Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկել է Եվրանեսթի լիագումար նիստը


Նստաշրջանին կմասնակցեն Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրները, բացի Ադրբեջանից:

Այսօր Երևանում կմեկնարկի Եվրամիության Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը։ Նստաշրջանի քառօրյա աշխատանքներին կմասնակցեն Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրների պատվիրակությունները, բացի Ադրբեջանից։ Ավելի վաղ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ Երևանում նստաշրջանն անցկացնելու որոշումը վեհաժողովը կայացրել է՝ հաշվի չառնելով իրենց բողոքը, և այդ պատճառով իրենց պատվիրակությունը Երևան չի մեկնի։

Հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, ով նաև Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահն է, «Ազատության»-ն ասաց, որ քննարկվելու են Արևելյան գործընկերության և Եվրամիության անդամ երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես տնտեսության, էներգետիկ անվտանգության, հաղորդակցության և մշակութային ոլորտներում։

«Դա քաղաքական այն միջավայրն է, որտեղ տեղի է ունենում քաղաքական երկխոսություն, համեմատություններ, խոսվում են գոյություն ունեցող հիմնախնդիրներից, որտեղ տեղի է ունենում կարծիքների բախում և քննարկումները ցույց են տալիս, թե որ պետությունը Արևելյան գործընկերության որքանով է պատրաստ իր իսկ հայտարարած, ասոցացման կամ երկխոսության օրակարգը առաջ տանել և որքանով դրա համար կա պատրաստվածություն, պատրաստակամություն Եվրամիության կողմում՝ ընդառաջ գնալ», - ասաց Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը:

Հարցին, թե նման քննարկումները արդյո՞ք ինչ-որ շոշափելի արդյունք կտան Եվրամիության հետ ինտեգրման առումով, այն դեպքում, երբ Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է, Արտակ Զաքարյանը պատասխանեց:

«Հայաստանը պատրաստակամ է սկսելու բանակցությունները երկխոսության և հետագա համագործակցության հետ կապված փաստաթուղթ ունենալու, Հայաստանը ամենաբարձր մակարդակով պաշտոնապես միշտ հայտարարել է ԵՄ–ի հետ համագործակցությունը իր արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղում ունենալու մասին», - նշեց Արտակ Զաքարյանը՝ շարունակելով․ -Իսկ ինչ վերաբերում է մեր նոր տնտեսական ինտեգրացիոն խնդիրներին, բնականաբար, դրանք ունեն իրավաքաղաքական, իրավապայմանագրային ամրագրում և մենք պարտավոր ենք հետևել այդ խնդիրներին»:

Մինչդեռ Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը կասկածի տակ է առնում այս կառույցի կարևորությունը։

«Շարքային հերթական միջոցառումը, որի ընթացքում ոչ մի որոշում չի կայացվելու, ոչ մի լուրջ հարց չի քննարկվելու: Ինչ –որփաստաթղթեր են դեկլարատիվ բնույթի էնտեղ ընդունվում, ուրիշ ոչ մի բան: Լավ է, որ հավաքվում են, խոսում են միշտ էլ խոսել ը լավ է, բայց պրակտիկ նշանակություն Եվրամիություն-Հայաստան որևէ գործընթացներում չի խաղում», - ընդգծեց Նավասարդյանը:

Եվրանեսթը հիմնադրվել է 2011 թվականին։ Հիմնական նպատակը նախկին խորհրդային 6 հանրապետությունների՝ Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մերձեցումն է Եվրամիության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG