Մատչելիության հղումներ

Հայ-իրանական երկաթուղու ապագան շարունակում է անորոշ մնալ


Նույնիսկ Հայաստանի վարչապետն է կասկած հայտնում, որ հայ-իրանական երկաթուղին երբևիցե կկառուցվի:

Այսօր կառավարության նիստում, երբ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի կառավարությունը լրացուցիչ երկու ամիս ժամկետ է տալիս կոնցեսիոներին՝ երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը ներկայացնելու համար, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց․ - «Բեգլարյան, հույս ունե՞նք մենք էս հարցով ընդհանրապես, կոնկրետ գործնական, հույսով հո չենք ապրելու 100 տարի»:

«Աշխատում ենք, որ իրականացվի», - արձագանքեց Գագիկ Բոգլարյանը:

Կառավարությունը համաձայնեց լրացուցիչ ժամկետ հատկացնել, թեև վարչապետի մտահոգությունները Բեգլարյանը գերադասեց փարատել ընդհանուր բնույթի խոսքերով, թե հույս միշտ էլ կա:

Անցած դեկտեմբերին «Ազատության» հետ զրույցում նախարարը փոքր-ինչ ավելին էր հայտնել․ - «Մի քանի ինվեստորներ կան, որոնք հետաքրքրված են, այս պահին անուններ չեմ ուզում նշել, որովհետև 3 օր առաջ էլ մեզ մոտ կային մարդիկ, որոնք ոչ թե նախաձեռնություն ունեն ներդնելու, այլ նախաձեռնություն են ցույց տալիս, որպեսզի քննարկենք այդ հարցը»:

Այն ժամանակ Բեգլարյանը նաև տեղեկացրեց, որ իր տեղակալի՝ նոյեմբերին Թեհրան կատարած այցելության արդյունքում համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի Հայաստանում երկաթգծի շինարարության մեկնարկից հետո, Իրանը պարտավորվել է 400 միլիոն դոլար հատկացնել մինչև Հայաստանի սահման երկաթուղի կառուցելու համար:

Դեպի Իրան տանող երկաթգիծ կառուցել խոստացել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Դեռ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին ժողովրդին և Ազգային Ժողովին ուղղված Սարգսյանի ուղերձում կարդում ենք․ - «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»:

Անցել է 6.5 տարի, սակայն այս ընթացքում Հայաստանի իշխանությունները ընդամենը կարողացան 2013-ի հունվարին կոնցեսիոն պայմանագրեր կնքել Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության հետ, որն էլ պարտավորվեց իր միջոցներով կառուցել հայ-իրանական երկաթգիծը:

Ի դեպ, այդ նույն ուղերձում Հայաստանի նախագահը նաև խոստացավ․- «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»:

Անցել է մոտ 6.5 տարի, սակայն առ այսօր որևէ պաշտոնական տեղեկություն չկա, թե ե՞րբ է մեկնարկելու նոր ատոմակայանի կառուցումը: Հայտնի է միայն, որ այս փետրվարի 5-ին Մոսկվայում կնքված համաձայնգրով, ռուսական կողմը 300 միլիոն դոլար վարկ ու դրամաշնորհ է հատկացնելու՝ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների համար:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, դեռ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը խոստանում էր կառուցել նոր ատոմակայան ու հայ-իրանական երկաթգիծը, շատերին էր պարզ, որ Հայաստանը չունի տնտեսական այդ ռեսուրսները, և այդ խոստումները լոկ խոսքեր են:

«Եվ պարզ էր, որ այն ժամանակ էլ այդ գումարը չունեինք, հետո էլ եղավ ճգնաժամ: Հիմա էլ չունենք այդ գումարը, և չենք էլ ունենա, բացի այդ տնտեսական արդյունավետության առումով զուտ մենք այսօր ունենք էներգետիկ ռեսուրսների ավելցուկ և ոչ թե կարիք: Այնպես որ այդ ծրագիրը էդպես էլ կմնա օդի մեջ և կարծում եմ Հայաստանի հանրապետությունը երբևէ չի էլ փորձի կառուցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG