Մատչելիության հղումներ

Հայկական հերթական հանցախումբը՝ «համազգային դավադրության» կազմակերպիչ


«Համազգային դավադրություն». ամերիկյան դատախազությունը այսպես է բնորոշում շուրջ երկու տասնյակ հայերի մասնակցությամբ քրեական խմբավորման հանցավոր գործունեությունը:

Հյուսիսային Կալիֆորնիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել 33 անձանց նկատմամբ՝ նրանց մեղադրելով դեղորայքի ապօրինի վաճառքից, անձնական տվյալների գողությունից մինչև պատվիրված սպանության փորձի և այլ հանցանքների մեջ: Մեղադրանքն ապացուցվելու դեպքում խմբի անդամներին սպառնում է 35-ից մինչև 95 տարվա ազատազրկում, իսկ նրանցից երկուսին՝ Արա Կարապետյանին և Գևորգ Տեր-Մկրտչյանին՝ ցմահ բանտարկություն:

Վերջիններս, մասնավորապես, մեղադրվում են մարդասպանի վարձելու մեջ: Հնարավոր զոհի անունը չի նշվում. Կարապետյանն ու Տեր-Մկրտչյանը 1500 դոլար են խոստացել մարդասպանին. սակայն պատվերը չի իրականացվել:

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն գործը բնորոշում է որպես «համազգային դավադրություն», որը ծավալվել է ամբողջ երկրով՝ ներառելով Կալիֆորնիան, Օհայոն, Պուերտո Ռիկոն, Մինեսոթան: Իշխանությունները քրեական այս դավադրության առանցքային կերպարներ են համարում 45-ամյա Կարապետյանին, 29-ամյա գործարար Միհրան Ստեփանյանին և վերջինիս զարմիկ՝ 38-ամյա Արթուրին:

Գործի առանցքային կերպարներից մեկն էլ 50-ամյա ամերիկացի Դեյվիդ Միլլերն է, ով զբաղվում էր դեղերի մեծածախ առևտրով: Ըստ քրեական գործի Միլլերը 2010-2014թթ. Ստեփանյաններից գնել է 157 միլիոն դոլար արժողությամբ դեղորայք: Դեղերն, ըստ էության, օրինական են եղել, սակայն Միացյալ Նահանգներում դրանց առուծախը պահանջում է հատուկ արտոնագիր, ինչը Կարապետյաններ-Ստեփանյաններ խմբավորումը չի ունեցել: Ենթադրվում է, որ Միլլերն ու գործընկերները տեղյակ էին այդ մասին, սակայն տարիներ շարունակ ապօրինի գնումներ են կատարել:

Ըստ դատախազների` ապօրինի առևտուրը կատարվել է կեղծ ընկերությունների միջոցով, իսկ խմբի անդամները ներկայացել են կեղծ անուններով: Օրինակ՝ Միհրան Ստեփանյանը երբեմն ներկայանում էր որպես Ջորջ Քարդաշյան կամ Զուրաբ Հովհաննիսյան:

Խմբի անդամների մի մասը, այդ թվում Կարապետյանը, նրա դուստրը՝ Լանան, վերջինի ամուսին Արմեն Պետրոսյանը, մեղադրվում են նաև խաբեությամբ ստացված 500 հաշիվներից ավելի քան 5 միլիոն դոլարի կանխիկացման փորձերի մեջ:

Դատախազության ներկայացրած 33 էջանոց մեղադրական փաստաթղթում ասվում է, որ մեղադրյալներ Ասատուր Մագզանյանը, Տիգրան Սարգսյանը, Հռիփսիմե Խաչատրյանը և Խաչիկ Գեյուջյանը հայթայթել են տասնյակ անձանց անձնական տվյալներ, որոնց անուններից այնուհետև ներկայացրել են կեղծ փաստաթղթեր:

Գեյուջյանը նաև հանցավոր նպատակներով օգտագործել է իրեն պատկանող «Մեյվորկս» կոչվող փոստային ընկերությունը, որի հասցեն նշվում էր կեղծ հաշվետվություններում: Ըստ մեղադրանքի, 2014-ի մարտին նա փորձել է կանխիկացնել գողացված գումարներ, ինչի արդյունքում տուժել են նաև հայտնի կինոռեժիսոր և հռչակավոր ռոք երաժիշտ, որոնց անունները չեն նշվում:

Անցած շաբաթավերջին հանցախմբի 33 անդամներից 32-ը ձերբակալվել են, 33-րդի՝ Դեյվիդ Միլլերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

XS
SM
MD
LG