Մատչելիության հղումներ

Աննա Դուրիցկայան հերքել է Նեմցովի սպանության անձնական վարկածը


Նեմցովի մերձավորները կարծում են, սպանությունը քաղաքական դրդապատճառներ ուներ։

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով վկա, Ուկրաինայի քաղաքացի Աննա Դուրիցկայան «Դոժդ»-ին տված հարցազրույցում բացասական պատասխան է տվել հարցին, թեՆեմցովի սպանությունը կարո՞ղ էր կապված լինել անձնական հարաբերությունների, խանդի հետ:

Ռուսական լրատվամիջոցներից շատերը սպանությունից անմիջապես հետո ուշադրության սլաքն ուղղել էին սպանության պահին Նեմցովի հետ զբոսնող Ուկրաինայի քաղաքացուն՝ անդրադառնալով նրանց անձնական կապին:

Աննա Դուրիցկայան, որն արդեն երրորդ օրն է՝ իրավապահների հսկողությամբ Մոսկվայի բնակարաններից մեկում է, «Դոժդ»-ին ասել է, թե իրեն հայտնի չէ՝ իրավապահները հատուկ հսկողությամբ ի՞նչ պատճառով են իրեն պահում այդ բնակարանում:

Սպանության մանրամասների վերաբերյալ հարցին ի պատասխան Աննա Դուրիցկայան ասել է, որ այն տեղի է ունեցել իր թիկունքում:

Վկայի խոսքով, իրեն հարցաքննել են առանց փաստաբանի, հարցաքննությունից մի քանի ժամ անց է պահանջել, որ քննչական բաժին ժամանեն նաև փաստաբանն ու հյուպատոսը:

Կրեմլի հասցեին քննադատությամբ հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վարկածներից, ըստ քննչական գլխավոր վարչության՝ РБК-ի աղբյուրի, նախաքննական մարմինը ստուգում է, մասնավորապես, ազգայնական դրդապատճառի տարբերակը:

Բորիս Նեմցովի սպանությունն այսօր նաև Ժնևում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգել Լավրովի հանդիպման գլխավոր հարցերից մեկն է եղել, քննարկվել է նաև Ուկրաինայում ռուսական զորքերի ներգրավվածության հարցը: Բորիս Նեմցովի մերձավոր շրջապատը պնդում է, որ նա մահվանից առաջ հավաքում էր փաստեր՝ ռուսական զորքերի ներգրավվածության ծավալների վերաբերյալ զեկույց պատրաստելու համար:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հաղորդում է, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել զերծ մնալ Նեմցովի սպանության՝ քաղաքական, մերկապարանոց և սադրիչ մեկնաբանություններից:

Մինչդեռ Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչները կասկած անգամ չեն հայտնում, որ սպանության դրդապատճառները քաղաքական են` պնդելով, որ այդ սպանությունն ունի պատվիրված լինելու բոլոր նշանները: Հիմնական հարցադրումն արդեն երրորդ օրն անփոփոխ է՝ ո՞ւմ է ձեռնտու Բորիս Նեմցովի սպանությունը:

Ընդդիմադիրներից Իլյա Յաշինը կասկած չի հայտնում, որ հանցագործը պրոֆեսիոնալ մարդասպան է: Նա 4 կրակոց է հասցրել Նեմցովին ավտոմեքենայի միջից. մեկը՝ գլխին, մյուսը՝ սրտին, երրորդը՝ երիկամին, չորրորդը՝ որովային: Սպանության հստակ կազմակերպված լինելու պնդումներով հանդես եկողները նաև վկայակոչում են սպանության պահին անձրևոտ Մոսկվայում՝ ձյան բացակայության պայմաններում, ձյուն մաքրող մեքենայի ճշգրիտ հայտնությունն այն հատվածում, որտեղ, ըստ ռուսական մամուլում առկա պնդումների, կա տեսախցիկ և այդ մեքենան է փակել տեսախցիկի դիտակետը:

Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը գրել էր, որ տեսախցիկների մի մասը վերանորոգման պատճառով չեն աշխատել։ Մինչդեռ, РИА Новости-ին, հղում անելով Մոսկվայի քաղաքապետարանին, հրապարակել է տեղեկություն, ըստ որի՝ այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, աշխատել են բոլոր տեսախցիկները, բոլոր նյութերը հասանելի են քննությանը, այդ ժամանակահատվածում սարքավորումների հետ կապված ոչ մի աշխատանք տեղի չի ունեցել:

Բորիս Նեմցովի համախոհները սպանությանը գնահատական տալիս՝ վկայակոչում են Վլադիմիր Պուտինին:

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը Նեմցովի սպանության հրամանի առնչությամբ իր կասկածները հայտնելով՝ ասել է.- «Մենք դա հավանաբար երբեք չենք իմանա: Բայց երկրում քարոզչությունը ձևավորել է այնպիսի մթնոլորտ, որ Պուտինի հետ չհամաձայնողներն ընկալվում են որպես պետական դավաճաններ, հինգերորդ շարասյուն, պետության թշնամի: Եվ Նեմցովը Պուտինի խիստ քննադատներից մեկն էր»:

Ըստ Գարի Կասպարովի՝ «ողբերգական ճակատագրի հեգնանքն է, որ սպանում են մարդուն, որն ուզում էր իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անել Ռուսաստանում արյունահեղությունից խուսափելու համար»։

Հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզների խոսքով՝ պատահական չէ սպանության վայրը: Պոզներն ասել է, որ չի ցանկանում շահարկել այդ սպանությունը, «չնայած դրանով զբաղված են բառացիորեն բոլորը՝ թե Պուտինի կողմնակիցները, թե ընդդիմախոսները»:

Նեմցովի մերձավոր շրջապատից նախկին պատգամավոր Իրինա Խակամադան հայտարարել է.- «Նեմցովը ընդգծված, արմատական սիմվոլ էր, և սիմվոլին սպանելը ձեռնտու էր շատերին, որքան էլ տարօրինակ է»։

Բորիս Նեմցովի սպանության մասին բանտում է լսել նրա մյուս գաղափարակից ընկերը՝ Ալեքսեյ Նավալնին: Մոսկվայի դատարանն այսօր մերժել է վաղը նախատեսված Բորիս Նեմցովի հուղարկավորությանը մասնակցելու՝ Նավալնիի փաստաբանի միջնորդությունը: Դատարանը պատճառաբանել է, թե Նավալնիի փաստաբանը չի ներկայացրել «ընկերության մասին տեղեկանք»: Փաստաբանը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը:

Նկատի ունենալով ռուսական իշխանությունների վերաբերմունքը ընդդիմադիրների նկատմամբ և առհասարակ նախկինում քաղաքական հակառակորդների սպանությունների գործերի նախադեպերը՝ Նեմցովի մերձավորները կասկածներ ունեն, որ այս սպանության գործով իրավապահները կիրականացնեն օբեկտիվ, անկախ և բազմակողմանի քննություն: Հիմա քննարկվում է նրա արձանը կանգնեցնելու առաջարկը:

XS
SM
MD
LG