Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի իրավապահները հայտնում են հայերի հանցախմբի բացահայտման մասին


South Korea -- Stacks of US 100 dollar notes are pictured at the headquarters of the Exchange Bank in Seoul, 02Aug2011
South Korea -- Stacks of US 100 dollar notes are pictured at the headquarters of the Exchange Bank in Seoul, 02Aug2011
ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ ամերիկահայ հանցավոր խմբավորման 4 անդամներ մեղադրվում են բանկային մեքենայությունների եւ անձնական տվյալների գողության մեջ։ Ըստ Associated Press լրատվական գործակալության հաղորդագրության` սա Կալիֆորնիայի պատմության մեջ մինչեւ հիմա կատարված նմանատիպ ամենախոշոր հանցագործություններից մեկն է:

33-ամյա Արման Շարոպետրոսյանը, 39-ամյա Կարեն Մարկոսյանը, 28-ամյա Արտուշ Մարգարյանը եւ 28-ամյա Քրիստինե Օհաջանյանը մեղավոր են ճանաչվել մի շարք հոդվածներով: Նրանցից յուրաքանչյուրին ամեն մի ծանր հանցանքի համար 30 տարվա ազատազրկում է սպառնում: Եվ ընդհանուր առմամբ, նշվում է, որ մի քանի հոդվածներով մեղադրվող Շարոպետրոսյանը հնարավոր է դատապարտվի 164 տարվա ազատազրկման, մյուսներին եւս մի քանի տասնյակ տարվա ազատազրկում է սպառնում:

The Washington Post-ը գրում է, որ հանցավոր խումբը 6 տարվա ընթացքում ավելի քան 10 միլիոն դոլար է հափշտակել: Այս մասին ասել է գլխավոր դատախազի օգնական Լենի Բրյուերը:

Ըստ դատախազության` խմբի պարագլուխը Արման Շարոպետրոսյանն է:

Հանցախմբի հիմնական անդամներից բացի, այս բազմաճյուղ գործում ընդհանուր առմամբ 20 մեղադրյալ է ներգրավված։

Ըստ գործի նյութերի, բանտում նստած Շարոպետրոսյանը` իր հանցակից Անգուս Բրովնի հետ, անօրինական ձեւով մեկուսարան բերված բջջային հեռախոսի միջոցով համակարգել է խմբի աշխատանքների սխեմաները, գողանալու համար տասնյակ մարդկանց սոցիալական անվտանգության համարներ, ծննդյան տարեթվեր, անձնական այլ տվյալներ, որոնց միջոցով գումարներ են հանել նրանց բանկային հաշիվներից, գումարներ կանխիկացրել, կեղծված ստորագրություններով չեկեր են դուրս գրել:

Նրանց հանցագործություններից տուժել են տասնյակ մարդիկ Կալիֆորնիայում, Նեւադայում, Արիզոնայում եւ Թեքսասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG