Մատչելիության հղումներ

Շահութահարկի և եկամտահարկի վերաբերյալ վիճահարույց փոփոխություններն ընդունվեցին


Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը:

Հանրապետականին իրենց կողմ ձայներով միացան «Բարգավաճ Հայաստանը» լքած պատգամավորները։ Ձեռնպահ մնացին ԲՀԿ-ն, Դաշնակցությունը։ Առաջարկվող փաթեթին ողջ կազմով դեմ քվեարկեցին Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը» և «Օրինաց երկիրը»։

Փոփոխություններից մեկով նախատեսվում է, որ Հայաստանում գրանցված շինարարական կազմակերպության արտագնա աշխատողների եկամտային հարկը կհաշվարկվի Հայաստանում՝ 13 տոկոսով, այսինքն ավելի նվազ դրույքաչափով, քան հայաստանցիների դեպքում է։

Ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ այս խտրականությունը հակասահմանադրական է: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հավաստիացնում էր, որ օրենքը պարտադիր չէ, կկիրառվի կամավորության սկզբունքով։

Քանի՞ կազմակերպություն կցանկանա գրանցվել Հայաստանում և շինարարական գործունեություն իրականացնել արտերկրում, կառավարության ներկայացուցիչը չգիտեր, չեն ուսումնասիրել, բայց Միրումյանի կարծիքով՝ առաջարկը գայթակղիչ է։

«Առաջինը շահագրգռում ենք շահութահարկի 5 տոկոս դրույքաչափով, որը մի քանի անգամ ավելի ցածր է մյուս երկրներում կիրառվող դրույքաչափից։ Երկրորդը՝ շահագրգռում ենք իրենց աշխատողների եկամտային հարկի նվազեցմամբ»,- ասաց Միրումյանը։

Փոխնախարարը այս փոփոխություններով որևէ բացասական հետևանք չի կանխատեսում, ի տարբերություն ՀԱԿ-ից Արամ Մանուկյանի։ Պատգամավորն այսօր էլ պնդեց՝ կառավարությունը խթանում է արտագաղթը՝ առաջարկելով դրսում աշխատողների համար իջեցնել հարկը։ Մանուկյանը կարծում է՝ ռուսներն էլ չեն դժգոհի այս փոփոխությունից, «Հայրենակիցներ» ծրագրից էժան տարբերակ է, որը միանգամից երկու խնդիր է լուծում՝ դեմոգրաֆիական և աշխատուժի պակասի։

«Ամբողջ «Ֆայլաբազարի» կոնտինգենտը էս մեխանիզմի դեպքում հաստատ գնալու է, որովհետև դու նրան տալիս ես լրացուցիչ երաշխիքներ, որը ինքը չուներ նախորդ դեպքերում»,- ասաց Մանուկյանը։

ԲՀԿ պատգամավոր Լևոն Խաչատրյանը կառավարության առաջարկը համարում է վերադարձ ճորտատիրական հասարակարգ.- «Պարզապես հարկ է դրվում քաղաքացի լինելու համար։ Ոչ միայն այն հարկը, որը պետք է վճարվի Հայաստանում՝ 13 տոկոս, Ռուսաստանը իր հարկերը պարտադրելու է վճարել, եթե աշխատում ես այնտեղ, գումարած՝ վճարելու ես հարկեր, որ քեզ թուղթ տան»։

Խաչատրյանը գիտի՝ որտեղ կարող է կառավարությունն այս օրենքն օգտագործել։

«Ինֆորմացիան Ռուսաստանից կվերցնեն, և այս մարդիկ հայրենիքում հարկը մուծելու պարտականությունը չեն կատարի, կկանգնեն տույժ ու տուգանքի, դատարանի առաջ։ Հավանաբար դա կօգտագործվի 2017 թվականի ընտրություններին, որպեսզի տույժ ու տուգանքներից ազատեն»,- ասաց նա։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսեց շահութահարկի փոփոխությունից, այն որակեց կոռուպցիոն․տարեկան 50 միլիարդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը տարեսկզբին կառավարությունն առաջարկվեց նվազեցնել 10 անգամ՝ 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս, ասում էին՝ տեղական արտադրությունը խթանելու համար։ Հիմա կառավարությունն առաջարկում է օրենքից հանել «Հայաստանի Հանրապետությունում արտադրված» բառերը։

«Իրականում եթե դուք հիմա բացում եք պատուհանը նաև ռեէքսպորտի համար, դուք փորձում եք հնարավորություն ստեղծել ինչ-որ իշխանավորների կամ նրանց մերձավորների, կամ ինչ-որ օլիգարխների համար՝ արդեն լրիվ օրինական ձևով օգտվել պետական հարկային արտոնություններից, ինչպես նաև օգտագործել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես օֆշորային տանիք իրենց հարստացման նման»,- ասաց Զուրաբյանը։

Փոխնախարարն ասաց.- «Էդ բառերը հանելը նշանակում է, որ մենք հնարավորություն ենք ստեղծում, որ ոչ միայն Հայաստանում արտադրված ապրանքը կարող է արտահանվել, այլ Հայաստանը նաև կարող է ծառայել որպես տարանցիկ երկիր»։

Կառավարության ներկայացուցիչը չթաքցրեց՝ եվրոպական ապրանքները կարող են մտնել Հայաստան և հեշտությամբ տեղափոխվել, օրինակ, Ռուսաստան։Այս դեպքում արևմտյան պատժամիջոցները չեն գործի։

«Երբ եվրոպական ապրանքները մտնում են Հայաստանի Հանրապետություն, մաքսազերծվում են այստեղ, արդեն համարվում են Եվրասիական տնտեսական միության ապրանք։ Հետագա տեղաշարժը արդեն ազատ է՝ առանց մաքսատուրքերի»,- ասաց Միրումյանը։

XS
SM
MD
LG