Մատչելիության հղումներ

Հայաստանում ուզում են հարկել արտերկրում աշխատող քաղաքացիներին


Արտերկրում շինարարական ոլորտում աշխատող Հայաստանի քաղաքացիներին հարկելու՝ կառավարության նախաձեռնությունը պատգամավորները այսօր սվիններով ընդունեցին։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վրդովված շտապեց ամբիոնի մոտ և բողոքեց, թե ինչպե՞ս կարող է նման նախագիծ ընդհանրապես հայտնվել խորհրդարանում, հայտարարեց, որ այն հակասում է տնտեսագիտության կանոններին։

«Եթե ուրիշ բան գիտեք, եկեք սովորեցրեք մեզ, մենք էլ գնանք երեխեքին սովորեցնենք»,- ասաց նա։

Նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պատասխանեց՝ կառավարության նպատակն է, որ դրսում աշխատող և այլ երկրների հարկ մուծող հայաստանցիները այդ գումարները փոխանցեն Հայաստանի բյուջե.- «Գոնե այդ օգուտներից օգտվի նաև Հայաստանի Հանրապետությունը»։

Միրումյանի պատասխաններից Բագրատյանը հիասթափվեց, ասաց, որ ժամանակին գովել է նրան, բայց հիմա իր խոսքերը ետ է վերցնում։ «Ուզո՞ւմ եք օգուտ ունենալ, այնպես արեք, որ մարդիկ չարտագաղթեն, Հայաստանում աշխատեն»,- ասաց նա։ Նրա կոչին միացավ նաև ԲՀԿ-ական Վահան Բաբայանը, ֆինանսների փոխնախարարն էլ հորդորեց այդքան վատ չնայել նախագծին։

«Մեր խնդիրը ո՞րն է՝ Հայաստանում մարդկանց պահելը՞, թե արտոնյալ պայմաններով և օգուտով Հայաստանից դուրս մարդկանց ճանապարհելը»,- ասաց Բաբայանը։

«Մեր քաղաքացիների մի որոշ մաս արտերկրում է աշխատում, ես կարծում եմ, որ որևէ վատ բան չկա, եթե մենք նախատեսում ենք այս մեխանիզմը»,- ասաց փոխնախարարը։

Միրումյանի պատասխանները պատգամավորների մոտ բողոքի նոր ալիք բարձրացրեցին, հակահարձակման անցան դահլիճի տնտեսագետները՝ Միքայել Մելքումյանն ու Հրանտ Բագրատյանը։

«Մի բան որ դնում ես պրեսի տակ, չի աշխատում, հակադարձ ռեակցա է առաջանում։ Եկեք հանգիստ թողնենք մեր խոպանչիներին»,- ասաց Մելքումյանը։

«Պետությունը կառավարում են, ժողովրդին ասում են՝ սիրելի ժողովուրդ, աշխատի, որ ապրես։ Ոչ թե եկեք ֆռռացնեք էս մի բանը։ Էսպիսի օրենք չի կարող լինել ընդհանրապես։ Որևէ տրամաբանական բացատրություն ես չտեսա»,- նկատեց Բագրատյանը։

Պատգամավորները մեղադրեցին, որ արտագաղթի դեմ պայքարելու փոխարեն կառավարությունը ցանկանում է խոպանչիներից գումար վերցնել։ Ընդմիջմանը «Ազատության» հարցին, թե արդյոք հնարավոր չէր ծրագրեր մշակել արտագաղթի դեմ, ֆինանսների փոխնախարարը արձագանքեց.- «Ենթադրենք, ընդունենք, որևէ բան չենք կատարում, այսօր, այնուամենայնիվ, ունենք իրավիճակ, երբ մեր քաղաքացիները դրսում աշխատում են։ Մենք ասում ենք՝ գնում եք դրսում աշխատում եք, եկեք գրանցվեք, նոր գնացեք աշխատեք, փոխանակ դրսում այս հարկը տաք, այստեղ տվեք»։

Ընդմիջումն ավարտվեց, քննադատությունը շարունակվեց։ Ֆինանսների փոխնախարարը պատգամավորներին գրեթե նույն պատասխաններն էր տալիս՝ ամեն ինչ հաշվարկված է, անգամ դրսում աշխատողների համար տոկոսադրույքներն են իջեցրել, եթե Հայաստանում պետք է վճարեն 24 տոկոս, ապա արտերկրում աշխատելու դեպքում Հայաստանի պետբյուջե 13 տոկոս հարկ կմուծեն։ Այս նախադասությունը պատգամավորները միանգամից ֆիքսեցին՝ հակասահմանադրական է օրենքը, ինչպե՞ս կարելի է տարբերակել հարկատուներին ։

«Մնում է, որ սրանից հետո բոլոր հնարավորություն ման գան՝ ինչպես անեն, որ աշխատեն Ռուսաստանում։ Այսինքն դուք ստեղծում եք մի օրիգինալ պետություն։ Այս պետության քաղաքացիները հետայսու ՀՆԱ պիտի արտադրեն հանրապետության տարածքից դուրս։ Երբևիցե մի տեղ հավաքվե՞լ եք, նստե՞լ եք, ձեր նախագահի հետ խոսե՞լ եք՝ էս ինչ եք անում»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Նախկին վարչապետը զայրույթը չէր կարողանում զսպել, հանկարծ մտաբերեց Հայաստանում կառուցվող եկեղեցիները. ասաց՝ դրանց փոխարեն գրադարաններ բացեք, որ մարդիկ գնանք տնտեսագիտություն կարդան և նման օրենքներ չգրեն։

Բագրատյանի դեմ Հանրապետականից խոսեց տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, փորձեց պարզ բացատրել, թե ցանկանում են այնպես անել, որ դրսից գումարը գա Հայաստան.- «Հերիք ա մեզ խորհուրդ տաք»,- ասաց նա։

Բովանդակային քննարկումից զատ պատգամավորները նաև դժգոհում էին կառավարության գործելաոճից. վիճահարույց նախագիծը ԱԺ էր բերվել երեկ երեկոյան միայն։ ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը պնդեցին, որ սա միտումնավոր է արվում, որ չհասցնեն ուսումնասիրել այն։

Ամփոփիչ ելույթներում ՕԵԿ ու ՀԱԿ խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու, ԲՀԿ-ն՝ ձեռնպահ, իսկ Դաշնակցությունից էլ ասացին, որ դեմ չեն քվեարկելու։

XS
SM
MD
LG