Մատչելիության հղումներ

Մոսկվայում տասնյակ հազարավոր մարդիկ հարգանքի տուրք մատուցեցին Նեմցովի հիշատակին


Ռուսաստան - Երթը Մոսկվայում՝ ի հիշատակ Բորիս Նեմցովի, 1-ը մարտի, 2015թ․

Ռուսաստան - Երթը Մոսկվայում՝ ի հիշատակ Բորիս Նեմցովի, 1-ը մարտի, 2015թ․

Մարտի 1-ին Մոսկվայի կենտրոնում կայացած երթը երևի թե ամենամարդաշատն էր 2011-ի դեկտեմբերի ակցիաներից հետո:

Մարտի 1-ին Մոսկվայի կենտրոնում կայացավ ընդդիմության երթը՝ նվիրված Բորիս Նեմցովի հիշատակին: Երթը երևի թե ամենամարդաշատն էր 2011-ի դեկտեմբերի բողոքի մարդաշատ ակցիաներից հետո՝ տասնյակ հազարավոր մարդիկ էին մասնակցում դրան:

Կիրակի օրը նախատեսված էր ընդդիմության «Գարուն» երթը Մոսկվայի արվարձաններից մեկում՝ Մարինո շրջանում, սակայն Նեմցովի սպանությունից հետո ընդդիմադիրները որոշեցին անցկացնել սգո երթ Մոսկվայի կենտրոնում՝ հենց Կրեմլի մոտ:

Հակապուտինյան լոզունգների հետ միասին մարդիկ պաստառներ էին բերել՝ «Մենք բոլորս Նեմցով ենք», «Չենք մոռանա», «Հերոսները չեն մահանում»:

Եկել էին ընդդիմության աջակիցները, պարզապես շարքային մոսկվացիներ:

Ոստիկանության տվյալներով՝ երթին մասնակցել է 21 հազար մարդ, կազմակերպիչները պնդում են, որ երթի մասնակիցների թիվը 70-100 հազարի սահմաններում էր:

Մոսկվայի կենտրոնում շատ էին նաև ոստիկանները, նրանք ամբողջությամբ փակել էին Կրեմլի պարիսպը, որպեսզի երթի մասնակիցները չկարողանան մոտենալ Կրեմլին:

Սգո երթեր երեկ անցել են նաև Ռուսաստանի մյուս քաղաքներում, Սանկտ Պետերբուրգում ակցիային մասնակցել է շուրջ 10 հազար մարդ:

«Փոփոխությունները Ռուսաստանում անխուսափելի են, ես համոզված եմ՝ մի քանի ամսվա ընթացքում քաղաքացիները կտեսնեն այդ փոփոխությունները», - Մոսկվայում երթի ժամանակ ասաց ռուսաստանյան ընդդիմության առաջնորդներից մեկը՝ «Պառնաս» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը:

«Կարծում եմ՝ ռուսական ընդդիմության, ռուս ժողովրդի ամենակարևոր խնդիրը Նեմցովի գործը շարունակելն է և հասնելը նրան, որ վերջիվերջո Ռուսաստանը դառնա այնպիսի երկիր, որի համար Նեմցովը չէր ամաչի», - երթի ժամանակ ասաց Նեմցովի թիմակից Իլյա Յաշինը:

Ռուսաստանցի ընդդիմադիր, նախագահ Վլադիմիր Պուտինի ամենահայտնի ընդդիմախոս Բորիս Նեմցովին անհայտ անձինք սպանել են փետրվարի 27-ի ուշ երեկոյան Կրեմլին հարող Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի վրա, ուր ամենուրեք տեսախցիկներ են:

XS
SM
MD
LG