Մատչելիության հղումներ

Ձեռներեցները կառավարության առաջարկը հարկային բեռի ավելացում են համարում


Ձեռներեցները կառավարության առաջարկը հարկային բեռի ավելացում են համարում
please wait

No media source currently available

0:00 0:03:11 0:00

Տոնավաճառներում աշխատող մարդիկ հոռետես են, ասում են՝ նոր օրենքի պատճառով տաղավարները մեկը մյուսի ետևից կփակվեն

Ապրանքները չփաստաթղթավորելու դեպքում շրջանառության հարկը 3.5-ից 5 տոկոս դարձնելու կառավարության առաջարկը ոչ թե բարեփոխում է, այլ հստակ հարկային բեռի ավելացում, պնդում են ձեռներեցները։

Երևանի տոնավաճառներից մեկում առևտրով զբաղվողները ցույց են տալիս առանց այն էլ գնորդ չունեցող վաճառակետերն ու դիմում հարկը բարձրացնող պաշտոնյաներին.- «Ամբողջ գիծը դատարկ է, տաղավարները կամ վաճառվում են, կամ տրվում են վարձով։ Իրանք ժողովրդի հետ չեն շփվում, իրանք սենց լացած տեղերից չեն օգտվում։ Էդ մեխանիզմը մենակ ի օգուտ իրանց ա աշխատում, դա ժողովրդի համար չէ»։

«Թող գան մի հատ տաղավար տանք իրենց, աշխատեն, տեսնենք, ոնց են հարկ վճարում»,- զայրանում էր վաճառականներից մեկը։

Կառավարության ընձեռած 1 տոկոս հարկի հնարավորությունից նույնիսկ չեն խոսում։ Ասում են՝այդ դեպքում պարտավոր են փաստաթղթեր ներկայացնել, ինչն անհնար ենհամարում։

Վերջին փոփոխությունների դեմ պայքարող Անդրանիկ Հունանյանը համոզված է, որ եթե վաղը Ազգային ժողովը կառավարության առաջարկներին հավանություն տա, ստվերը չի պակասի, փոխարենը կավելանան կոռուպցիոն ռիսկերը։

«Գոնե ժամանակավոր էդ ցածր տոկոսադրույքները լինեն, 5 տոկոսը տանելու է դեպի կոռուպցիա, այսինքն մարդիկ չեն խփելու չեկերը»,- կարծում է Հունանյանը։

Փոքր և միջին ձեռներեցների շահերի պաշտպան Հակոբ Ավագյանը նշում է փաստաթուղթ ձեռքբերելու դժվարությունների պատճառները՝ մաքսակետերում չհայտարարագրված ապրանքներ, կոռուպցիոն գործարքներ Հակոբ Ավագյանի կարծիքով այս շղթայում տուժում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչը, ով խոշոր ներկրողի վրա ազդելու մեխանիզմներ չունի։

«Մարդիկ բողոքում էին, ասում էին՝ մենք չունենք փաստաթուղթ, հիմա ով չունի փաստաթուղթ, իրեն պատժո՞ւմ ենք 5 տոկոսով»,- ասաց Ավագյանը։

Այս կարծիքին հակադարձում է այս նախագծի ջատագով, հանրապետական Վարդան Այվազյանը.- «Մենք իրեն չենք պատժում, ասում ենք, սիրելիս, գնա պայքարի, որ ունենաս փաստաթուղթ, որպեսզի դու աշխատես 1 տոկոսի տակ»։

Վարդան Այվազյանին էլ են հայտնի փաստաթուղթ հայթայթելու դժվարությունները։ Թվարկում է դրանք և համոզված ասում, թե մանր ու միջին ձեռներեցների պահանջի դեպքում այդ պատճառները կվերանան։

«20 հոգի սկսեն փաստաթուղթ պահանջել, հետո եթե 1000-ը սկսի պահանջել, էդ մարդը կսկսի փաստաթուղթ տալ»,- ասում է պատգամավորը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ համոզված է՝ կառավարության փոփոխությունները բխում են ձեռներեցների շահերից և դրանց արդյունքում բացառվում է, որ որևէ բիզնես տուժի։

«Բացառված է, որ բիզնեսներ փակվեն»,- պնդում է Այվազյանը։

Մինչդեռ տոնավաճառում աշխատեղ ձեռներեցն ասում է.- «Մյուս ամսի 1-ին կգաս, էս մյուս տաղավարներն էլ փակ կլինեն։ Օր օրի փակվելու է»։

XS
SM
MD
LG