Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը «Մարտի 1»-ի բացահայտման գործում «նոր թափ» է ակնկալում


Հայաստան -- Դատաիրավական բարեփոխումների շուրջ խորհրդակցություն նախագահականում, Երեւան, 20-ը ապրիլի, 2011թ.

Հայաստան -- Դատաիրավական բարեփոխումների շուրջ խորհրդակցություն նախագահականում, Երեւան, 20-ը ապրիլի, 2011թ.

Նախագահական պալատում դատաիրավական բարեփոխումների շուրջ այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է 2008 թվականի մարտի մեկի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին:

«Բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են եւ, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ եւ ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում», - նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երեւի ինձնից լավ որեւէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ եւս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է եւ մեր պետության, եւ´ մեր հասարակության, եւ´ նաեւ տարբեր շահարկումներից խուսափելու համար», - հավելել է նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հարցը անձնապես իր համար «շատ կարեւոր» է. - «Ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որեւէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տեւական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել եւ այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»:

Նախագահի մոտ հրավիրված այս խորհրդակցությամբ մեկնարկել է քննարկումների մի շարք, որն ունենալու է հստակ պարբերականություն եւ նպատակ ունի` «անդրադառնալ դատաիրավական համակարգի խնդիրներին, որոշակի լուծումներ գտնել տարիներով ամրապնդված արատավոր երեւույթների դեմ, բացահայտել խնդիրների հիմքում ընկած հանգամանքները, դրանք շտկել, վերացնել եւ որ ամենակարեւորն է` բացառել այդպիսի երեւույթների հետագա կրկնությունները»:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Արամ Թամազյանը, Գեւորգ Կոստանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը:

«Մարտի 1»-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը այն երեք հիմնական պահանջներից մեկն է, որի մասին խոսել էր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 8-ի ընդդիմության հանրահավաքում: Սա նաեւ մի խնդիր է, որը հիշատակվում է Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի, ինչպես նաեւ միջազգային այլ կառույցների եւ Հայաստանի գործընկեր պետությունների պատրաստած զեկույցներում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG