ մատնանշելով քաղաքում չլուծված կարևոր խնդիրներ, մինչդեռ պարզվում է՝ այցը իրականում շատ ավելի թանկ է նստել: Քաղաքի բյուջեից հյուրասիրության համար հատկացված 5 մլն դրամն Անահիտ Բախշյանին հիշեցնում է հարսի հաշվին փեսային լավություն անելու մասին հայտնի առակը: Պնդում է՝ քաղաքապետարանի բյուջեն հավաքվում է մեծ դժվարությամբ, բայց ծախսվում հեշտությամբ: - «Եվ արդյունքը, ամենակարևորը, չենք տեսնում», - ասում է նա:

Քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել «Ֆլորես» և «Արարատ» ռեստորանների, «Ֆրիզե» ՍՊԸ-ի հետ և պաշտոնական հյուրասիրության, համապատասխան սրահի ապահովման, լուսավորման, օդափոխության, ճաշկերույթի մասնակիցների պատշաճ ապահովման և այլնի համար վճարել շուրջ 5 մլն 315 հազար դրամ:

Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց՝ հաշվի առնելով այն, որ պատվիրակությունը 80 հոգուց էր բաղկացած, այդ գումարը դեռ մի բան էլ քիչ է: Ասաց, որ չի պատասխանի ոչ մի հարցի, մինչև «Բարև Երևան» խմբակցությունը չապացուցի, որ այդ գումարները վատնվել են:

Անահիտ Բախշյանը տարակուսում է՝ իսկ ի՞նչ էր անում 80 հոգանոց պատվիրակությունը Երևանում, «դրանից Երևանն ի՞նչ է շահում»:

Թանկարժեք այս այցելության ընթացքում ստորագրվել է 2015-2020 թվականների համագործակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է երկու քաղաքների միջև համագործակցություն՝ մի շարք ոլորտներում: Պաշտոնական այս հանդիպման ընթացքում նաև հայտարարվել է, որ Երևանի կենտրոնական հատվածում շատ ցածր գներով Պետերբուրգին վաճառված 1000 քմ տարածքում կկառուցվի «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցային համալիր:

Ավագանու ՀՀԿ ական անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանն արդեն գիտի, թե այս այցելության շնորհիվ որ ոլորտների զարգացմանը զարկ կտրվի, նա պատրաստվում է քաղաքապետին մի քանի ծրագրեր ներկայացնել:

«Այդ Պետերբուրգի պայմանագրում, որտեղ գրված է մշակութային համագործակցություն, ես պիտի առաջարկեմ, որ մեծ մանկական արվեստի ցուցահանդես անենք Պետերբուրգում, որը կներկայացնի աշխարհի մանկական արվեստի լիդերներին: Ես մտադիր եմ առաջարկել, որ մենք նաև Ժամանակակից արվեստի թանգարանը ներկայացնենք Պետերբուրգում, որովհետև Պետերբուրգի տրադիցիաները շատ բարձր են», - ասում է նա:

Շա՞տ է, թե՞ քիչ պատվիրակության եռօրյա այցելության համար քաղաքապետարանի բյուջեից ծախսված շուրջը 17.500 դոլարը՝ Իգիթյանը չգիտի: Բախշյանի դիտարկմանը, թե 80-ի փոխարեն 10 հոգանոց պատվիրակությունն էլ կարող էր նույն գործն անել՝ պատասխանում է․ - «Դարերով մենք հայտնի ենք որպես շատ հյուրասեր ժողովուրդ: Դուք հիմա ուզում եք, որ մենք այդ առավելությունից էլ զրկվե՞նք: Երբ որ նրանք հայտը ներկայացնում են, մենք ասենք՝ պակասեցրե՞ք: Ես միշտ ուզում եմ հասկանալ, մենք ինչո՞ւ ենք այ դրանով հետաքրքրվում, ոչ թե նրանով, թե ինչ անենք, որ մեզ ավելի լավ ճանաչեն և կարևորը՝ սիրեն»:

Հիշեցնենք, որ նախորդ ամսվա վերջին Երևան այցելած Պետերբուրգի քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոյի համար քաղաքապետարանը վարձակալել էր հյուրանոցային նախագահական, իսկ ուղեկցողների համար՝ կիսանախագահական ու լյուքս համարներ:

«Երևանի քաղաքապետարանը կարող էր ռուսական կողմին ակնարկել, որ ի վիճակի չէ այդպիսի մեծ պատվիրակություն ընդունել», - ասում է Անահիտ Բախշյանն ու հավելում՝ 10 հոգուց բաղկացած պատվիրակությունն էլ էր նույն պայմանագիրը ստորագրելու, 80-ն էլ: Ավագանու ընդդիմադիր անդամը կոչ է անում քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնայել քաղաքի բյուջեն ու պետական միջոցների հաշվին շռայլություն չանել:

XS
SM
MD
LG